Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 27,2000 00:00

ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ՝ ՄԱՐՏԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ Այսպես է կառավարությունը կատարում իր խոստումները ՀՀ առողջապահության համակարգի հիմնարկները բյուջեից ֆինանսավորվում էին մեկ տողով. այսինքն հասանելիք ամբողջ գումարը (լինեն կոմունալ ծախսեր, լինի աշխատավարձ թե կատարողական) փոխանցվում էր հիմնարկի հաշվին եւ արդեն վերջինս էր որոշում ինչպես տնօրինել այն, առաջինը որ ծախսը փակել։ Այսօր գումարներ չլինելու պատճառով այդ «մեկ տողը» բաժան-բաժան են անում եւ փորձում փակել գոնե աշխատավարձի դիմաց գոյացած պարտքերը։ Երեկ դժվար էր բուժհիմնարկներից ստանալ աշխատավարձի դիմաց բյուջեի պարտքերի ճշգրիտ թվերը նաեւ այն պատճառով, քանի որ գրեթե ոչ մի տեղում էլ դրանք ամփոփված չէին։ Իսկ ֆինանսների նախարարության համապատասխան աշխատակիցները արդեն եկող տարվա բյուջեի հարցերն էին քննարկում Ազգային ժողովում (նախարարության լրատվական ծառայությունում թվերը խոստացան տրամադրել այսօր)։ Այսպես. Երեւանի թիվ 8 պոլիկլինիկայի տնօրեն Արա Թորոսյանը հայտնեց, որ իրենց հիմնարկին փոխանցվել է 2000թ. փետրվար ամսվա աշխատավարձի գումարը, որն արդեն վճարվել է աշխատակիցներին, մինչեւ տարվա (այսինքն այս շաբաթվա) վերջ «կփակեն նաեւ մարտի կեսերինը»։ Հենց պրն Թորոսյանն էլ հայտնեց, որ իրենց վճարում են ոչ թե կատարողականների դիմաց, այլ միայն աշխատավարձը։ Մեր անցկացրած հարցման ստացված ամենաբնորոշ պատասխաններից էր հետեւյալը. «Մեզ պարտք են ճիշտ այնքան, ինչքան ուրիշներին»։ Պոլիկլինիկաներից մեկի տնօրենը (որը չցանկացավ անունը հրապարակել, պատճառաբանելով, թե հակառակ դեպքում պիտի շատ նեղվի (՞) տեղեկացրեց, որ վերջին անգամ իրենց աշխատակիցներին վճարել են 2000-ի մարտ ամսի աշխատավարձը։ Ամբողջ տարվա աշխատավարձի պարտքը մոտավորապես 23 մլն դրամ է, որն ընդհանուր պարտքի 40%-ն է կազմում։ Հուսով էին մինչեւ տարվա վերջ վճարել նաեւ ապրիլի աշխատավարձը։ Իսկ էլեկտրաէներգիայի եւ կոմունալ ծախսերի դիմաց կատարվում էին բոլոր հաշվանցումները։ Ընդհանրապես, այն բուժհիմնարկները, որոնք միայն պետբյուջեից են ֆինանսավորվում, այնքան էլ լավ վիճակում չեն. 2000թ. մարտի աշխատավարձ վճարած լինելը համարում են բախտավորություն։ Վիճակը քիչ թե շատ նախանձելի է այն բուժհիմնարկներում, որոնք ֆինանսավորման մի քանի աղբյուրներ ունեն, ինչպես «Արաբկիր» բժշկական կենտրոնում է։ Վերջինիս խորհրդի նախագահ Արա Բաբլոյանը հայտնեց, որ բացի բյուջեից, իրենք գումարներ ստանում են եւ վճարովի ծառայություններից, եւ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամից։ Այնպես որ, որտեղ բյուջեն թերանում է, օգնության են հասնում վերջին երկուսը։ Պրն Բաբլոյանն ասաց, որ մատակարարներն 90%-ով կատարել են վճարումները, վերջին 10%-ը կփակեն այս շաբաթ։ Պետությունն աշխատավարձի համար գումարները փոխանցել է 40-46%-ով, սակայն իրենք վճարել են 2000թ. նոյեմբերի աշխատավարձը, դեկտեմբերն էլ՝ մինչեւ տարվա վերջ կլինի։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Տվյալներ ստանալ չհաջողվեց նաեւ ՀՀ առողջապահության նախարարի ֆինանսների գծով տեղակալ Լեւոն Յոլյանից, որին երեկ ամբողջ օրը չգտանք աշխատասենյակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել