Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ

Դեկտեմբեր 28,2000 00:00
nairi hunanyan

Բնական է, որ ՀԺԿ ներկայացուցիչները պիտի արձագանքեին Նաիրի Հունանյանի փորձերին, որը Կարեն Դեմիրճյանին ֆիզիկապես ոչնչացնելուց հետո՝ այժմ էլ նրա անունն է փորձում մրոտել։ «Ժողովրդի հիշողությունը չի մթագնել, որ մոռանան, թե ով էր Կարեն Դեմիրճյանը,- ասաց ՀԺԿ քաղաքական խորհրդի անդամ Էմմա Խուդաբաշյանը։- Հոկտեմբերի 27-ը կազմակերպող պարոնները, թերեւս, արդեն տանուլ են տալիս, որ ձեռքերը ստիպված նման փրփուրի են գցում»։ Նա նկատի ուներ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովին Նաիրի Հունանյանի ուղարկած 250 էջանոց վերլուծության մեջ արտահայտված այն տեսակետը, թե Դեմիրճյանի պաշտոնավարության շրջանում իրականացված անորակ շինարարության հետեւանքն էին 1988-ի երկրաշարժի զոհերը։ «Այդ երկրաշարժն այնքան ուժգին էր, որ անգամ Գյումրիի եկեղեցին փլվեց»,- հիշեցրեց Էմմա Խուդաբաշյանը։

«Ահաբեկչության միջոցով եղեռն է կանխվել»՝ ընտրված այս մարտավարությունն արտացոլող 250 էջանոց բացատրության մասին մեր կողմից հավելենք. հաշվի առնելով, որ իշխանական տրամադրությունների արտահայտիչ մամուլն արդեն իսկ բացահայտ է փորձում Նաիրի Հունանյանին ներկայացնել որպես ժողովրդական ցասումի արտահայտիչ՝ Թեհլերյան ձեւանալու նրա փորձերը գուցե թե շատ էլ անարձագանք չմնան։ Սակայն, մեղմ ասած, թերահավատ ենք, թե կհաջողեն Յուրի Բախշյանից, Կարեն Դեմիրճյանից, Վազգեն Սարգսյանից եւ մնացած սպանվածներից Թալեաթ ձուլել։

Վերջին տարիներին արտագաղթի աճը, ծնելիության անկումը եղեռնին հավասարազոր ներկայացնողներն ու դրանով սպանություններն արդարացնել փորձողներն ինչպե՞ս են բացատրելու այն փաստը, որ նույն արտագաղթի ծավալները հոկտեմբերի 27-ից հետո ոչ միայն չկրճատվեցին, այլ հակառակը՝ կրկնապատկվեցին։

Ուստի, լյումպեն զանգվածի զգացումների հետ խաղալու, ստորին կրքերը շեշտադրելու փոխարեն՝ Նաիրի Հունանյանն ու իր պաշտպանները պիտի այլ վարկած մոգոնեն։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031