Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 27,2000 00:00

Ձը՛-մե՛ռ պա՛-պի՛կ, Ձյո՛ւ-նա՛-նո՛ւ-շի՛կ Ի՞նչ ներկայացումներ են նախապատրաստել թատրոնները փոքրիկների համար Ամանորի նախօրեին բոլոր փոքրիկները Ձմեռ պապի նվերներից բացի, անհամբեր սպասում են նաեւ տոնական հանդեսներին, որոնք թեեւ վերջին 50-60 տարիների ընթացքում բովանդակային փոփոխություն չեն կրել, բայց շարունակում են գրավել երեխաներին։ Ասենք, որ հիշյալ հանդեսներից մանուկների գոհ հեռանալու շանսերը կտրուկ ընկնում են, եթե նախատեսված չեն Ձմեռ պապի «տոպրակները»։ Դրանց պարունակությունը (կախված տոմսի արժեքից կամ հովանավորների առատաձեռնությունից) որոշիչ դեր է ունենում հաջորդ տարվա ամանորյա հանդեսին տվյալ մշակույթի օջախը նախընտրելու կամ «ֆուկ անելու» ծնողի որոշման մեջ։ Իհարկե, կարեւոր են նաեւ հանդեսի սցենարը, Ձյունանուշիկի տեսքը (նախորդ տարի ընկերուհուս 4-ամյա որդին մի քանի գիշեր սարսափահար վեր էր թռչում՝ հիշելով N թատրոնի ամանորյա ներկայացման Ձյունանուշին), երեխաների ներգրավվածությունը հանդեսին, հնչող տեքստի մատչելիությունը, ակուստիկան եւ այլն։ Ինչ խոսք, սցենարը (որքան էլ ամեն տարի գովազդեն՝ «անկրկնելի՜, չլսվա՜ծ, չտեսնվա՜ծ, օրիգինա՜լ սցենարով ներկայացում») գրեթե միշտ նույն ուղղվածությունն ունի. չարերը (գազաններ, սատանաներ, այլմոլորակայիններ, վհուկներ՝ կախված ռեժիսորի երեւակայությունից) գողանում են տոնածառը (Ձյունանուշին, Ձմեռ պապին, որեւէ երեխայի)։ Ապա հայտնվում են բարիները (գազաններ, փերիներ, վհուկներ՝ բարի, այլմոլորակայիններ, մարդիկ) ու զոռով-շառով փախցնում են տոնածառը։ Իսկ ա՞յս տարի։ Ինչպես պարզվեց, Սունդուկյանի թատրոնը ոչինչ չի պատրաստել ամանորի կապակցությամբ, քանի որ «շենքը վերանորոգման է կանգնած, թատերաշրջանն էլ փակ է»։ Այս տարի ամանորյա ներկայացում չի պատրաստել նաեւ Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային պալատը։ Ոչինչ չի նախատեսել նաեւ Արամ Խաչատրյան համերգասրահը։ Ցավոք, փոքրիկները զրկված են լինելու նաեւ Պատանի հանդիսատեսի թատրոնի ամանորյա ներկայացումներից, քանի որ ֆինանսական սուղ վիճակը թույլ չի տալիս ՊՀԹ-ին տոնածառային ներկայացում բեմադրել։ Նույն՝ ֆինանսական սղության պատճառով անջատված են ոչ միայն ՊՀԹ-ի, այլեւ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական, Երգի պետական, Ազգային օպերային թատրոնների հեռախոսները։ Երեւանի կամերային թատրոնը կցուցադրի «Գանձերի կղզին» բեմադրությունը, որի «մորալը» հետեւյալն է. «մեր գանձը՝ մեր երեխաներն են»։ Կամերային թատրոնը պատրաստվում է 4-5 բարեգործական ներկայացում տալ՝ գիշերօթիկ դպրոցներին, «Աստղիկ» միության հաշմանդամ երեխաներին։ Երեւանի պետական դրամատիկական թատրոնը ներկայացնում է «Ռիմին եւ միմին» հեքիաթը։ Կոմեդիայի թատրոնը ներկայացնում է «Ամանորյա իրարանցում»-ը, որը հիմնված է Թումանյանի հեքիաթների վրա։ Բարեգործական նկատառումներով կոմեդիայի թատրոնը տոմսեր է բաժանել։ Տիկնիկային թատրոնը ցուցադրում է «Ծպտված Ձմեռ պապն ու Ձյունանուշը»։ Հրավիրատոմսեր բաժանել են մշակույթի նախարարությանը, թատերական ինստիտուտին, հովանավորողներին։ Բարեգործական ներկայացումներ չի տալիս. «Չենք կարող ձրի ներկայացում տալ, ինչ-որ մեկը պետք է այդ գումարը տա, որ գոնե ջրի եւ լույսի վարձը մուծենք»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել