Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՂԸ ՔԻՉ Է, ԲԱՇԽՄԱՆ ՁԵՎԵՐԸ՝ ՇԱՏ

Հունվար 09,2001 00:00
Xnaybank

«Հայխնայբանկը» «գցել» է Կոտայքի մարզի դպրոցներին

Դպրոցների՝ կառավարման եւ ֆինանսավորման նոր կարգի անցնելու ծրագիրը երեք տարի փորձարկվում է։ Բայց այն դեռ իրեն չի արդարացրել, որ հանրապետության 1400 դպրոցներն էլ այդ կարգով գործեն, սակայն. ոչ էլ անարդյունավետ է որակվում։ Կարելի է ենթադրել, որ մեր պետությունը պարզապես չի ուզում մերժել Համաշխարհային բանկի պարտադրած գաղափարը։

ԿԳՆ միջնակարգ կրթության վարչության պետի տեղակալ, փորձնական ծրագրի համակարգող Նորիկ Ղուկասյանը ՀԲ-ի պարտադրանքի մասին տեղյակ չէ՝ թեեւ հաստատում է, որ ՀԲ-ի վարկերի աջակցությամբ է ծրագիրն իրականացվում։ Մեկ այլ, էլի ՀԲ-ի պարտադրած գաղափարից, այնուամենայնիվ, սկսում են հրաժարվել. դպրոցները համայնքային ենթակայության հանձնելու մտադրությունը ոնց որ թե չի իրականանա։ Մինչդեռ փորձնական ծրագիրը սկսվեց հենց դրանից։ Կառավարության 1997թ. հուլիսի որոշմամբ՝ դպրոցը ղեկավարում է ոչ թե տնօրենը, այլ խորհուրդը, որի կազմում անդամներ են առաջադրում դպրոցի ծնողական ու մանկավարժական խորհուրդները եւ կառավարման վերադաս մարմինը։ Կառավարման այս համակարգին անցնելը նախատեսվում է իրականացնել փուլ առ փուլ։ 1998 թ. հանրապետության մարզերի 57 դպրոց անցավ կառավարման նոր կարգի եւ հանձնվեց համայնքային ենթակայության՝ առանց շենքի եւ գույքի օտարման իրավունքի։ Հավանաբար հաշվի են առել ավելի վաղ համայնքների ենթակայության հանձնված մանկապարտեզների տխուր ճակատագիրը։

Ի տարբերություն մանկապարտեզների՝ այդ դպրոցների բախտը բերել է նաեւ նրանով, որ ֆինանսավորվում են ոչ թե համայնքների, այլ պետական բյուջեից։ Այս դեպքում անհասկանալի է մնում դպրոցները համայնքներին հանձնելու տրամաբանությունը։ Մանավանդ որ, չեն իրականացել սպասելիքները, թե համայնքները ֆինանսապես կօգնեն դպրոցներին։ Իսկ գաղափարի ողջ իմաստն այն է, որ համայնքներն ավելի լավ կկարողանան հոգ տանել իրենց դպրոցների մասին եւ ավելի լավ գիտեն նրանց պրոբլեմները, քան մարզպետարանները։ Անտեսվել են համայնքապետերի, մեղմ ասած՝ ցածր մակարդակը եւ պատրաստվածության աստիճանը, նաեւ համայնքային բյուջեների խղճուկ վիճակը, ինչը կործանարար եղավ մանկապարտեզների համար։ Արդեն փորձնական ծրագրի հաջորդ փուլով, երբ 1999 թ. եւս 97 դպրոց անցավ խորհուրդների ղեկավարման, նրանք մնացին մարզպետարանների ենթակայության, ինչպես նաեւ՝ 2000թ. ծրագրին միացած 50 դպրոցները։ Այդ 204 դպրոցները նաեւ մի այլ առանձնահատկություն ունեն՝ ֆինանսավորվում են ոչ թե հոդվածներով (աշխատավարձի, վերանորոգման, կոմունալ ծախսերի եւ այլն), այլ մեկ տողով (աշակերտների թվով)։ Դպրոցի խորհուրդն է որոշում, թե այդ գումարներն ինչպես կծախսվեն։

Պրն Ղուկասյանի գնահատմամբ, հրաշալի եղանակ է։ Գուցե թե այս ձեւը լավն է, սակայն ծիծաղելի չէ՞ դպրոցին տրված գումարները բաշխելու կարգի այս փորձարկումները, եթե այսպես թե այնպես պետբյուջեից հազիվ մի՝ աշխատավարձերի հոդվածով է գումար տրամադրվում։ Պրն Ղուկասյանը եւս ընդունում է, որ «եթե պետությունը իր ֆինանսական պարտավորությունները չի կատարում, ինչ եղանակով ուզում ես այդ ֆինանսավորումն իրականացրու, մեկ է՝ փողը ժամանակին չի հասնում դպրոց»։ Այնուամենայնիվ, պրն Ղուկասյանը գտնում է, որ ծրագիրը լավն է, պարզապես արտաքին անբարենպաստ պայմաններն են «նրա վրա ստվեր գցում»։ Այս մասին նաեւ կառավարությանը ներկայացված վերլուծության մեջ է ասվում. «շատ համայնքների ղեկավարներ հստակ չեն պատկերացրել խորհուրդի դերը եւ դրանցում, որպես վերադասի ներկայացուցիչներ, ընդգրկվել են կրթական գործին անտեղյակ եւ խորհրդի խնդիրների նկատմամբ անտարբեր մարդիկ»։ Այս դպրոցներին պետբյուջեից հատկացվող ֆինանսավորումը կատարվում է դպրոցների բանկային հաշիվների միջոցով։ Դպրոցն ազատ է բանկի ընտրության հարցում, սակայն եղել է նաեւ պարտադրանքի դեպքեր։

Արդյունքում՝ այդ դպրոցները ֆինանսավորումը շատ ավելի ուշ են ստացել, քան մյուսները, թեեւ ֆինանսավորման այդ եղանակը ենթադրում էր ճիշտ հակառակը։ Նման ճակատագրի արժանացել են Կոտայքի մարզի դպրոցները, որոնք հարկադրված են եղել համագործակցել «Հայխնայբանկի» հետ։ Կառավարություն ներկայացրած վերլուծության մեջ փաստվում է. «Փորձնական ծրագրում ընդգրկված դպրոցների բյուջետային միջոցներն ամբողջովին եւ ժամանակին չհատկացնելու հետեւանքով գրեթե բոլոր դպրոցներում ստացված գումարները բավարարել են միայն աշխատավարձերի վճարման եւ սոցիալական ապահովության վճարները մուծելու համար։ Արդյունքում ձեւավորվել է բացասական վերաբերմունք ֆինանսավորման նոր եղանակի նկատմամբ»։ Այնուամենայնիվ, մեր կառավարությունը համառորեն շարունակում է փորձարկել ծրագիրը եւ 2001 թ. հուլիսի 30-ին ակնկալում է առաջարկություններ ստանալ փորձնական ծրագրի հետագա ընթացքի վերաբերյալ։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031