Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 27,2000 00:00

«ԵՐԿՆՔԻՑ ԻՋԵՔ. ՉԳԻՏԵ՞Ք՝ ՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ ԵՔ ԱՊՐՈՒՄ» Սեփականատիրոջը վտարում են՝ հանուն Հրայր Հովնանյանի Անկասկած, երեկվա իմ զրուցակիցները՝ Լաուրա եւ Արա Մաղաքյանները լավ գիտեն, որ ապրում են Երեւանում, որ համարվում են «Վահագն» ՍՊԸ սեփականատերեր։ Ընդ որում, նրանք «Վահագնում» աշխատել են 25 տարուց ավելի։ «Վահագն» սրճարան-թեյարան-ռեստորանը (այժմ՝ «Պեկին» ռեստորան) հայտնի էր մայրաքաղաքցիներիս՝ որպես Երեւանի նախկին նահանգապետի գրասենյակի նկուղային հարկ, եւ երբ տարածքը շահագործման հանձնվեց Մաղաքյաններին, ՀՀ մշակույթի նախարարության եւ կողմի միջեւ կազմվեց «պահպանական պարտավորագիր» (պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի օգտագործման)։ Ըստ այդ պարտավորագրի, Մաղաքյան ընտանիքը պարտավոր էր ապահովել հուշարձան-տարածքի օգտագործման ռեժիմը, հուշարձանում եւ դրա տարածքում կատարել ամրացման, նորոգման եւ այլ շինարարական աշխատանքներ, ինչն, ի դեպ, արել են։ Տեղեկացնենք, որ պարտավորությունները չկատարելու դեպքում, ՍՊԸ տնօրենն ու նրա անդամները ենթարկվելու էին պատասխանատվության։ Օրենսդրության որեւէ խախտում այսքան տարիների ընթացքում չէր եղել, բնականաբար, նրանց պատասխանատվության ենթարկելու հիմքեր չեն գտնվել։ Լ. Մաղաքյանին կարելի է հասկանալ. գրանցելով նրա կանոնադրությունը, դառնալով իրավաբանական ինքնուրույն անձ, ստանալով սեփականության վկայական (այս տարվա ապրիլին պետությանն էր մուծել 5 մլն 200 հազար դրամ գումար), այս օրերին ներքաշվում է մի դատավեճի մեջ, որն անվանում են «անիմաստ»։ Սեփականաշնորհման նախարարությունը հայցով դիմում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ սեփականաշնորհման վկայագիրը չեղյալ համարելու նպատակով։ Եվ երբ նախարարության իրավաբանը խորհուրդ էր տալիս իրական սեփականատերերին՝ «երկնքից իջեք ցած», հավանաբար նկատի ուներ այն, որ «ցածում» հզոր տերերի աչքին լավամարդ երեւալու տենչը պետական քաղաքականության առանցքն է կազմել, որի հետ հաշվի նստել նրանք պարտավոր են։ Բացենք փակագծերը. տարածքը երկրի հիշյալ տերերը վաղուց խոստացել են սփյուռքահայ հայտնի բարեգործ Հրայր Հովնանյանին։ Վերջինիս հետ էլ մեկ անգամ հանդիպում է Լ. Մաղաքյանը, որին առաջարկվել էր «քաղաքակիրթ» եղանակ. հեռանալ տարածքից այլ տարածք՝ «Միջանցահովիկի» հարակից շենքերից մեկի առնետաորջը, ինչը, բնականաբար, մերժվում է Մաղաքյանների կողմից։ Այս տարվա դեկտեմբերի 15-ին նշանակվեց անդրանիկ դատական նիստը, որը, սակայն, չկայացավ։ Մենք փորձեցինք կապվել Հ. Հովնանյանի հետ, ճշտելու համար, թե իրո՞ք իրեն խոստացվել է սույն տարածքը եւ ինքը տեղյա՞կ է, որ տարածքը տեր ունի։ Պարզվեց, որ նա շատ հեռու է՝ ԱՄՆ-ում։ Սեփականաշնորհման նախարարությունից հաջողվեց ճշտել միայն, որ խախտվել է «օբյեկտի» ճարտարապետական տեսքը (սակայն, մոռանալով, որ իր իրավասության մեջ ամենեւին չի մտնում սույն հարցի քննարկումը)։ Արժե, սակայն, մտածել սեփականության վկայագիր ունեցողների՝ սեփականատերերի իրավունքների պաշտպանության մասին, երբ այդ պաշտպանությունը ոտնահարում է նույն այդ իրավունքներ վավերացնողը։ Թե չէ վաղը երկրի որեւէ այլ տեր կցանկանա նորից խախտել սեփականության սուրբ իրավունքը՝ մեկ այլ բարեգործի աչքը մտնելու համար։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել