Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարքեցին» խոշոր չափի կաշառք

Հունվար 09,2001 00:00
dat

Վկաները հրաժարվել են ցուցմունքից, բայց մեղադրյալը դատապարտվել է

1996թ. նոյեմբերի 18-ին Նաիրիի ՆԳ բաժնում ՀՀ բնապահպանության եւ ընդերքի նախարարության Կոտայքի տարածքային պետական տեսչությունից ահազանգ ստացվեց այն մասին, որ նույն ամսվա 6-ին, առանց փաստաթղթերի Աշտարակ քաղաքի բնակիչներ Ա. Թորոսյանից ու Ա. Ազատյանից 7 խմ վառելափայտ է առգրավվել եւ հանձնվել անտառտնտեսությանը։ Նաիրիի շրջանի ՆԳ բաժնի պետի կողմից ստացված նյութերով հետաքննության կատարումը հանձնարարվեց հետաքննիչ Սասուն Գրիգորյանին։

Ս. Գրիգորյանը Ա. Թորոսյանին եւ Ա. Ազատյանին հրավիրեց ՆԳ բաժին, պահանջեց բացատրություն տալ, թե փայտը որտեղից են ձեռք բերել, այդ մասին ներկայացնելով փաստաթուղթ եւ այն անձի հասցեն, ումից փայտը գնել են։ Սակայն նրանք խուսափել են ՆԳ բաժին ներկայանալուց։ Ա. Թորոսյանն ու Ա. Ազատյանը, խուսափելով պատասխանատվությունից՝ դիմեցին իրենց բարեկամ, ՆԳ նախկին աշխատակից Զոհրակ Ամիրյանին, որպեսզի վերջինիս միջնորդությամբ գործը «փակվի»։ Երեւի դա էլ պատճառ հանդիսացավ, որ վրեժխնդիր լինեն Ս. Գրիգորյանից։ Նրանք հիշեցին, որ էլ ավելի թափով բարեկամ ունեն նախարարությունում (այդ մասին նշեցին դատաքննության ժամանակ), որը կպատժի Ս. Գրիգորյանին եւ իրենք կազատվեն քրեական պատասխանատվությունից։ Ա. Թորոսյանն ու Ա. Ազատյանը բողոքեցին, որ Ս. Գրիգորյանը իրենց անհանգստացնում է, կոպիտ վերաբերվում, ուղղակի զզվեցրել է եւ ենթադրում են, որ նրա ուզածը գումար է եւ նրանից ազատվելու համար դիմել են ՆԳ նախարարություն, որտեղ էլ բողոքը ձեւակերպել են հայտարարություն եւ անկախ իրենց կամքից խճճվել մի նոր պատմության մեջ։ Նախ նրանց տարան 6-րդ վարչություն, որտեղ եւ ապօրինաբար պահեցին 4-5 օր, սակայն փաստացի գրանցվեց 1 (մեկ) օր՝ 27-28-ը։ Եվ «բարեկամներով» հաշվարկեցին, թե որքան գումար պիտի տրվի, որ ստացվի առանձնապես խոշոր չափի կաշառք։

Որոշեցին Ս. Գրիգորյանի նկատմամբ նենգ դավադրություն՝ 300 դոլար դնել սեղանի վրա, միաժամանակ նշելով, որ 100 էլ շուտ են տվել։ Ա. Թորոսյանը 1996թ. հոկտեմբերի 28-ին գալիս է ՆԳ բաժին՝ Ս. Գրիգորյանի աշխատասենյակ։ Ա. Թորոսյանը սկսում է խնդրել Ս. Գրիգորյանին, թե շատ շուտ, գուցե այսօր երեկոյան ինքը կբերի վառելափայտի գնման փաստաթուղթը եւ այդ ընթացքում նախապես գրանցված եւ համապատասխան փոշիով մշակված իր «այցեքարտը» սահեցնում է սեղանի վրայի թղթերի տակ եւ դուրս գալիս։

Ա. Թորոսյանի գնալուց քիչ անց Ս. Գրիգորյանը ինչ-որ փաստաթղթեր ձեռքին դուրս է գալիս եւ այդ պահին ՆԳ բաժնի միջանցքում նրան են մոտենում ՆԳ նախարարության աշխատակիցները՝ կաշառքի գումարը հայտնաբերելու նպատակով։ Սակայն այն չհայտնաբերելով՝ նրանք ներս են խուժում աշխատասենյակ եւ սեղանի թղթերի տակից դուրս քաշում այն։ Ա. Թորոսյանը եւ Ա. Ազատյանը, զգալով իրենց անմարդկային քայլը եւ հրեշավոր ստի հետեւանքները, զղջացել են դատարանում: Դատարանում դատավորը մի քանի անգամ նախազգուշացրեց վկաներին. եթե պարզվի, որ սուտ ցուցմունք են տալիս, ենթարկվում են պատասխանատվության ՀՀ քրօրի 196 հոդվածով, որով նախատեսվում է ազատազրկում՝ 2-7 տարի ժամանակով։ Այդ ամենից հետո վկաներ Ա. Թորոսյանն ու Ա. Ազատյանը ոչ միայն հրաժարվեցին նախաքննական ցուցմունքներից, այլեւ պատճառաբանեցին, թե ինչու են զրպարտել Ս. Գրիգորյանին։ Նրանք պնդեցին, որ դատարանում տված ցուցմունքներն են ճիշտ եւ այդ ցուցմունքները տալիս են իրենց խղճից ելնելով։

Ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ ոչ միայն նոր ապացույցներ ձեռք չբերվեցին, այլեւ ամբողջովին հերքվեցին ստեղծված բոլոր ապացույցները, եւ դատարանը հիմնվեց նախաքննության ցուցմունքների վրա, որոնցից վկաներ Ա. Թորոսյանը ու Ա. Ազատյանը հրաժարվել էին, Ս. Գրիգորյանը մինչեւ վերջ իրեն մեղավոր չճանաչեց, իսկ 300 ԱՄՆ դոլարը, որպես իրեղեն ապացույց, անհայտացավ գործերի միջից։ Այսքանից հետո դատական կոլեգիան, հենվելով նախաքննության հակասական ցուցմունքների վրա, մեղադրական դատավճիռ արձակեց:

Դատարանը վճռեց Ս. Գրիգորյանին հանցավոր ճանաչել ՀՀ քրօրի 185 հոդ. 3-րդ եւ 182 հոդ. 1-ին մասերով։ Դատապարտեց ութ տարի ժամանակով ազատազրկման, իսկ վկաներ Ա. Թորոսյանի եւ Ա. Ազատյանի նկատմամբ, սուտ ցուցմունք տալու համար, քրգործ հարուցվեց 196 հոդ. 1-ին մասով։ Հետագայում՝ 1997թ. ապրիլի 30-ին, ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» որոշմամբ հարուցված գործը վարույթում կարճվեց։ Սակայն հարց է առաջանում, եթե վկաները սուտ ցուցմունք են տվել, ապա ինչո՞ւ Ս. Գրիգորյանը դատապարտվեց ազատազրկման։ 2000թ. ապրիլի 4-ին Կոտայքի մարզի 1-ին ատյանի դատարանը որոշեց բավարարել Ս. Գրիգորյանի դիմումը եւ վերացնել նրա դատվածությունը նախքան օրենքով սահմանված ժամկետի լրանալը։

ԹԵՐԵԶ ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031