Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՂԱ՞ՆՔ, ԹԵ՞ ՉՍՈՂԱՆՔ

Հունվար 09,2001 00:00
grel

Ընթերցողի սուբյեկտիվ տպավորությունները «Գրախոսություն» գրելու որեւէ հավակնություն չունեմ: Չեմ կարող բացատրել, թե «ինչ էր ուզում ասել հեղինակն իր գրքով»: Նույնիսկ չգիտեմ՝ բացե՞լ է Վահրամ Մարտիրոսյանի «Սողանք» վեպը «նոր էջ 20-րդ (կամ գուցե 21-րդ) դարի հայ գրականության մեջ», թե՞ չի բացել: Մի բան գիտեմ. գիրքը կարդացի շատ արագ եւ դժգոհում էի, երբ առօրյա գործերն ինձ շեղում էին կարդալուց: Շեղվելուց զգում էի, որ սկսում եմ խոսել հերոսների բառապաշարով եւ ինտոնացիաներով:

Իմիջիայլոց, որեւէ գրքի մասին մի բան գրելուց առաջ (ասենք, ֆելիետոն), անհրաժեշտ է, իմ կարծիքով, այդ գիրքը կարդալ: Ճիշտ է, չեմ բացառում, որ դա բարեխղճության մասին խորհրդային ժամանակներից մնացած նախապաշարմունք է: Բայց ի՞նչ արած, մեր սերունդն իր կյանքի մեծ (եւ, հավանաբար, ոչ վատագույն) մասն անց է կացրել այդ երկրում, որի փլուզման համար, սակայն, անձամբ ես ամենեւին չեմ ափսոսում: Դարաշրջանների կտրուկ փոփոխությունը ամեն մեկիս մեջ առաջացրել է փոքր կամ մեծ երկրաշարժ, ճեղք, մի խոսքով՝ սողանք: Հասարակարգերի արանքում է, որ «գնացքները չեն աշխատում, միայն վագոններից մեկն օգտագործվում է որպես հաղորդման տաղավար»: Կամ, «երբ հեղափոխության հետեւանքով հասարակական պետությունը վերացավ, մերսման եւ քիսայման գծով փոխտնօրենը սեփականացրեց բաղնիքը»: Հեղափոխական շրջանն իր լավ ու վատով անցել է կամ (եթե ավելի զգույշ արտահայտվենք) սկսում է անցնել, որից հետո իմաստավորվում է արվեստով եւ, մասնավորապես, վեպերով:

«Սողանքը» վեպ է՝ հոդված, հրապարակախոսություն կամ վերլուծություն չէ: Այսինքն, հեղինակը, հենվելով ժամանակակից իրողությունների վրա, իր առաջ գեղարվեստական նպատակներ է դրել: Այդ իմաստով Ջորջ Օրուելի «1984»-ը նույնպես վեպ է, քանի որ Մեծ եղբոր վախը, Ճշմարտության նախարարությունը կամ բյուրոկրատական «նորալեզուն» գեղարվեստական աբստրակցիաներ են, որոնք հասկանալի են նաեւ ոչ տոտալիտար երկրներում ապրած մարդկանց համար: Ճիշտ այդպես էլ մենք, այսօրվա հայաստանցիներս, գիտենք, թե ինչու է «Պատմական հայրենիք» կուսակցության ղեկավարը ժամն ազդարարում՝ «Բարեփոխումներ եւ վրեժ» սրճարանում կրակելով: Մենք հասկանում ենք, թե որտեղ է խորովածի պողոտան, Ստատուս քվոյի հրապարակը եւ ինչու են մարդիկ գլխիկոր փախչում Հրեշտակավան (թարգմանեք իսպաներենից), որը գտնվում է Ամնեզիա (հիշողությունը կորցնելու) երկրում:

Վերջապես, մենք՝ ժամանակակից հայերս, դժբախտություն ենք ունեցել տեսնելու, որ վարչապետի սպանությունը հասարակության մեջ չի արթնացրել առանձնապես ուժեղ հույզեր, բայց հնարավորություն է տվել «66-րդ բաժնի» մի երկու ոստիկանի մի երկու կոպեկ փող աշխատել: Բայց ապագա եւ մանավանդ ոչ հայ ընթերցողներին անհրաժեշտություն չի լինելու բացատրել ամբողջ պատմական կոնտեքստը՝ վերը հիշատակված իրողությունները կդառնան մաքուր գեղարվեստական կերպարներ, որոնք կհամապատասխանեն (կամ էլ չեն համապատասխանի) տվյալ ընթերցողի սուբյեկտիվ պատկերացումներին: Ընթերցողներից մեկի՝ ինձ համար գեղեցիկ է նախ եւ առաջ ինքը, սողանքի կերպարը: Եթե գորտին գցես եռման ջրի մեջ, նա նույն պահին դուրս է թռչելու: Բայց եթե դնես գոլ ջրի մեջ ու սկսես այն եռացնել, գորտը կամաց-կամաց կխաշվի: Սողանքն էլ ես պատկերացնում եմ որպես դանդաղ եւ անդառնալի վերափոխման գործընթաց, որը, լավն է թե վատը, օբյեկտիվորեն կա: Կարեւորը մենք՝ սուբյեկտներս, սողալով չապրենք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031