Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 28,2000 00:00

Կառավարական տոնածառը զարդարված է Կառավարության շենքում մի հրաշք տոնածառ է զարդարված։ Ասեմ, որ աչք շոյող տեսարան է։ Ի դեպ, բացառիկ դեպք է վերջին տարիների կառավարությունների համար։ Որքան հիշում եմ, կառավարության շենքում երբեւէ տոնածառ չի դրվել։ Քանի որ այս տարվա վերջին աշխատանքային օրն է, որոշեցի փիս-փիս բաներից չխոսել։ Բայց եւ՝ պահպանել ավանդույթը։ Օրինակ, այն, որ ժամանակ առ ժամանակ ստիպված էի լինում ոչ թե կառավարության նիստը լուսաբանել, այլ այն՝ ինչ երեւում էր կառավարական պատուհանից։ Ասեմ, որ տարեմուտի այս օրերին կառավարության պատուհանից երեւացող տեսարանը իսկական Բայկալ-Ամուրյան մագիստրալի շինարարությունն է հիշեցնում։ Մետաղյա հսկայական շինություններ են տեղադրվում։ Հրապարակի որոշակի հատվածից դատելով, կարելի է կարծել, թե նախագահն արդեն սկսել է 40 հազարանոց իր խոստման իրագործումը։ Թե ի՞նչ են սարքելու, ինչպե՞ս եւ ի՞նչ միջոցներով, կարեւոր չհամարենք։ Կարեւորն այն է, որ մարդիկ են աշխատում, երեւի նաեւ վարձատրվելու են (աշխատողները գոնե հավատում էին, թե մինչեւ դեկտեմբերի 31-ը իրենց մի քիչ փող կտան) եւ Նոր տարին դիմավորելու են վաստակածի հոգնությամբ։ Պատուհանից երեւում են նաեւ շուկայից տուն գնացող մարդիկ։ Նրանց տոպրակները շատ ծանրաբեռնված չես համարի, բայց ինչ-որ բան դրանցում նշմարվում է։ Նախատոնական առեւտրից ամենադժգոհը այս տարի խոզի բուդ վաճառողներն են։ Նրանց ասելով՝ սարսափելի բան է կատարվում։ Եվ գիտե՞ք, որն է այդ սարսափելին՝ այն, որ «խոզի բուդ առնողները», պակասել են։ Հավանաբար արտագաղթը լուրջ հարված է հասցրել խոզի բդի սիրահարներին։ Ափսոս, նախագահ Քոչարյանը 40 հազար աշխատատեղ չխոստացավ մինչեւ Նոր տարի բացել։ Եթե այդպես լիներ, այսօր խոզի բուդ գնողներն ավելի շատ կլինեին։ Հանրապետության հրապարակում շատացել են Ձմեռ պապիները։ Ամեն չափսի կա՝ մեծ, միջին, շատ մեծ եւ անհասկանալի չափսերի։ Բոլոր Ձմեռ պապիները մեկ նվիրական ցանկություն ունեն՝ լուսանկարվել հրապարակով անցնող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հետ։ Ասեմ, որ Ձմեռ պապիների այս «անշահախնդիր» ցանկությունը միշտ չէ, որ բավարարվում է։ Առայժմ Ձյունանուշիկներ չեն նշմարվում։ Ի դեպ, Ձյունանուշիկ չի նշմարվում նաեւ կառավարությունում։ Եթե որպես Ձմեռ պապի կարելի է մի քանի անուն հիշել՝ Անդրանիկ Մարգարյանից սկսած մինչեւ Դավիթ Զադոյան, ապա Ձյունանուշիկի հարցում կառավարության բախտը չի բերել։ Համապատասխան սեռի ոչ մի նախարար չունենք։ Բայց մյուս կողմից, չպարտադրենք ի պաշտոնե։ Ազատ ընտրության հնարավորություն տանք Ձմեռ պապիկին։ Տարեվերջյան հապճեպությամբ ՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել