Վերջերս ՀՀ սոցապնախարարությունում հայտնված երկու հոգեկան հիվանդների միաժամանակյա բուռն ելույթներից հետո ընդունարանում խստացվել է քաղաքացիների մուտքը նախարարություն։ Երեկ դրա կարիքն առանձնապես չզգացվեց։ Դաժան ցուրտն էր երեւի պատճառը, որ Նոր տարվա նախօրեին «Առավոտ» դիմող քաղաքացիները երեկ հանգիստ էին թողել «Փարոսի» նախարարությունը (ինչպես իրենք են անվանում)։
Անցյալ տարվա ամռանից ընտանեկան նպաստը 500 դրամով պակաս է տրվում եւ դժգոհ քաղաքացիները այդ 500 դրամը կամ թերթերի խմբագրություններում են պահանջում, կամ սոցապ նախարարի ընդունարանում։ Նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը տվեց հետեւյալ պարզաբանումը. «Անցյալ տարի առաջարկեցինք գումարը նվազեցնել եւ դա արվեց, որովհետեւ նպաստն իր չափով ավելին էր, քան կենսաթոշակը, միջին աշխատավարձը»։ Այս քայլը պրն նախարարը համաձայնեց «քաղաքական» որակել։ Ճշտեցինք, որ գումարները կային ամբողջությամբ, բայց «քանի որ նպաստը պետական աջակցություն կամ, այսպես ասած, «ձրի փող» չի կարող ավելին լինել, քան քաղաքացու ձեռք բերած իրավունքը՝ կենսաթոշակ, միջին աշխատավարձ ստանալու»։ Հիշենք, որ քաղաքացիները ոչ միայն աշխատանքից, այլ սեփականաշնորհված հողերից, անասուններից էին հրաժարվում հանուն նպաստի։
Ըստ պրն Մարտիրոսյանի, նպաստի, աշխատավարձի եւ կենսաթոշակի միջեւ համամասնություն պետք է պահպանվի, որի խախտումը բացասական հետեւանքների է բերում։ Պրն Մարտիրոսյանը հայտնեց, որ վերջին երկու տարիներին ֆինանսավորմամբ եւ մասշտաբայնությամբ ամենամեծ ծրագիրը աղքատության ընտանեկան նպաստներն են։ 1999-ին այս ծրագրի համար նախատեսված էր 21 մլրդ դրամ։ «Մենք գտանք, որ դա բերում է լուրջ բացասական հետեւանքների եւ բնակչության համարյա 1/3-ը դառնում է նպաստառու,- ասաց պարոն Մարտիրոսյանը։- (Գյումրիի բնակչության 50%-ն է նպաստառու)։ Նպաստը պետք է լինի պետության ժամանակավոր աջակցությունը, որ մարդիկ կարողանան դուրս գալ որոշակի սոցիալական ճգնաժամից։ Խոսքը չի վերաբերում աշխատունակությունը կորցրած մարդկանց։ Աշխատունակ մարդիկ, որոնք կարող են աշխատանքով իրենց եկամուտները վաստակել, բնականաբար, պետք է ապահովվեն աշխատանքով։ 2000թ. քննարկվեց այդպիսինների հանրային վճարովի աշխատանքի գաղափարը, այնպիսի աշխատանքի, որը չի պահանջում հատուկ մասնագիտական գիտելիքներ՝ ծառատունկ, աղբահանություն։
Առաջին անգամ 2001-ի բյուջեով միջոցներ են հատկացվել այս ծրագրին՝ 500 մլն դրամ, որը լուրջ գումար է այդ գործը սկսելու համար»։ Այս տարվա բյուջեն 2,5 մլրդ դրամ պակաս է հատկացրել ընտանեկան նպաստի համակարգին։ Դա նշանակում է, որ անցյալ տարվա 190 հազար նպաստառու ընտանիքներից այս տարի պետական խնամակալությունը կշարունակեն զգալ մոտավորապես 170 հազարը (1999-ի 230 հազարի դիմաց)։ Այս թիվը հաշվարկվել է 2000-ի փաստացի վճարումների հիման վրա։ Պրն Մարտիրոսյանի հավաստմամբ, 2001-ի առաջին եռամսյակում սկսվելու են վերագրանցումները՝ նպաստառուների թիվը ոչ մեխանիկորեն կրճատելու համար։ Խմբագրություն այցելող դժգոհները, ըստ պրն Մարտիրոսյանի, բնականաբար նպաստառուների ցուցակում անարդարացիորեն հայտնված քիչ թե շատ ապահովված մարդիկ են, որոնք դուրս են թողնվել այդ ցուցակներից։ Իսկ մյուսները, որոնք շարունակում են նպաստ ստանալ, «իրենց գոհունակությունն այդքան ակտիվ չեն արտահայտում»։ Նպաստառուների պասիվ գոհունակության պատճառներից է հավանաբար նաեւ այն, որ չեն ստացել 2000-ի հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների նպաստը՝ 4 մլրդ դրամ։
Կարդացեք նաև
Ընդհանրապես սոցիալական ապահովության համակարգին պետբյուջեն 73 մլն դրամ պարտք է պրոթեզավորման կենտրոնի կատարողականի դիմաց։ Պրն Մարտիրոսյանը հավաստիացնում է, որ տուն-ինտերնատները 2000-ի համար ամբողջությամբ ֆինանսավորվել են եւ նույնիսկ պատրաստվել ձմեռումին։
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ