Լրահոս
Օրվա լրահոսը

Էլ ինչ Նոր տարի՝ առանց բո՜ւդ, առանց հա՜վ ու չարա՜զ

Հունվար 09,2001 00:00
amanor

Չկարծեք, թե դասականներից (կոնկրետ դեպքում՝ Թաթա Սիմոնյանից) այս մեջբերումը, ազգային սրբությունները՝ հանձինս ամանորյա սեղանի բաղկացուցիչ մասերի, որեւէ ձեւով պղծելու նպատակ ունի։ Եվ առավել եւս՝ ցանկություն չունենք «ջիգյարով սիրո» խանդավառ երգչին գովազդելու։ Խոսքն ավելի շուտ ազգային մենթալիտետի որոշ նրբերանգների մասին է։ Մասնավորապես՝ Նոր տարվա սեղանն ավանդական կերակրատեսակներով լցնելու մոլուցքի եւ այդ մոլուցքին ցանկացած գնով հագուրդ տալու մասին է։ Տոլմաներն ու բլինչիկները, չիրն ու չամիչը, տեսակ-տեսակ միրգն ու կոնֆետը, եւ, ամենակարեւորը՝ խոզի առջեւի կամ ետեւի ոտքերից որեւէ սխտորապատ հատված իրենց սեղանին տեսնելու ցանկությունը դրդում է անել անկարելին։

Առավել եւս, եթե հաշվի առնեն, որ շուկայական հարաբերությունների սխալ՝ «բազարային» կտրվածքով ընկալումը ստիպել էր մեր առեւտրականներին անհեթեթ եզրահանգումների հանգել։ Օրինակ՝ փակ շուկայի տարածքում մի պատկառելի պապիկ, չգիտես ինչու, որոշել էր փորձարկել ազգիս կարկառուն եւ անկարկառ ներկայացուցիչների համբերատարության եւ խելամտության աստիճանը. սովորական 4x5x4 չափսի, թենիսի գնդակ հիշեցնող լիմոնը վաճառում էր… 500 դրամով։ Ուժերի ծաղկման շրջանում գտնվող մի երիտասարդ սպառնալից հայացքով մոտեցավ պապիկին. «Այ բիձա, մի շաբաթ առաջ 3 հատը 100 դրամ էր»։ «Բիձեն» ամենեւին չշփոթվելով հակադարձեց. «10 օր առաջ էլ 4 հատն էի 100 դրամով տալիս, հիմա 500 ա, չես ուզում՝ մի առ»։ Այս վերջին «չես ուզում՝ մի առ»-ը նշանաբան դարձրած առեւտրականները դեկտեմբերի 29-ից հունվարի 1-ը 200-300 դրամանոց խնձորը 1000 դրամով էին վաճառում, 550-650 դրամանոց բանանը՝ 1500-ով, 800 դրամանոց սունկը՝ 3000 դրամով, եւ, ի վերջո, խոզի բդի՝ ազդրի կիլոգրամը դարձավ 2500-2800 դրամ։

Ճիշտ նույն տրամաբանությամբ, հունվարի 4-ին եւ 5-ին աննկարագրելի բարձրացավ ձկնեղենի գինը։ Իսկ հազարամյակը դիմավորելուց ընդամենը մեկ շաբաթ հետո լիմոնը կրկին դարձավ 50 դրամ, սունկը՝ 800, խնձորը՝ 200 եւ բանանը՝ 600։ Միայն, ցավոք սրտի, դեկտեմբերի 20-28-ը մինչեւ 10-15 հազար դրամով, դեկտեմբերի 28-31-ը՝ 1000-5000 դրամով եւ վերջապես՝ հունվարի սկզբին արդեն 200-1000 դրամով վաճառվող եղեւնիները հիմա արդեն ոչ մեկին պետք չեն եւ ինչպես ամեն տարի, այս տարի էլ չորանալու եւ դեղնելու են փողոցներում՝ անցորդների ոտքերի տակ։ Մինչեւ վառելափայտ դառնան։

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Հ. Գ. Իսկ փտած կապիտալիզմի երկրներում ամանորի եւ Ծննդյան տոների նախօրյակին ցանկացած ապրանքի գները ոչ թե կտրուկ բարձրանում են, այլ՝ զգալիորեն իջնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031