20-ՐԴ ԴԱՐԻ ՀԵՏ ՄԵՐ ՀԱՇԻՎՆԵՐԸ ՓԱԿԵՑԻՆՔ Ցավոք, Հայաստանը 3-րդ հազարամյակ է թեւակոխելու իբրեւ աղքատ երկիր, որը տեղ է զբաղեցնում զարգացող երկրների ընդամենը երկրորդ հարյուրյակում։ Մեր երկիրն այսօր էլ չունի ո՛չ ազգային անվտանգության, ո՛չ արտաքին քաղաքականության մշակված հայեցակարգ եւ շարունակում է առաջ շարժվել օրախնդիր եւ կարճաժամկետ խնդիրներ լուծելով։ Այս ամենը, թերեւս, պակաս էական ու ցավոտ լիներ, եթե միայն Հայաստանի տնտեսական զարգացման միտումները նշմարելի լինեին։ Պատկերն առավել դժգույն է դառնում ներքաղաքական ճահճացած դաշտի եւ ժողովրդավարական արժեքներից չափազանց հեռու իշխանություններին արժանի ընդդիմադիր ուժերի բացակայության պայմաններում։ Մինչդեռ, թվում էր, թե հատկապես անցնող դարի վերջին տասը տարիները պետք է Հայաստանի համար վերելքի ժամանակաշրջան լինեին։ Դրա բոլոր նախապայմանները կային։ Սակայն նախկին եւ ներկա իշխանություններն այն աստիճան ապաշնորհ գտնվեցին, որ տարածաշրջանում երբեւէ ժողովրդավարության կղզյակ համարվող երկիրն աստիճանաբար, բայց համառ քայլերով, մոտեցրին ընդհուպ մինչեւ թավագլոր անկում՝ դարձնելով մուրացիկ, կոռումպացված, սեփական կարիքները միջազգային ֆինանսական կազմակերպությունների փողերով հոգացող պետություն, որն անպաշտպան է անգամ 5 ստահակների ահաբեկչության դեմ-հանդիման։ Հայաստանի ներկայիս ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակն ու քաղաքական դաշտի անորոշ կացությունը, ըստ էության, ոչ այնքան հապշտապ սեփականաշնորհման կամ տնտեսական ոչ ճիշտ քաղաքականության արդյունքն է, որի մասին այսօր այնքան շատ են խոսում իշխանությունները, որքան ժողովրդավարական իրական արժեքների արհամարհումն ու ոտնահարումը։ Այս իմաստով յուրօրինակ լակմուս է ընտրությունների անցկացման մեխանիզմն ու ընթացքը։ Հայաստանում 95-ից սկսած պարբերաբար ոտնահարվեց ժողովրդի ընտրական իրավունքը եւ գործի դրվեց ուժային մեթոդներով, ընտրակաշառքներով ու կեղծիքներով ընտրություններ անցկացնելու փորձված եւ հաջողված պրակտիկան։ Հենց այդ էր պատճառը, որ հասարակությունը սկսեց չհավատալ իր ուժերին, իշխանություններին ու, ի վերջո, զզվեց եւ, ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում, ատեց անկախությունն ու տարած հաղթանակները։ Ճիշտ չեն այն գնահատականները, թե մարդիկ Հայաստանը լքում են ծանր սոցիալական պայմանների պատճառով։ Մարդիկ պարզապես հասկանում են, որ իրենց կողմից չընտրված իշխանությունը երբեք չի հոգալու ժողովրդի մասին, որ իրենք անպաշտպան եւ արհամարհված են իշխանությունների կողմից եւ այս երկրում պայծառ ապագայի հույսերն ի դերեւ են եղել։ «Ի՜նչ ընտրություն, մեզ ո՞վ է հարցնում։ Ընտրողն էլ են իրենք, նշանակողն էլ»։ Ընդհանուր բարոյալքման եւ հուսահատության գագաթնակետն, անկասկած, 99-ի հոկտեմբերին ԱԺ-ում տեղի ունեցած հեղաշրջման փորձն էր։ Խորհրդարանում սպանվեցին պետական գործիչներ, որոնց՝ ժողովրդի կողմից ընտրված լինելու հանգամանքը, ի տարբերություն վերջին 4 տարիներին ընտրվածների, չէր վիճարկվել։ Ո՞վ, ինչպե՞ս եւ ինչո՞ւ սադրեց կամ կազմակերպեց այդ սպանդը։ Ոճրագործությունից հետո ավելի քան 1 տարի անց այդ հարցադրումների պատասխանները տակավին չկան։ Ավելի ճիշտ, ոմանք, անգամ հասարակության ստորին շերտերում, ունեն այդ պատասխանները, բայց դրանք փաստարկներ եւ ապացույցներ են պահանջում։ Դա արդեն իրավապահների ու դատական մարմինների խնդիրն է։ Իսկ այդ մարմիններն ու ընդհանրապես դատաիրավական համակարգն այսօր վստահություն չի ներշնչում՝ հայտնի լինելով իբրեւ օրվա իշխանությունների խամաճիկ եւ քաղաքական հաշվեհարդար տեսնելու գործիք։ Չկան նաեւ քաղաքական այն ուժերը, որոնք կարող էին հետամուտ լինել այս գործի բացահայտմանն ու դատավարությանը։ Միակ ուժը, որ շահագրգիռ է այս հարցում, «նախկիններն» են, որոնք գոնե Վազգեն Սարգսյանին իրենցն են համարում, իրենց շարժման ծնունդն ու զինակիցը, բայց նրանք չեն վայելում ժողովրդի վստահությունն ու չեն կարող հասարակությանն առաջնորդել ոճրագործության իրական պատվիրատուներին մերկացնելու համար։ Մինչդեռ, քանի բացահայտված չէ դարավերջի սահմռկեցուցիչ ահաբեկչությունը, Հայաստանը չի համարվելու կայացած, ուժեղ պետություն, վստահություն չի լինելու ոչ դատական, ոչ պետական համակարգի հանդեպ։ Հայաստանը 21-րդ դար է մտնում՝ վերջին 4 տարիների ընթացքում չունենալով լեգիտիմ նախագահ, իր գործից գլուխ հանող կառավարություն եւ պրոֆեսիոնալ ու կրթական բավարար մակարդակ ունեցող խորհրդարան։ Միակ առավելությունը, որ, ի տարբերություն անգամ արեւմտյան որոշ երկրների, Հայաստանն ունի, այս դարավերջին, բռնապետական, բայց փաստացի Ադրբեջանից անկախ, Արցախի գոյությունն է եւ կոմունիստական Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Հուսանք, որ հաջորդ հազարամյակում այդ էլ չենք կորցնի։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ