Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 27,2000 00:00

«Եթե ամուսնացած չեմ, ուրեմն օրիորդ եմ» Վստահ է երգչուհի Արմինե Գրիգորյանը – Հայտարարում եք, որ դերասանուհի եք, որը երգում է։ Դուք Ձեզ համարում եք տխուր անցյալով դերասանուհի՞… – Ի՞նչ եք ասում, ամենեւին… Թատերական կուրսիս ղեկավարը Սոս Սարգսյանն էր, բեմական խոսք է դասավանդել Մետաքսյա Սիմոնյանը։ Ուսուցիչներս էին Կոլյա Ծատուրյանը, Արմեն Էլբակյանը… Աշխատել եմ Սունդուկյանի, Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, «Մետրո» թատրոններում։ Բարձրաձայն կարող եմ ասել՝ ինձնից գոհ էր հանդիսատեսը։ Ես կայացած դերասանուհի եմ։ Այն, ինչով զբաղվում եմ, ավելի ճիշտ՝ աշխատում, կոչվում է շոու-բիզնես։ – Դուք կարծում եք, որ մեզ մոտ կա՞ շոու-բիզնես… – Ոչ, չեմ կարծում… Մենք ունենք շոու-բիզնես։ Այս ոլորտի համերգային գործակալներն աճում են, ամեն ինչ իր տեղն է ընկնում, ժամանակ է հարկավոր… Վերջապես՝ երգում եմ, որի դիմաց վճարում են։ Հետաքրքիր է, էլ ի՞նչ ձեւի է լինում «շոու-բիզնես» ասվածը։ – Ազգային հեռուստատեսությամբ Ձեզ քիչ ենք հանդիպում… – Այո, Ազգային հեռուստատեսությունը կարծես սեփականաշնորհված լինի։ Այսօր այն աշխատում է մի քանի երգիչների համար։ Կարող եք ասել՝ ո՞չ… Վճարի ու կերեւաս Ազգայինով։ Ես համբերատար մարդ եմ ու կսպասեմ, որ գա էն ժամանակը, որ իրենք վճարեն… Ազգայինով մասնակցեցի «Կռունկ» փառատոնին, հավատալով, որ հեռուստադիտողն է որոշելու գալա-համերգի մասնակիցներին։ Հետո պարզվեց հետեւյալը՝ մասնակիցների ընտրությունը կատարեց Ազգային հեռուստատեսության տնօրենը։ Այլեւս այդպիսի «կռունկների» չեմ մասնակցի։ Կարող եմ Ազգային հեռուստատեսության հետ ասածս ավելի մանրամասնել։ Այսպես՝ սիրելի երգչուհի Լուսիկ Քոշյանի երգացանկից «Քառսուն տարիս լրացավ, քառսուն գարուն շուտ անցավ, խելքս քամուն տվեցի, հորս տանը մնացի…» հանրահայտ երգի կատարումը Ազգայինի ղեկավարը ուզում էր տեսնել շատ համեստ, շատ տխուր, ասեմ այսպես՝ «հայուհուն վայել»։ Բայց, տեսեք, Լուսիկ Քոշյանը երգել է այն ժամանակ, ես՝ մեր օրերում։ Երգի իմ մեկնաբանումը համահունչ է այս օրվան եւ իմ կատարումը ունկնդիրը ընդունեց։ Այսօր ոչ մի աղջիկ չի ողբա, որ տանն է մնացել… – Ի դեպ, մենք զրուցում ենք այսքան, բայց չգիտեմ Ձեզ ինչպես դիմել՝ օրիո՞րդ, թե՞ տիկին։ – Իմ տարիքում ամոթ է լինել օրիորդ։ Արդեն 6 տարի է, ինչ ունեմ մտերիմ ընկեր։ Նոր հազարամյակում պատրաստվում ենք ամուսնանալ։ Հետո, ես մտածում եմ այսպես՝ եթե ամուսին չունեմ, ուրեմն օրիորդ եմ։ – Համերգներ քի՞չ եք ունենում։ – Ոչ, բայց համերգներիս 70%-ը բարեգործական է։ Եղել եմ ու կլինեմ զորամասերում, ծերանոցներում, մանկատներում։ 1992, 93-ին, երբ Ղարաբաղում ռումբեր էին պայթում, ես երգում էի… Իհարկե եւ բնականաբար լինում են համերգներ, որից վարձատրվում եմ։ Ֆինանսից ցանկություն չունեմ խոսելու՝ էնքան վատ ապրող մարդիկ կան, որ ես ամաչում եմ ֆինանս բառը հոլովել։ Ի դեպ, երկրորդ լազերային սկավառակս դուրս եկավ… ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել