Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 27,2000 00:00

Դատախազի նախկին օգնականը ներկայումս անօգնական է «Պատասխանող կողմը դատախազությունն է» հոդվածում («Առավոտ», հունիսի 8) պատմվում էր Սամսոն Պետրոսյանի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազության թույլ տված օրինախախտման մասին։ Ս. Պետրոսյանը ՀՀ դատախազության համակարգում աշխատել է 1969-ից մինչեւ 1999թ. օգոստոսի 16-ը։ Այսինքն՝ 30 տարի։ Նրան գլխավոր դատախազի թիվ 407 հրամանով ազատել են Լոռու մարզի դատախազի օգնականի պաշտոնից «անհամապատասխանության պատճառով»։ Սակայն, առանց համակարգից ազատելու, հավանաբար իմանալով սեփական համակարգի փորձն ու «իմաստնությունը», մի կողմ է քաշվել՝ երազելով իրեն թոշակավորելու մասին։ Դատախազի նախկին օգնականը ապավինել է «Դատախազության մասին» օրենքի 40 հոդվածին։ (Դատախազների եւ քննիչների թոշակավորումը իրականացվում է ՆԳ մարմիններում ծառայություն անցնող ղեկավար կազմի անձանց համար կիրառվող պայմաններով, նորմերով ու կարգով)։ Առաջին ատյանի դատարանում Սամսոն Պետրոսյանը պարտվեց հավանաբար այն պարզ պատճառով, որ պատասխանողը ՀՀ գլխավոր դատախազությունն էր։ Իսկ ո՞ր դատավորը, էն էլ առաջին ատյանի, դուրս կգար գլխավոր դատախազության դեմ։ Ս. Պետրոսյանին համառորեն չէին ուզում թոշակավորել (մարդը կրակը հո չէ՞ր ընկել, որ 30 տարին նվիրել էր համակարգին ու նրա հզորացմանը)։ Ս. Պետրոսյանը դիմեց ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան (Ա. Խառատյան, Մ. Մանուկյան, Դ. Խաչատրյան կազմով)՝ հունիսի 20-ին կայացրած վճռի դեմ բողոքարկելով։ Այս տարվա օգոստոսի 23-ին դատարանը վճռեց դատախազի օգնականի հայցը բավարարել, քանի որ այն հիմնավոր էր եւ «երկարամյա ծառայության կապակցությամբ պարտավորեցրեց ՀՀ գլխավոր դատախազությանը թոշակավորելու Սամսոն Լեւոնի Պետրոսյանին»։ Հետեւեց գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքը. նրանք գտնում էին, որ դատարանի վճիռը պետք է բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության։ Մինչ այդ (ինչպես տեղեկացնում է Ս. Պետրոսյանը) կադրերի բաժնի դատախազ Սամվել Թումանյանը «հարցում են արել սոցապ նախարարություն եւ պատասխան ստանալուց հետո պետք է որոշեն իմ թոշակի հարցը»։ Քաղաքացին իրավամբ հարցնում է. մի՞թե սոցապ նախարարությունն է որոշում դատարանի վճիռը կատարել (այդ դեպքում հարկադիր ծառայության իրավասությամբ օժտեք սոցապին), թե՞ ոչ, չէ՞ որ վճռում ուղղակիորեն գրված է, թե ով եւ ինչ օրենքներով պետք է իրականացնի իր թոշակավորումը։ Հետեւաբար, մենք գործ ունենք մի երեւույթի հետ, որը կոչվում է մարդուն կամայական զրկել իր տարրական իրավունքից, 30 տարվա ծառայությունը գնահատելով 0։ Իրենց համակարգի աշխատակցի նկատմամբ դատախազությունը ինչո՞ւ է այսքան չար։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել