Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 27,2000 00:00

ՍՆՈԲԻԶՄՆ Է ՓՐԿՈՒՄ ԱՐՎԵՍՏԸ Դեկտեմբերի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ երգչախումբը կկատարի Ջ. Վերդիի հռչակավոր «Ռեքվիեմը»։ ՀՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հրավերով Երեւանում են Ռուսաստանի վաստակավոր երգչուհի, մեցցո-սոպրանո Նինա Ռոմանովան, Անգլիայից տենոր Էնդրյու Դուգլաս-Ֆորբսը, բաս երգիչ, այժմ՝ Ֆրանսիայում բնակվող Սուրեն Շահիջանյանը եւ Հայաստանից՝ սոպրանո Իրինա Զաքյանը։ Սուրեն Շահիջանյանն արդեն 7 տարի Հայաստանում չէ։ Երեւանի կոնսերվատորիան ավարտելուց հետո սովորել է Փարիզում։ Բրյուսելի «Queen Elizabeth» մրցույթի ֆինալիստն է եւ Փարիզի «Maitre de Chant Francais» մրցույթի առաջին մրցանակակիր։ Բասի դերերգեր է կատարել Չայկովսկու «Եվգենի Օնեգին», Բեռլիոզի «Բենվենուտո Չելլինի», Շոստակովիչի «Մցենսկ գավառի լեդի Մակբեթ» եւ այլ օպերաներում։ Ըստ Ս. Շահիջանյանի, այսօր շատ դժվար է ուսումն ավարտելուց հետո անմիջապես գործ ունենալ, եւ իր բախտը ուղղակի բերել է. «Շատ մեծ մրցակցություն կա դրսում թե՛ երգիչների, թե՛ դաշնակահարների եւ ջութակահարների համար։ Պետք է շատ ինքնատիպ երգիչ լինես, կարողանաս նոր բան ասել։ Բավական դժվար է այս ասպարեզում հիմա կարիերա ունենալը, որովհետեւ շատ են երգիչները, եւ մեծ ընտրություն կա»։ Կարծիք կա, թե օպերային արվեստը աշխարհում դեպի անկում է գնում, քանզի օպերային ժամանակակից գլուխգործոցներ ասպարեզում չեն երեւում։ Ս. Շահիջանյանի կարծիքով՝ «Չեմ կարծում, որ օպերային արվեստն է անկում ապրում, այլ կատարողների որակի անկում կա ողջ աշխարհում այն պատճառով, որ խոշոր երգիչների ու ռեժիսորների մի մեծ համաստեղություն է հեռացել եւ հեռանում։ Եվ նրանց արանքում կա երիտասարդ ձեւավորված շատ լավ համաստեղություն, որը գալիս է։ Այդ արանքը լցվել է տարբեր որակի մարդկանցով, կատարողներով։ Այդ առումով հիմա մեծ ընդհարումներ կան։ Ամենացավալին այն է, որ շատ վատ ռեժիսորներ են հայտնվել, որոնք ընկերական մաֆիաներ են ստեղծում եւ ինչ ուզում անում են, այսպես են որոշում՝ սա իմ ընկերն է, իմ ընկերոջ բարեկամն է՝ թող երգի։ Հետո սրանց լսելով սուլում են ե՛ւ երաժշտագետները, ե՛ւ հանդիսատեսը։ Ի վերջո, հանդիսատեսն է որոշողը»։ Ս. Շահիջանյանը հիշում էր, թե Հայաստանում ինչ լավ հանդիսատես կար ժամանակին, թերեւս հիմա էլ։ «Դրսում էլ կա շատ լավ հանդիսատես։ Այլ բան, որ երաժշտական գիտելիքներ, լսելու փորձ ունես։ Բայց անգամ մարդը, որն այդ գիտելիքը եւ փորձը չունի, անպայման ընկալում եւ զգում է իսկապես ճիշտ կատարումը։ Արվեստում միջակությունը չի անցնում, լավ կամ մի քիչ լավ, կամ մի քիչ վատը չի անցնում, չպիտի գոյություն ունենա։ Արվեստում զիջում չկա, ինքդ քեզ էլ չպիտի զիջես, ասես՝ լավ, ոչինչ, այս անգամ այսպես թող լինի… Դրսում՝ քաղաքից-քաղաք՝ հանդիսատեսը փոխվում է։ Օրինակ, Իտալիայում շատ են սիրում Դոնիցետտի լսել, ուրիշ բան կարծես չեն ճանաչում։ Եթե իրենց համար Մոցարտ կատարես՝ ոչ իտալերեն լեզվով օպերա՝ չեն իմանա։ Բայց, միեւնույն է, ճիշտ, ուժեղ արվեստը չիմացող մարդու վրա էլ է ազդում, ինքը ծափահարում է, արվեստն իրեն է փոխանցվում։ Նաեւ այլ բան է՝ ճիշտ, գրագետ կատարումը, բայց ինձ համար միշտ մի փոքրիկ հրաշք է կատարվում։ Եթե այդ հրաշքը կատարվում է՝ հանդիսատեսը զգում եւ ծափահարում է։ Երգիչները շատ մեղավոր են, որ լավ հանդիսատես չի ձեւավորվում, որովհետեւ հիմիկվա կատարողը մտածում է՝ ո՞նց անեմ, որ դուր գամ։ Եթե առաջարկում են, օրինակ, Բեռլիոզ կատարել Հռոմում, ասում են՝ «ա՜, Հռոմում Բեռլիոզ ո՞վ պիտի լսի, նրանց Դոնիցետտի պետք է տալ»։ Հանդիսատեսը ուրիշ բան քիչ է ճանաչում, քանզի ամեն մեկին էն ճաշը, փլավն են տալիս, որ ինքը սովոր է ուտել։ Նոր բան չեն տալիս»։ Երգիչը նշեց, որ ոչ բոլոր առաջարկներն է ընդունում եւ ունի ճիշտ խորհրդատուներ՝ դերերգի ընտրության հարցում։ Նա համոզված է, որ իր այս տարիներին ապրած ստեղծագործական առաջընթացը չէր կարող ունենալ 7 տարի առաջ Հայաստանում. «Չեմ ասում՝ այնտեղ լավ է, այստեղ՝ վատ, բայց այնքան բաներ կան, որ մենք այստեղ չենք իմանում։ Օրինակ, թե ի՞նչ է իտալերեն կամ ֆրանսերեն երգելը, երբ ձայնը, արտասանությունը, գույնը, բեմադրությունը, ամեն ինչ գրեթե փոխվում է։ Ավանդույթներ կան, որ բարեբախտաբար սովորել եմ»։ Իհարկե, էլ չասենք, որ մեր շատ օպերային երգիչներ երգում են՝ չհասկանալով բառիմաստները, դերը, ժամանակաշրջանը, ուր ապրել է իրենց մարմնավորած կերպարը։ «Չեմ կարող պատկերացնել, որ երգիչը երգի ու չիմանա՝ ինչ է երգում։ Կոմպոզիտորը խոսքից ելնելով է գրել երաժշտությունը։ Ուրեմն, էլ ինչպե՞ս հանդիսատեսը ազդվի ու ծափահարի, եթե ոչ մի ինֆորմացիա նրան չես տալիս։ Եթե անգամ հանդիսատեսը խոսքը չի հասկանում, դու ինտոնացիա ես դնում, որը հուզում է մարդուն։ Մի ճիշտ բան կա՝ երգելիս ամեն մի խոսքը պիտի մտածես՝ քո հարազատ, մայրենի լեզվով ինչ է նշանակում այդ պահին, եւ անմիջապես երանգը փոխվում է»,- ասում է Ս. Շահիջանյանը։ Ըստ Ս. Շահիջանյանի, Հայաստանի օպերային թատրոնի մասին դրսում գրեթե չգիտեն, թեեւ մենք ունենք շատ լավ երգիչներ, որոնք ճանաչված են աշխարհում։ Եվ վստահ է, որ նոր սերունդը կարող է այս 20-30 տարվա բացը լցնել։ Միայն թե էնտուզիազմով հավերժ աշխատել հնարավոր չէ։ Մեծ աշխարհում արվեստագետն ունի իր բարձր կարգավիճակը, եւ արվեստը պահում են հարուստները. «Օրինակ, համերգներին առաջին շարքերում միշտ ճոխ հագնված միլիոնատեր կանայք-տղամարդիկ են։ Հազվադեպ է լինում, որ փողն իրենց կրթում է, չէ՞, բայց առանց իրենց արվեստ, օպերա գոյություն չունի։ Միշտ ասում ենք՝ սնոբիզմը փրկում է արվեստը։ Իրենք իրենց դրամով փրկում են, տալիս են, որովհետեւ իրենց հաճելի է, որ օպերա լինի եւ իրենք երեկոյան գնան-նստեն։ Հետո գնան ռեստորան, սիգարը ծխելով պատմեն, թե անցյալ երեկո լսեցին այսինչը… Դուքս է, ոնց որ ասի՝ ես այսօր «Իվ Սեն Լորան» շորն եմ հագել, դա նշանակում է՝ այսօր Դոմինգոյին եմ լսել…։ Բայց միեւնույն է, իրենք են փրկում արվեստը։ Ե՛վ ճիշտ արվեստագետը ճիշտ սիրտ ունի, ե՛ւ ճիշտ հանդիսատեսը ճիշտ սիրտ ունի, ու այդ երկուսի միջեւ է իսկական արվեստը»։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել