Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 28,2000 00:00

«ՌԵՆԿՈՆ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԱՆԵԼ Արդյոք դրանք շահավետ կլինե՞ն վելոտրեկի համար Իտալական «Ռենկո» ընկերությունը, որ Հայաստանում հայտնի է իբրեւ «Երեւան» հյուրանոցի սեփականատեր եւ Սունդուկյանի անվան թատրոնին հարող զբոսայգում կառուցած իր «Անգլիական այգիով», դեռ երկու տարի առաջ քաղաքապետարանի համապատասխան թույլտվությամբ սկսել եւ արդեն ավարտին է հասցնում Սունդուկյանի անվան Մայր թատրոնի եւ «Սպարտակ» հեծանվահրապարակի («Վելոտրեկ») հարեւանությամբ բնակելի շենքի կառուցումը։ Վերջերս հայտնի է դարձել, որ նույն «Ռենկոն» կրկին դիմել է քաղաքապետարանին՝ այս անգամ հեծանվահրապարակին հարող շուրջ 1000 քմ տարածքը եւս վարձակալելու եւ այստեղ նոր կառույց սկսելու ակնկալիքով։ Այս լուրը մտահոգել է հեծանվահրապարակի տնտեսական բակը հանդիսացող այս տարածքում աշխատող բանվոր-արհեստավորներին։ Շատերը վախենում են աշխատանքը կորցնելու հեռանկարից, շատերն էլ ափսոսում են մարզակառույցը կորցնել։ Այն նախկին ԽՍՀՄ-ում եւ այսօր էլ եզակիներից մեկն է իր տեսակի մեջ։ «Հայաստան» մարզական միությանը պատկանող տարածքում, որն իտալացիներն ակնկալում են վարձակալել, գտնվում են հեծանվասպորտի գույքի եւ տրանսպորտի պահպանման տնակները, որտեղ նորոգվում են մարզիկների հեծանիվները, սպորտաձեւին սպասարկող մոտո եւ ավտոտրանսպորտը։ «Սրա համար է, որ յուրաքանչյուր հեծանվահրապարակ անպայմանորեն ունի կից տնտեսական բակ, ուր սպասարկում են մարզիկներին։ Այս հեծանվահրապարակում են մարզվում օլիմպիական հերթափոխի, մշակույթի եւ սպորտի նախարարության մարզադպրոցների եւ կենտրոնի մարզիկները»,- շեշտեց Միության հանրապետական խորհրդի նախագահ Ռազմիկ Ստեփանյանը։ Վերջինս հավաստիացրեց, թե Մարզական միությունն ու անձամբ ինքը դեմ չէ ներդրումներին, բայց միաժամանակ դրանք չպետք է խոչընդոտեն սպորտին եւ մասնավորապես այս սպորտաձեւի զարգացմանը։ Պարոն Ստեփանյանի այս արդարացումը, թերեւս, ուղղված է նախագահ Քոչարյանին, որն իր ելույթներից մեկով հրահանգ էր տվել չխոչընդոտել կատարվող որեւէ ներդրումային ծրագրի։ Բայց պարոն Ստեփանյանի մտահոգությունն այն է, որ քաղաքապետարանն ու իշխանություններն անպայման հաշվի առնեն, թե կոնկրետ հեծանվահրապարակն ու այս սպորտաձեւը «Ռենկոյի» նոր ծրագրերից ու ներդրումներից ավելի շատ տուժելո՞ւ, թե՞ շահելու են։ Իսկ Մարզական միությանն առայժմ պաշտոնապես չի էլ ծանուցվել իր տարածքը «Ռենկոյին» տալու ծրագրերի մասին. կթողնեն վերջում՝ երբ բանակցությունները ձեւական փուլ կթեւակոխեն։ «Մենք միայն ինչ-ինչ տեղեկություններ ունենք, որ այդ իտալական ֆիրման ուզում է մեզ պատկանող տարածքում ինչ-որ բան կառուցել եւ դուրս գալ Լուսավորչի փողոց»,- նշեց Ռ. Ստեփանյանը։ Նա շեշտեց, որ ոչ ոք իրենց հետ պաշտոնապես չի բանակցել եւ կարծիք չի հարցրել։ Իհարկե, Մարզական միության նախագահն իր կարծիքն ու դիրքորոշումն արդեն պատրաստ ունի եւ այն կներկայացնի, երբ իշխանությունները հարկ համարեն դիմել միությանը։ «Հայաստան» մարզական միությունն իր տարածքը կհամաձայնի օտարել հետեւյալ պայմաններից մեկի, կամ, որ ավելի լավ է՝ երկուսի բավարարման դեպքում միայն. հեծանվահրապարակի տնտեսական բակը քանդելուց հետո այն նոր տարածքում կառուցել, որոշակի ներդրումներ անել նաեւ հեծանվահրապարակը մասնակիորեն հարդարելու եւ վերանորոգելու համար։ «Ես չեմ բացառում, որ այդ գործարքը մեզ համար կարող է նաեւ ձեռնտու լինել»,- ավելացրեց պարոն Ստեփանյանը։ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ասաց, թե՝ «Ռենկոյի» կառուցած բնակելի շենքի շարունակությունը՝ կառուցապատումով, նախատեսվում է դուրս բերել մինչեւ Գրիգոր Լուսավորչի փողոց։ Այդ տարածքում կառուցվելու է նոր գրասենյակային համալիր։ Ես ինքս բանակցել եմ նրանց հետ եւ առաջարկել եմ, լուծել հեծանվահրապարակի գործունեության համար անհրաժեշտ բոլոր խնդիրները։ Մարզական միությանն առաջարկվել է հեծանվահրապարակին տարածք տրամադրել ճիշտ այն չափով, որքան կվերցնենք։ Կլուծենք այդ տարածքի արհեստանոցներում աշխատողների աշխատանքի խնդիրը՝ լինի փոխհատուցմամբ, թե նոր եւ ժամանակակից «բոքսեր» կառուցելու ճանապարհով»։ Նարեկ Սարգսյանը հույս հայտնեց, որ իտալացիները կընդունեն իրենց արված առաջարկները։ «Միաժամանակ նրանք ստանձնել են բարեկարգել եւ լուսավորել Ֆրանսիական դեսպանատնից մինչեւ Շահումյան հրապարակ տանող ճանապարհահատվածը, կառույցի հարակից բոլոր տարածքները։ Վերականգնել նախկինում Սունդուկյանի այգում գործող, իսկ այսօր աղբանոցի վերածված ջրավազանն ու ամբողջությամբ աղբից մաքրել հիշյալ զբոսայգին։ Ընդհանուր առմամբ խոսք է գնում շուրջ 300 հազար դոլար ներդրման մասին»,- տեղեկացրեց գլխավոր ճարտարապետը։ Ի դեպ, ըստ Ռազմիկ Ստեփանյանի, մարզակառույցի կապիտալ վերանորոգման, հարդարման համար անհրաժեշտ կլինի շուրջ 100 հազար դոլար։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել