Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 27,2000 00:00

Կոստյումն այս անգամ երեխաներին չզարդարեց Պատրաստե՞լ եք դուք Նոր տարվա հանդես Թե ինչ ապրումներով է դեռահասը սպասում Ամանորին եւ հատկապես այդ առիթով նախատեսված միջոցառումներին, հնարավոր չէ նկարագրել։ Ավելի լավ է հիշենք ինքներս մեզ։ Սակայն վերջին մի քանի տարիներին սոցիալականն այնքան վեր բարձրացավ հոգեւորից, որ, թվում էր, թե այս սերունդը հիշելու բան չպիտի ունենա։ Այս տխուր մտորումներին հանգեցի, երբ դպրոցահասակ ծանոթներիցս մի քանիսը դժգոհում էին, թե՝ դպրոցում ոչ մի ուրախ հանդիսություն նախատեսված չէ, քանի որ «դասատուներն ասում են՝ մեր սեւ սիրտ, ձեր հավես»։ Պատկերն ամբողջացնելու ցանկությամբ զանգահարեցինք մի քանի դպրոցներ։ Հուրախություն մեզ, պարզվեց, որ գրեթե չկա որեւէ դպրոց, որ այս կամ այն կերպ չփորձի հավերժացնել հաջորդ հազարամյակի, դարի գալուստը։ Դեռ ավելին, մի շարք թատրոնների տնօրեններ եւ գեղարվեստական ղեկավարներ եւս հավաստեցին, որ դպրոցներում դիմակահանդեսներ սպասվում են, քանի որ իրենց հանդերձարաններում վաղուց արդեն «մի կարգին բեմական հագուստ չի մնացել, բոլորը տարել են տարբեր, բազմաթիվ դպրոցներից»։ Բացահայտվեց եւս մի նորամուծություն՝ իրենց հարսանեկան զգեստները՝ որպես Ձյունանուշիկի հանդերձանք, վարձակալության են տալիս ձեռներեցության հակումներ դրսեւորող որոշ անհատներ՝ օրը 3-5 հազար դրամով։ Թիվ 194 դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանն ասաց, որ արդեն սկսվել եւ շարունակվում են ցածր դասարանցիների ամանորյա հանդեսները, սակայն բարձր դասարանցիներն էլ ցանկություն են հայտնել եւ հիմա զբաղված են կազմակերպչական հարցերով, համապատասխան հանդերձանքի փնտրտուքով, որ հունվարի 13-ին դիմակահանդեսով նշեն Հին Նոր տարին։ Թիվ 4 դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանն ասաց, որ դեկտեմբերի 25-ին գեղեցիկ դիմակահանդեսային միջոցառում էր կազմակերպվել 8-9-րդ դասարանցիների մասնակցությամբ, «Ծննդյան տոների կապակցությամբ անգլիական հեքիաթների մոտիվներով եւ միայն անգլերենով»։ Ի դեպ, տիկին Վարդանյանի հավաստմամբ, նմանատիպ միջոցառում, բայց ռուսերենով, կազմակերպվել է նախորդ տարի։ Իսկ նախանցյալ Ամանորին՝ հայերեն։ Թիվ 84 դպրոցի տնօրեն Արկադի Էլոյանի տվյալներով, 1-3-րդ դասարանցիներն ավարտել են տոնածառային հանդեսները, իսկ դեկտեմբերի 28-ին մեծ դիմակահանդես են պատրաստել բարձր դասարանցիները. «Վերջապես հազարամյակ ենք ճանապարհում, չէ՞։ Վստահ եմ, որ բոլոր դպրոցներում էլ նշվում է այդ կարեւոր իրադարձությունը»։ Պրն Էլոյանի դպրոցի բարձր դասարանցիները չեն օգտվել թատրոնների հանդերձանքից, քանի որ՝ «ոչ ոք ձրի չի տա այդ հագուստները, իսկ մեր երեխաները՝ փառք Աստծո, շնորհքով են. մի դիմակ, մի գլխարկ, մի բան կսարքեն, կհագնեն»։ Նա վստահ էր, որ կարեւորը հագուստի ճոխությունը չէ, այլ ուրախ եւ անհոգ տոնակատարությունը։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել