Լրահոս
Օրվա լրահոսը

Կոթեցիները բողոքում են

Հունվար 09,2001 00:00
virahatutyun

2000թ. նոյեմբերի 9-ի համարում տպագրվել էր «Հրայր Հովակիմյանը քայքայեց առողջությունս» վերնագրով հոդվածը, ուր կոթեցի Ղազար Ղազարյանը պատմում էր իր առողջության նկատմամբ ցուցաբերված անտարբերության մասին։ Բոլորս, ցավոք, կարդացինք հոդվածը, տեղեկանալով, թե ինչպես է քայլ առ քայլ ավերվել մեր զինակից ընկերոջ, մեր համագյուղացու առողջությունը, որը նախապես խարխլվել էր հայրենի գյուղի համար մղված մարտերում, երբ Ղազարը զենքը ձեռքին էր եւ ժամանակ չուներ մտածելու ոչ իր սրտի, ոչ էլ առողջության մասին։ Այո, բոլորս ցավով կարդացինք եւ կարծում ու համոզվում էինք, որ բազմաթիվ ընթերցողներ կդատապարտեն ազատամարտիկի նկատմամբ ցուցաբերած խաբեությունը։

Ինչպես երեւում է հոդվածից, խաբեությունն ու կեղծիքը փաստացի են, քանզի եթե Ղազար Ղազարյանին պատվաստված չլիներ տեղական արտադրության կլապան, ապա Ղազարյանը իրեն լավ կզգար եւ բնավ անհրաժեշտություն չէր լինի 2-րդ եւ 3-րդ վիրահատություն կատարելու։ Ղազարը ցանկանում էր ասել, թե «Ես ազնվորեն արի ամեն ինչ, իսկ ինչո՞ւ դուք ազնիվ չգտնվեցիք եւ խաբեցիք ինձ»։ Պարզ ու մարդկային տրամաբանություն է, որ պիտի ընկալվեր ու հասկացվեր բոլորի կողմից, սակայն զարմանք ու զայրույթ է հարուցում ԵՊՀ պրոռեկտոր Ռաֆայել Մաթեւոսյանի «Առավոտի» 2000թ. նոյեմբերի 28-ի համարում լույս տեսած «Մի պղծիր այն աղբյուրի ակը, որից խմել ես» թղթակցությունը։

Ի դեպ, դա միակ պատասխանն էր հոդվածին, որը եւ հաստատում է այն փաստը, որ հազարավոր ընթերցողներ համաձայն են եղել Ղազար Ղազարյանի հոդվածում արտահայտած մտքերին եւ բնավ խնդիր չեն տեսել պաշտպանելու վիրաբույժներ Հրայր Հովակիմյանին եւ Վիլեն Մանուկյանին։ Բայց արի ու տես, գտնվել է մեկը՝ Ռաֆայել Մաթեւոսյանը, որ իր թղթակցությամբ որոշել է երախտապարտ լինել իրեն վիրահատած բժշկին, իբր թե պաշտպանելով նրան։ Եթե իր վիրահատությունից հետո հնարավորություն չուներ շնորհակալություն, երախտագիտություն հայտնելու իր բժշկին, ապա չարժեր դա անել՝ Ղազարին կամ նրա ծննդավայր Կոթին վարկաբեկելով։ Նախ ասենք, որ կարեկցանքի կարիք (ինչպես Ռ. Մաթեւոսյանն է ասում) Ղ. Ղազարյանը բնավ էլ չունի, քանզի այսօր էլ, չնայած իր քայքայված առողջությանը, ավելի արժանապատիվ է, քան ինքը՝ Ռ. Մաթեւոսյանը, որն օգտվելով առիթից, ամենաքստմնելի ձեւով քծնում է եւ հաճոյանում իրեն վիրահատած բժշկին։ Այնուհետեւ Ռ. Մաթեւոսյանը գրում է, թե «Կլինիկան հնարավոր ամեն ինչ արել է, նույնիսկ կրկնակի վիրահատություն՝ փորձելով ապաքինել հիվանդին»։

Պարոն Ռ. Մաթեւոսյանը չի մոռանում հիշատակել նաեւ, որ նման վիրահատությունների համար արտասահմանում հիվանդը վճարում է 30-60 հազար դոլար։ Բարի, թող այդքան էլ պահանջեին Ղազարից, միայն թե արդյունքում բուժեին։ Թե չէ ստացվում է, որ պակաս վերցրել են ու պակաս էլ բուժել։ Այո, Մաթեւոսյանը գրում է ու մենք էլ չենք ժխտում, որ Հ. Հովակիմյանի վիրահատությամբ բուժվել ու կյանքի են կոչվել հազարավոր մարդիկ, բայց դա բնավ չի նշանակում, թե հազարմեկերորդին կարելի էր խաբել։ Ավարտելով ասենք, որ պարոն Ռ. Մաթեւոսյանը չէ, որ պիտի պաշտպանի հանրահայտ բժշկին եւ նաեւ նա ոչ մի բարոյական իրավունք չունի վարկաբեկելու որեւէ կոթեցու կամ ընդհանրապես Կոթի գյուղին։ Կոթիի համայնք Թվով 14 ստորագրություն Բացի Ռաֆայել Մաթեւոսյանից, խմբագրություն էին դիմել բազմաթիվ այլ ընթերցողներ, որոնք իրենց երախտագիտությունն են հայտնել բժիշկ Հրայր Հովակիմյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031