Ամանորից հետո, նախորդ դարի դատաքննությունը՝ «Սամվել Բաբայան եւ մյուսներ» շարունակվեց երեկ։ Ստեփանակերտցիների պատկերացմամբ թիվ մեկ Ձմեռ պապ կարող էր հավակնել դատավոր Սուրեն Ալեքսանյանը (տարիքը եւ «փորձը» հաշվի առնելով), արցախցի «սնեգուրոչկա»՝ դե իհարկե, մեղադրող Իգոշկինան։ Պարոն Ալեքսանյանը նիստից առաջ շնորհավորեց ամբաստանյալներին, նրանց պաշտպաններին, դատական նիստի մասնակիցներին եւ սկսեց ունկնդրել վկաներին։ 3 վկաներից, թերեւս, կարեւորվում էր սպառազինությունների գծով հրամանատար Լեոնիդ Բաբայանի ցուցմունքը, որն էլ պնդեց, որ զինամթերքի բացթողումն ու տնօրինումը եղել է օրինական։
Ըստ էության այսօր նշանակված դատաքննությունը կավարտվի, որովհետեւ մնացել է այն վկաների ցուցմունքների հրապարակումը, որոնք չեն կարողացել ներկայանալ հարգելի պատճառներով։ Դատաքննությունը՝ դիտորդների կարծիքով, կավարտվի այս շաբաթ, իսկ դա նշանակում է, որ կսկսվի դատական վիճաբանությունների փուլը։
Ռ. Մ.