Օպերայի շենքի պատերին եւ բակում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի արձանի վրա երաժշտասեր երիտասարդները շարունակում են յուրովի պայքարել ռաբիս եւ անճաշակ երաժշտության դեմ։ Յուղաներկով եւ քիմիական այլեւայլ ներկերով քարերի վրա բոլոր ռաբիսներն ուղարկվում են… համապատասխան տեղ։
Մի անգամ, ամռանը, Սպենդիարյանի արձանն արդեն մաքրվել էր, սակայն հայ պատանիների պայքարի ջիղն անկոտրում է։ Մաքրվելո՞ւ են արձանը եւ օպերայի շենքը նման մակագրություններից, թե՞ դա սիզիֆյան աշխատանք համարելով՝ պատկան մարմինները մատը մատին չեն խփի։ Հուշարձանների պահպանության վարչության աշխատակազմի ղեկավար պարոն Բաղդասարյանից ճշտեցինք, որ դեռեւս մեկ տարի առաջ իրենք հուշարձանների մաքրման ծրագիր էին ներկայացրել թաղապետարանին, կառավարությանն ու քաղաքապետարանին։ Թե որքան արժողության ծրագիր են ներկայացրել, պրն Բաղդասարյանը չկարողացավ ճշտել։ Բնական է, որ որեւէ գումար հուշարձանները մաքրելու նպատակով չի գտնվել։
Իսկ եթե խոսենք տեսական հարթության վրա, ապա բավական դժվար է մաքրել քարերի վրայի յուղաներկերը։ Մաքրող նյութերը մշակվում են վարչության կենտրոնական արվեստանոցում՝ հրավիրված մասնագետների օգնությամբ։ Քանի դեռ Սպենդիարյանի արձանը չի մաքրվել, բոլոր ռաբիսները շարունակում են ուղարկվել ուր հարկն է, եւ կեցցե METALIKA-ն։
Լ. Ա.