«2000 թվականի նոյեմբերի 1-ի տվյալներով ՀՀ կալանավայրերում իր պատիժն է կրում 4000 մարդ, որից 3850-ը տղամարդիկ են, 149-ը՝ կանայք եւ 50 անչափահասներ»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազության պատժի եւ հարկադրանքի այլ միջոցների նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Վաղարշակ Վարդանյանը։
1991 թվականից Հայաստանում մահապատիժ չի իրականացվել։ Վերջին 9 տարիների ընթացքում Հայաստանում մահապատժի է դատապարտվել 33-ը։ Նրանցից երկուսը մահացել են հիվանդությունների պատճառով։ Այսօր մեկուսարաններում գտնվում է 31 մահապարտ, որոնք հիմնականում մեղադրվել են ծանրագույն հանցագործություններ կատարելու համար՝ ուղղորդված դիտավորյալ սպանություններով։ Վերջիններիս վիճակը Վաղարշակ Վարդանյանը գնահատեց բավարար. օրական երեք անգամ՝ տաք սնունդ, ամենօրյա զբոսանքներ, վեց ամիսը մեկ՝ տեսակցություն հարազատների հետ։ Նրանցից ոմանք արդեն ինը տարի է, սպասում են իրենց դատավճռի իրականացմանը։
Հայաստանը, Եվրախորհրդի անդամ դառնալով, պարտավորվում է մի շարք փոփոխությունների հետ մեկտեղ վերացնել նաեւ մահապատիժը։ Այդ դեպքում դատապարտյալներին սպասվում է ցմահ բանտարկություն։
ՀՌԻՓՍԻՄԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ