Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԵԿ ՀՐԹԻՌ ՄԱՐՔՍԻՍՏԻ ՀԱՄԱՐ

Հունվար 09,2001 00:00
Davit Hakobyan

Նրան կանգնեցնել էլ չի լինի

Լրագրական գործունեության ընթացքում կամա թե ակամա միշտ էլ նպաստել ենք քաղաքական գործիչների ձեւավորմանը, նրանց վարկանիշին։ Սակայն մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը միակն էր, որ նման երախտագիտությամբ արձագանքեց մեր ջանքերին։ Բացի այն, որ նա անձամբ շնորհավորեց մեր ամանորը, խոսքը սկսելով «Մասյաց գագաթներից բխած ջերմագին ողջույններով», Դավիթ Հակոբյանը մեր նախորդ՝ դեկտեմբերի 28-ի համարում իր հարցազրույցի հրապարակման հաջորդ օրն իսկ նաեւ գրավոր դիմեց «Առավոտի» խմբագրությանը։ Նրա նամակը չենք կարող մեջբերել ամբողջությամբ, քանզի նախ դա կարող է դիտվել որպես սաստիկ ինքնագովազդ եւ հետո, կարող է շփոթություն մտցնել այն անձանց կուռ շարքերում, որոնք որպես ինքնամխիթարանք՝ սիրում են մեզ անվանել ՀՀՇ-ամետ մամուլ, ենթադրության տեղիք տալով, թե «Առավոտն» այժմ էլ մարքսիստամետ թերթ է։

«Ձեր խոնարհ ծառա Դավիթ Ս. Հակոբյան ստորագրությամբ այդ նամակի մի հատվածը մեջբերում ենք առանց որեւէ փոփոխության. «Լրատվական մատենագրության փոքրիկ Մտիրամայր յազգեն Հայոց Մեծարգո Աննա Իսրայելյան։ Լրատվական դաշտի ասպետ ՄՀայոց ա՛յր քաջ-պատերազմող, ա՛յր կորովի Մեծարգո Արամ Աբրահամյան։ Ջովանյոլին անգամ իր «Սպարտակին» այդպես հերոսացնել չկարողացավ, ինչպես դուք ինձ… 21-րդ դարի նախաշեմին այդ մատենագրական էջը իմ մասին անձիս քաղաքական դափնեպսակն էր մինչ այսօր… Հոգաչափ երախտապարտ եմ ձեզ, քանզի դուք դարձաք այն հզոր հրթիռը, որ ինձ հանեց մեծ քաղաքականության ուղեծիր։ Մինչեւ քաղաքական օլիմպ, ձեր տածած թեւերով, ինձ կանգնեցնել չկա…»։

Հիրավի քաղաքական ներկա Օլիմպոսում թափուր էր թերեւս միայն Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահի տեղը։ Եվ սոսկալի հուզիչ այս նամակից հետո որոշեցինք դարասկիզբը եւս նշանավորել նրա քաղաքական դափնեպսակի ճոխացմամբ։ Մեծ քաղաքականության ուղեծրում նրա համար ազատ ճախրանք ապահովող այս մի հրթիռն էլ նույն հարցազրույցից դուրս մնացած պատմություն է, թե ինչպես էր Դավիթ Հակոբյանը կանխատեսել 1999-ի հոկտեմբերի 27-ը եւ ինչպես է գնահատում այդ գործի քննությունը։

Ըստ իր վկայության, խորհրդարանական ընտրություններից հետո՝ հունիսի 29-ին իր ճեպազրույցում հայտարարել էր. «Տիկնայք եւ պարոնայք, ամեն ազգային խորհրդարան ազգի խելքը եւ ուղեղն է։ Եվ այն, ինչ մենք ստացանք ընտրություններից հետո՝ խելքի եւ ուղեղի փոխարեն, ընդամենը քրեական «գորշոկ» է»։ Եվ շարունակել էր. «Ի՞նչ է մեզ սպասվում հետագայում։ Քաղաքական եֆրեյտորական խունտան ձգտում է իշխանության։ Պալատական երրորդ հեղաշրջումը դեռ առջեւում է»։

Վերջինիս իրականացում համարելով հոկտեմբերի 27-ը՝ Դավիթ Հակոբյանը դարավերջի մեր զրույցում ասաց. «Այդ ընդհարումը պետք է լիներ անպայման։ Գահը դա արյուն է։ Վերջին 3 տարվա մեջ սա արդեն երրորդ պալատական հեղաշրջումն էր խունտիզմի ճանապարհով։ Հիշում եք՝ առաջին պալատական հեղաշրջումը 1996-ի սեպտեմբերի 24-26-ին էր, երկրորդը՝ 1998-ի փետրվարի 4-ին։ Երկուսի հիմնական հեղինակն էլ մեր դավալվեցի չարաճճի տղան էր։ Եվ երրորդ պալատական հեղաշրջումն էլ մենք՝ մարքսիստներս անվանեցինք Թերմիդորի 9-ի հայկական տարբերակ»։ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների բացահայտման վրա ծախսված տարին մարքսիստական կուսակցության նախագահը համարում էր զուր. «Նախաքննությունը ռեալ ուղու վրա չէր՝ ըստ մեզ։ Եվ ամբողջ քաղաքական էությունն այս ազգային ողբերգության կպարզվի, կարծում եմ, երրորդ իշխանության ժամանակ»։ Պարզաբանեց, թե նկատի ունի Հայաստանի երրորդ նախագահի իշխանությունը։ «Երրորդ հանրապետության երրորդ իշխանավորները ավելի ռեալ կգնահատեն այդ պրոցեսը։ Այսօր ժամանակը չէ, կարծում եմ, իրավական առումով ռեալ ուսումնասիրման համար»,- կանխատեսեց Դավիթ Հակոբյանը։

… Այս ամենը լսելուց հետո առաջին միտքը, ցանկությունն ամեն ինչ անմիջապես թողնելը եւ միայն մարքսիստական կուսակցության ու նրա նախագահի գործունեության լուսաբանմամբ զբաղվելն էր։ Սակայն մեր քաղաքական Օլիմպոսում քիչ չեն այնպիսի դեմքերը, որ մեր զրուցակցի հետ (ավելի քան պակաս) նույն հարթությունում են։ Ուստի որոշեցինք նոր դարում, այնուամենայնիվ, նրանց եւս չանտեսել։

Մարքսիզմի նորօրյա դասականի հետ նոր հանդիպման թրթիռով՝

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031