Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 28,2000 00:00

«ԱՌԱՎՈՏԸ»՝ ՕՁԻ ՏԱՐՈՒՄ (ԲՆՈՒՄ). Աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում Հաշված օրեր, եւ մենք հրաժեշտ կտանք 2000 թվականին։ Հորոսկոպային հիվանդությամբ տառապողներին այն հայտնի էր որպես Վիշապի տարի։ Տարօրինակ էր միայն, թե ինչո՞ւ վիշապի, երբ տարին սկսվեց եւ փակվեց նոր արմենոիդներով՝ «Տարվա մարդ»-կանց «հայտնագործումով» ու հռչակումով։ 2001 թվականը Օձի տարի է եւ, անշուշտ, հետաքրքիր կլինի իմանալ, թե «Առավոտ» օրաթերթը ի՞նչ փոխհարաբերության մեջ կլինի տարվա հետ, աստղերը երկնային եւ երկրային ի՞նչ կհուշեն եւ եթե հաջողվի նրանց հուշել, ապա ի՞նչ կպարտադրեն։ Ի լուր ամենքի տեղեկացնեմ, որ «Առավոտի» ստեղծագործական կազմը թվով 16 է։ Ըստ արեւելյան (ճապոնական, չինական) հորոսկոպների (չնայած պնդում են, որ «Առավոտն» արեւմտյան կողմնորոշում ունի), 16-ից 3-ը Մկան տարում են ծնվել (Արամ Աբրահամյան, Պետրոս Պետրոսյան, Արեւհատ Գրիգորյան), 4-ը՝ Եզի, որին Գենոֆիա Մարտիրոսյանը փաղաքուշ «Եզո» է ասում (Գենոֆիա, Լիլիթ Ավագյան, Նաիրա Հովհաննիսյան, Մելանյա Բեքարյան), 2-ը՝ Կապիկի տարում (Վոլոդյա Պետրոսյան, Նաիրա Մամիկոնյան)։ Լուսինե Մարգարյանը հանդգնել է իր առաջին ճիչն անել Շան, Սաթիկ Սեյրանյանը՝ Վագրի, Մարգարիտ Եսայանը՝ Վարազի տարում։ Ես չեմ ճչացել. ծնվել եմ Վանա Կատվի (ազգային հորոսկոպ) կամ Ճագարի տարում։ Աննա Իսրայելյանի դեմ խաղ չկա. նա Ձի է, էն էլ՝ հրեղեն։ Աստղագուշակները սարսափած շշնջում են, որ հրեղենները 60 տարին մեկ են կրկնվում։ Տարին Աշոտ Հակոբյանինն է. նա ծնվել է Օձի տարում (ինչից ենթադրելի է, որ նա մոտավորապես 24-36 տարեկան է) եւ հրաշալի հարաբերություններ կարող է ունենալ խմբագրության եւ համայն մարդկության Եզոների հետ։ Ուշագրավ բաժանում է տեղի ունենում ըստ կենդանակերպային նշանների։ 16-ից 2-ը Ջրհոս են (Արամ Աբրահամյան եւ Գենոֆիա Մարտիրոսյան), որոնց համար աստղերը հուշում են, որ նրանք իշխանության են գալու 2001-2003 թվականներին (բա մեր խմբագրականներն ովքե՞ր են գրելու)։ Նրանց սպոնսորը… Սատուրն ու Ուրանն են լինելու այս տարի։ «Խիզախումներ» պարտադրում են նրանց աստղերը։ Ունենք 2 Կարիճ (Աննա Իսրայելյան, Մարգարիտ Եսայան), որոնք, ըստ կենդանակերպի, զբաղեցնում են միեւնույն աշխատասենյակը։ Նրանք կշարունակեն անհատապաշտությունը նախկինի պես, բարձր գնահատելով իրենց անկախությունը։ Եթե հավատանք աստղերին, նրանք առնվազն այս տարի «փայլուն քննիչ կամ դատապաշտպան» պիտի լինեն։ Հետեւաբար՝ փոխեն իրենց մասնագիտությունը։ Վարազ-Եսայանի համար թերեւս ամենադժվար տարին կլինի. «Խոզը մեղք է, եթե, այսպես ասած, ընկնի օձի բռի մեջ։ Օձը կքամի նրան, վստահ լինելով իր անպատժելիության մեջ»։ Ունենք 3 Ձուկ, որոնից 2-ը՝ Սաթիկն ու Լուսինեն նույնպես զբաղեցնում են միեւնույն աշխատասենյակը։ 3-րդ Ձուկը՝ Մելանյան հայտնվել է Խոյ-Լիլիթի եւ Ցուլ-Ռուզանի սենյակում։ Ի դեպ, Խոյ է նաեւ Նաիրա Հովհաննիսյանը։ Հետաքրքիր է. «Շունը եւ Վագրը (վերոնշյալ ձկներից 2-ը) մեծ արկածների կհանդիպեն եւ կողք կողքի կպայքարեն հանուն արդարության»։ Խոյերին անհրաժեշտ է խաղիկներ տալ, անգամ դիվանագիտական։ Խեցգետին են 2-ը՝ Արեւը եւ Նառան՝ Մամիկոնյան։ Օձը կլինի «ամենախորհրդավորը». նրանք հարկ եղած դեպքում կգնան… (մեղա, մեղա) ինքնա«հրկիզման», ինքնազոհության. իզուր չեն ասում, որ նրանք կամ հերոսուհիներ, կամ էլ քմահաճ կանայք կդառնան։ Խեցգետինը կամուսնանա։ Այծեղջյուրները 2-ն են՝ Վոլոդյան եւ Մարիշը։ Նրանք ամենադիմացկունն ու համբերատարն են եւ ընդամենը խորհուրդ է տրվում 2001-ին հաղթահարել եղած հոռետեսությունը։ Կզարմանայինք, եթե թերթի տնօրեն Պետրոս Պետրոսյանը Կշեռք չլիներ։ Այս նշանի համար ասում են. նա շարունակում է «ճակատագրի սիրելին մնալ»։ Աշխատավարձի օրերին «Առավոտի» ամենասիրելին է։ Օձ-երկվորյակը՝ Աշոտը, «երջանիկ կլինի, եթե ծնվի մերձարեւադարձային երկրում, մի տաք օր, քան թե դեկտեմբերյան ցուրտ գիշերը» (ծնվածների համար այս առումով ոչինչ գրած չէր)։ «Նրա կռահողականությունը կարող է փոխվել այս տարի պայծառատեսության»։ Ըստ դրուիդների հորոսկոպի էլ (ծառատեսակների) ունենք 2 հասմիկ (Աննա, Ռուզան), 2 բրգաձեւ սոճի (Վալոդ, Մարինա), 2 փոշնի (Արամ, Գենոֆիա), 2 խնձորենի (Արեւ, Նաիրա Հովհաննիսյան), 2 սոճի (Լուսինե, Սաթիկ)… Բրգաձեւ սոճու դեմ դարձյալ խաղ չպիտի լիներ (մյուս ծառատեսակներին խնդրում ենք չզայրանալ). Վոլոդյայից եւ Մարիշից հետո չէ՞ որ այս նշանի տակ էին ծնվել… Ժաննա դ՛Արկը եւ Նապոլեոն Բոնապարտը։ Իսկ ահա «կանաչ, վիթխարի ընկուզենու» տակ ծնված Մարգարիտ Եսայանից բացի, ծնվել են Ելիզավետա 2-րդը, Եկատերինա 2-րդը եւ, իհարկե, Կոլումբոսը։ Նա այս տարի «Այնպիսի անձ կդառնա, որին չի կարելի չնկատել եւ որին հարկ կլինի հաշվի առնել»։ Օձի տարին արտաքնապես կլինի խաղաղ՝ «Առավոտի» համար։ «Զննեք, հաճոյասիրություն արեք, սիրատածեք…» մե՛զ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել