Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 27,2000 00:00

Բոլորը գոհ են, մեկը բողոքում է Ոսկետափ գյուղում իրավիճակը բարվո՞ք է Օրերս խմբագրություն էր այցելել Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ Անգին Մովսիսյանը։ Ըստ նրա, «գյուղում տիրում է իսկական քաոս։ Ո՛չ գյուղապետ Սարգիս Աբրահամյանը եւ ո՛չ էլ նրա ենթակաները (որոնց մեծ մասը նրա ազգականներն են) նպատակ չունեն միջոցներ ձեռնարկել մեր բազմաթիվ դիմում-բողոքներին որեւէ ընթացք տալու համար»։ Որպես օրինակ, տիկին Մովսիսյանը պատմեց իր հետ կատարվածը։ 2000-ի մարտին ինքը կատարել է հողի եւ ջրի նախնական մուծումներ, սակայն արդյունքում չի ստացել իրեն հասանելիք ջուրը, ինչն էլ պատճառ է դարձել իր «տակ տալուն», քանզի այդ տարի իր ցանած պոմիդորի բերքը սովորականից մի քանի անգամ քիչ է եղել (690կգ), իսկ 100 հատ խնձորի տնկիից մնացել է 30-ը, 65 հատ դեղձի տնկիից՝ 5-6-ը, ինչն էլ տիկին Մովսիսյանը որակում է «ծառերի սպանդ»։ Տիկին Մովսիսյանը դիմել է գյուղապետարան, սակայն գյուղապետի քարտուղարուհու պատասխանը, թե՝ «Քեզ պետք ա՞, որ խառնվել ես իրար, միեւնույն է այս գործին ընթացք չեն տա, իզուր անունդ ես գյուղով մեկ հանելու», նրան շատ զարմացրել է։ «Ես «բախտ ունեցա» անձամբ համոզվելու քարտուղարուհու խոսքերին, քանզի գյուղապետը ինձ ընդունեց եւ, այն է, ուզում էի եղելությունը նրան պատմել, երբ բանալիները շպրտեց ինձ վրա եւ բղավեց՝ «վերցրու սենյակիս բանալիները, արի դու գյուղապետ աշխատի»։ Տիկին Մովսիսյանի ներկայացրած երկրորդ դիմումը քննարկման է դրվում ավագանու նիստում։ «Նիստի ավարտին ինձ ներս հրավիրեցին, եւ գյուղապետը ինձ հանգիստ տոնով սպառնաց, թե. «թաղային կկանչեմ, եթե խելքդ գլուխդ չհավաքես»։ Տիկին Մովսիսյանը դիմել է նաեւ Արարատի մարզպետարանի վարչության աշխատակից Ավետիք Բարսեղյանին, որն էլ իր հերթին խոստացել է այցելել գյուղ եւ երկու կողմերի մասնակցությամբ ակտ ձեւակերպել, բայց մի պայմանով. «Ես գյուղ կգամ, քեզ կկանչեմ, բայց պահանջներ չդնես, իսկ ակտում կգրենք «ջրի պակասի պատճառով նկատվում է ծառերի խեղճացում» եւ ամեն ինչ կհարթվի-կանցնի»։ Բացի դա, վերջերս պահոնային հողերի աճուրդի ժամանակ Ս. Աբրահամյանը հայտարարել է թե. «Կառավարության 1994թ. թիվ 108 որոշման համաձայն, հողատարածքներ չունենալու պատճառով, կես հեկտար (5000քմ) հողից ավելի որեւէ մեկին չի հատկացվելու»։ Իսկ որոշ ժամանակ անց «ի հայտ են գալիս անհատներ, որոնց ներկայումս պատկանում է մի քանի հեկտար հողակտոր»։ Գյուղացիների այն հարցին, թե՝ «ո՞ւր կորավ գյուղապետի ասած օրենքը», վերջինս պատասխանում է, որ «ինքը լիազորված մարդ է եւ իրավունք ունի նվիրատվություններ անելու»։ Տիկին Մովսիսյանը նշեց նաեւ, որ «հողահատկացման ցուցակներում հայտնվել են անուններ, որոնց ոչ ոք չի ճանաչում կամ որոնք արդեն վաղուց գյուղում չեն բնակվում»։ Արդեն մի քանի օր է մեզ չի հաջողվում հեռախոսով կապվել Ոսկետափի գյուղապետի հետ։ Տիկին Մովսիսյանի դիմում-բողոքի առիթով դիմեցինք Արարատի մարզպետարանի վարչության աշխատակից Ավետիք Բարսեղյանին։ Նա էլ մեզ պատասխանեց. «Հանձնաժողովը ստուգել է դիմողի հողատարածքները եւ պարզել, որ նրա այգում որեւէ չորացած ծառ չի եղել։ Բանն այն է, որ տիկին Մովսիսյանը գյուղապետից պաշտոն է խնդրել եւ մերժվել է (նշենք, որ վերջինս մասնագիտությամբ բժշկուհի է- Ա. Դ.), որի արդյունքում էլ սկսվել են բողոքները»։ Պրն Բարսեղյանի գնահատմամբ, «գյուղում իրավիճակը բարվոք է եւ այսքան ժամանակ որեւէ անօրինական քայլ չի կատարվել։ Բոլորն էլ գոհ են՝ թե՛ գյուղապետից, եւ թե՛ նրա կատարած աշխատանքից»։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել