Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ՈՒՆԵՆԱԼ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ»

Հունվար 09,2001 00:00
Arshak Sadoyan

Այդպիսին է ամենասակավախոս պատգամավորներից մեկի ցանկությունը

Տարվա վերջին օրերին փորձում էի պարզել, թե ո՞վ էր ամենաշատախոսը, ամենադատարկախոսը, մի խոսքով, այն ամենա-խոսափողը, որը հասցրեց ամբողջ տարվա ընթացքում հասարակության գլուխը տանել։ Հարցիս պատասխանը փորձում էի գտնել հենց շատախոսության կենտրոնում՝ խորհրդարանում։

Հնչեցին բազմաթիվ անուններ, ոմանք նույնիսկ իրենք իրենց էին առաջարկում։ Ամենաշատը հնչեցին մի քանի անուններ, օրինակ՝ Արշակ Սադոյան, Արտաշես Գեղամյան, Վիկտոր Դալլաքյան, Մանուկ Գասպարյան, Խորեն Թռչունիչ, Վարդան Խաչատրյան, Արմեն Խաչատրյան։ Չշարունակեմ, պարզապես բոլոր պատասխաններից ամենահետաքրքիրը Արշակ Սադոյանի պատասխանը ներկայացնեմ։

Պարոն Սադոյանին խնդրել էի նաեւ ամփոփել անցնող տարին՝ 2000 թվականը։ Արշակ Սադոյանի ասելով, անցնող տարին «քաղաքական տեսակետից աբսուրդի տարի էր, դրսի աչքերով եթե նայենք, զավեշտական դեպքեր եղան։ Նախընտրական բլոկով միասին եկած կուսակցություններից մեկը, ես նկատի ունեմ Հանրապետական կուսակցությունը, հանկարծ որոշեց նոր մեծամասնություն փորձել ձեւավորել, առանց, իհարկե, որեւէ սկզբունք ներկայացնելու, շատ կուսակցություններ, պատգամավորական խմբեր ուղղակի ոգեւորված իշխանության մեջ մաս ունենալու մղումով, նետվեցին այդ նոր մեծամասնություն ձեւավորելու պրոցեսին»։ Պարոն Սադոյանն այս ամենը բնութագրեց որպես աբսուրդի թատրոն։ Իսկ տարվա վերջին ընդունված բյուջեի մասին Արշակ Սադոյանն ասաց. «Բյուջեով փաստորեն ստվերայնությունն օրինականացվել է, դրվել է, այսպես ասած՝ իրատեսական բյուջե, բայց իրականում ստվերի տակ է մտցված նաեւ այն բոլորը, ինչ-որ չեն կարողանում հավաքագրել։ Մի կողմից բյուջետային ուղերձով մի բան է ասվում, իսկ բյուջեն, որպես թվեր, բոլորովին այլ բան է։ Մի խոսքով զավեշտը շարունակվում է։ Այս ելույթները լսելով միայն մի բան եմ հիշում, որ լեզվին ոսկոր չկա»։

Հենց այստեղ էլ պարոն Սադոյանին հարցրի. «Ի դեպ, լեզվին ոսկոր չլինելու մասին՝ խնդրում եմ ասեք, ո՞վ էր ձեր կարծիքով ամենաշատախոս եւ ամենադատարկախոս քաղաքական գործիչը»։ Գիտե՞ք ինչ պատասխան ստացա։ Խնդրեմ. «Թույլ տվեք դա չասեմ, թեպետ հենց դուք հարցը տվեցիք, ես աչքիս դեմն ունեցա մեկին, երկրորդն էլ արդեն ծնվեց։ Բայց, ցավոք սրտի, ես քաղաքական գործիչ եմ, անձերի մասին վարկաբեկող բաներ չեմ ասի։ Վերջին հաշվով, ինչքան էլ ծիծաղելի լինի, բայց համենայնդեպս, դա ուղղակի արտահայտություն է, ես իրավունք չունեմ ասել։ Կոլեգաներ ենք»։ Արդյո՞ք պարոն Սադոյանը նկատի ուներ Արմեն Խաչատրյանին. «Ոչ, իհարկե, Արմեն Խաչատրյանը լավ կարողանում է, այսպես ասած, վարել սեղան-նիստեր, բայց ես նրան նկատի չունեի, որովհետեւ նա գոնե կարողանում է հաշվի առնել եւ, եթե հումոր է անում, ապա շեշտում է դա։ Բայց մարդիկ կան, որ նույնիսկ չեն էլ զգում, որ իրենց ասածը ծիծաղելի է»։

Քանի որ հին տոմարով Նոր տարին դեռ առջեւում է, վերջում ներկայացնեմ Արշակ Սադոյանի մաղթանքը. «Կմաղթեի, որ սկզբունքներ ունենան։ Ցավալի է, որ դա չի կարելի որպես Նոր տարվա մաղթանք ներկայացնել, բայց սկզբունքներ ունենալը անհրաժեշտ է քաղաքական գործչի համար։ Ես ցավում եմ, որ մտայնություն է դարձել, թե քաղաքական գործիչները, առանձնապես՝ պատգամավորները, անսկզբունք են, իսկ քաղաքականությունը անբարոյական ոլորտ է։ Շատ ցավում եմ, որ դա տիրապետող մտայնություն է դառել։ Իրականում իշխանության գոնե վերին օղակներում պետք է լինեն մարդիկ, որոնք հասարակության աչքի առաջ լինեն եւ որոնց բարոյական չափանիշները պետք է լինեն գնահատելի։ Իսկ մեր ժողովրդի կողմից չընդունվեն այն մարդիկ, որոնց քաղաքականությունը, իշխանությունը դարձրել են նոր շուկայական ոլորտ, բիզնեսի ոլորտ։ Քաղաքականությունը՝ լինի խորհրդարանում, կառավարությունում, նախագահի ապարատում, դարձել է սկզբունք՝ ի՞նչ կարելի է պոկել»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031