Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 28,2000 00:00

Առաջին տիկինն ունի՞ իմիջմեյքերի կարիք Դիզայներ-ոճաբան, տնտեսագետ Գագիկ Խանսանամյանին հանդիպեցի։ Ստացվել է այնպես, որ նրան ավելի շատ ճանաչում են արտերկրում, քան մեզ մոտ։ Պարոն Խանսանամյանը աշխատել է «Ագրոբանկում» որպես գլխավոր մասնագետ։ Բանկերի խորհրդատվական կենտրոնից ստացել է KNOW HOW FUND, ENTERPLAN INTERNATIONAL FIN AUDIT, ինչպես նաեւ՝ Ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի նախագահ, ակադեմիկոս Գուֆման Լլոյդի ստորագրությամբ սերտիֆիկատներ։ Շատ շուտով՝ որպես գլխավոր ոճաբան, աշխատանքի է անցնում Վերսաչեի եւ Ֆերեի նորաբաց խանութում՝ «Մարկո Լիոնելլո»։ «Խանութում իմ եւ վաճառողի կարգավիճակը համարյա նույնն էր։ Առաջարկում էի գնորդին այս կամ այն մոդելը, իսկ վաճառողը, առաջ ընկնելով՝ «սաղացնում էր»։ Իմ այն հարցին, թե պետական այրերի կանանց հագցրե՞լ է, նա պատասխանեց. «հագցնել» բառը չեմ ընդունում, մանավանդ այս դեպքում վերջինիս գործածելը ճիշտ չէ։ Ես ավելի շատ, պետպատվերի շրջանակում, հանդիպում էի նրանց սիրուհիներին, ավելի քիչ՝ կանանց»։ Տարիներ առաջ բամբասանքներ էին տարածվում, որ այդ «Մարկո Լիոնելլո» (այժմ՝ «Հովթել») խանութը պատկանում էր տիկին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին եւ վերջինիս կերպարի վրա աշխատել է Գ. Խանսանամյանը։ Այս կապակցությամբ ստացա հետեւյալ պատասխանը. «Ես ստույգ գիտեմ, որ երբեք այդ խանութը տիկնոջը չի պատկանել, իսկ Լ. Տեր-Պետրոսյանի ընդհանուր կերպարը, ասել է թե՝ ոճը, արդեն ստեղծված էր, մինչ իմ հերթական հայտնվելը Երեւանում։ Այո, կոնսուլտացիաներ անցկացրել եմ եւ պետք է ասել, որ նա ունի շատ կարեւոր մի բան՝ լսելու ունակություն։ Գիտեք, յուրաքանչյուրի ոճը ճիշտ որոշելու համար նախ պետք է ծանոթանալ նրա զգեստապահարանին։ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի դեպքում դրա հարկը չկար, որովհետեւ նրա օֆիսը անմիջապես խանութի դիմաց էր եւ ամեն օր ես տեսնում էի նրա հագուստը։ Ի դեպ, «Առավոտի» համարներից մեկում կարդացի, որ հայերս հագնվում ենք «ինկուբատորի ճտերի պես»։ Բացարձակ համակարծիք չեմ։ Վերջերս, դասալսումների առիթով, մեր համալսարանում եղած ժամանակ համոզվեցի, որ մեզ մոտ կա մի խավ, որը հագնվում է այնպես, ինչին ականատես եմ եղել Վիեննայի թագավորական օպերային թատրոնի սրահում։ Իմ կարծիքով՝ այստեղ շատ քիչ կան տոներ եւ մարդիկ մեծ ցանկություն ունեն իրենց ունեցած զգեստը հագնելու, նույնիսկ շուկա են գնում երեկոյան զգեստով, որն, իհարկե, ցավալի է ու անթույլատրելի»։ Որպես ոճաբան, պարոն Խանսանամյանը հրավիրված է եղել երկու անգամ Ավստրիա, մասնակցելու համաշխարհային նորաձեւության շաբաթին եւ «F.F» փառատոնին, բազմիցս՝ մոսկովյան նորաձեւության շաբաթների, շփվել այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են Ջիանֆրանկո Ֆերին, Յուդաշկինը, ազգությամբ հայուհի, Ռուսաստանի վարսահարդարների ակումբի նախագահ, աշխարհի չեմպիոն Դոլորես Կանդրաշովան, Լայմա Վայկուլեն, Բորիս Մոիսեեւը, իսկ հայտնի թոփ-մոդել Էսթեր Կանադասի հետ ունեն մեծ պլան, այն է՝ Հայաստանում հիմնել սկսնակ մոդելավորողների ասոցիացիա։ Այս տարի ամռանը իր երեք մոդելները Իտալիայում մեծ հավանության արժանանալուց հետո նա ստացել է հրավեր՝ այնտեղ ուսանելու եւ կատարելագործվելու։ Իմ այն հարցին, թե մեր հանրապետության առաջին դեմքերի՝ տեր եւ տիկին Քոչարյանների ընդհանուր կերպարը՝ ոճը, ինչպիսին է եւ կցանկանա՞ր արդյոք աշխատել այդ ուղղությամբ, պարոն Խանսանամյանը պատասխանեց. «Եթե նրանք գիտակցեն, որ պատրաստ են դիմելու ոճաբանին, խնդրեմ… Իսկ վերջիններիս ոճի մասին, եկեք չխոսենք…»։ Զրույցից պարզվեց, որ հայ ոճաբանը հիացած է Ռուսաստանի նախագահի կերպարով՝ «Պուտինի ոճի վրա աշխատում է ամբողջ մի լաբորատորիա, թեպետ առաջին հայացքից նրա հագուկապը շատ պարզ է թվում եւ պարզության մեջ կա շատ խոր, կասեի՝ դասական մի բան։ Տեսեք, Ֆրանսիայի պրեզիդենտը, լինելով այդպիսի երկրի առաջին դեմք, ներկայանում է ոչ այնքան «վայել տեսքով»։ Մեր աշխատանքում էլ կան չգրված, բայց հիմնավոր օրենքներ, որ բարձրաձայն չի ասվում… Լավ, շատ բան ասացի երեւի…»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել