Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ուզում էին, որ լավ լիներ

Հունվար 09,2001 00:00
hraparak

Ստացվեց՝ ինչպես միշտ

Երբ Հանրապետության հրապարակում բարձրացրին «Եվրոստան ույուտում» պատրաստած խաչը, հասկացանք, որ հայերիս՝ խաչքարերի կերտման արվեստին տիրապետելու մասին զրույցները չափազանցված են։ Հազարամյակի ավարտին կազմակերպվելիք մեծ տոնակատարության մասին Խոսրով Հարությունյանի եւ Արմեն Մազմանյանի հեռուստատեսային ելույթները թեեւ փոքր, բայց հույսի շող էին թողնում, որ ամեն դեպքում Ամանորի գիշերը տոնական կլինի։

Դեկտեմբերի 31-ից շատ առաջ փակվեց Հանրապետության հրապարակը, սկսվեց անհասկանալի երկաթբետոնե ինչ-ինչ շինությունների կառուցումը։ Քրիստոնեության ընդունման կառավարական հանձնաժողովի շենքի պատուհանների լույսը գիշերները չէր անջատվում։ Մի խոսքով, հնարներ էին մշակվում սպասվելիք մեծ տոնակատարության համար նախատեսված հսկայական գումարները արդար եւ նպատակային բաշխելու ուղղությամբ։ Երբ եկավ դեկտեմբերի 31-ի գիշերը եւ ուրախանալու տրամադրված հայերս միացրինք հեռուստացույցը, առաջին զգացողությունն այն էր, թե պարզապես խառնել ենք ամսաթիվը. այդ օրը ոչ թե դեկտեմբերի 31-ն էր, այլ ապրիլի 24-ը։ Նույն տպավորությունը նաեւ Հանրապետության հրապարակում էր, ուր թանձր մառախուղի եւ եկեղեցական ազնիվ երաժշտության միջից նշմարվում էր խաչը, իսկ մեկ քայլ հեռավորության վրա բացարձակ ոչինչ չէր երեւում։

Այն, որ հրապարակում տոնածառ կար, իմացանք արդեն հաջորդ օրն առավոտյան։ Տոնը չկայացավ, քանի որ ո՛չ եղանակը, ո՛չ էլ հատկապես մարդկանց տրամադրությունն ամենեւին էլ տոնի չէին տրամադրում։ Մի քանի օր անց, ճիշտ է, նախատեսված տոնակատարությունը կայացավ, եւ դրանով ամեն ինչ ավարտվեց, քանի որ երեկ էլ, այսօր էլ Հանրապետության հրապարակը ավելի շուտ շինհրապարակ է հիշեցնում։ Դժվար է ասել, թե քանի սփյուռքահայ եկավ հայրենիք եւ քանի մոմ վառեց, քանի տուրիստի զարմացրին դեկտեմբերի 31-ի գիշերվա տխուր երաժշտությունն ու մոմերը։ Ամեն դեպքում, այն չէր։ Ուզում էինք ուրախանալ, բայց չստացվեց։ Մենք ավելի լավ կարողանում ենք տոնից թաղում սարքել։ Եվ՝ հակառակը։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031