Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 27,2000 00:00

Էքսվարչապետը քաղաքական զեկույց կարդաց «Ազատություն» կուսակցությունը երեկ եւս իր համագումարն անցկացրեց Մելիք-Ադամյան հասցեում, թեպետ համագումարի պատվիրակներ էին ընտրված յուրաքանչյուր 7-ից՝ 1-ը, այսինքն՝ 212 պատվիրակ։ Կուսակցության նախագահ, էքսվարչապետ Հրանտ Բագրատյանի քաղաքական զեկուցումը տվեց երկրի քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտների բագրատյանական գնահատականը։ Հրանտ Բագրատյանի զեկուցման մեջ մանրամասն ներկայացված էին գործող կուսակցությունները, նրանց գաղափարախոսությունը։ Բագրատյանի գնահատմամբ, այսօր գործող կուսակցություններն իրենց սեփական գաղափարախոսությունը չունեն, նրանք հարում են կամ «համայնավարական» կամ «ազգայնական» գաղափարախոսությունների. ՀՀԿ-ն, օրինակ, ըստ Բագրատյանի, «ազգայնական» է, ՀԺԿ-ն՝ «համայնավար», իսկ «ՍԻՄ-ը, ԱԺՄ-ն (մասամբ) մուտանտ են ՀՅԴ-ի նկատմամբ։ «Համայնավարների» նկատմամբ նույն կարգավիճակում են Սոցիալիստական ուժերի միությունը, Դեմկուսը եւ այլն»։ Ըստ Հրանտ Բագրատյանի՝ «որոշ մուտանտներ քաղաքական դաշտում հաճախ ավելի մեծ դեր են ստանում, քան հիմնական գաղափարների կրողները»։ «Ազատություն» կուսակցության ղեկավարը հատուկ կարծիք ուներ դաշնակցության մասին։ Նրա ասելով, սա իշխանակիր է. «Ոչ միայն ՀՀ պաշտոնավարող նախագահն է այս հոսանքից, այլեւ՝ իրականացվող քաղաքականությունը։ (…) Հոսանքը սնող գաղափարախոսության ակունքները զգացմունքներն են, որոնք որոշակի տնտեսական կամ սոցիալական ունիվերսալներ չունեն»։ Հրանտ Բագրատյանն ասաց, որ «պետական շինարարությամբ զբաղվելու անկարողությամբ» է պայմանավորված այսօրվա իշխանությունների՝ «մրոտելու, չարաշահումների մասին հեքիաթներ մոգոնելու» եւ այլնի մասին խոսակցությունները։ ՀՀ նախկին վարչապետի գնահատմամբ, հայկական հասարակությանը ոչ ոք ավելի մեծ վնաս չի հասցրել, որքան «դաշնակցական» քաղաքական հոսանքը ներկայացնող որոշ ամբոխավարներ (ԱԺՄ-ից, ՍԻՄ-ից, ՀՅԴ-ից եւ այլն)։ Չարությունը, ստախոսությունը, կեղծ հայրենասիրությունը, ժողովրդի կենսապայմանների մասին կեղծ մտահոգությունը դարձել են ոչ միայն նշված քաղաքական ուժերի, այլեւ մարդկանց մի ստվար հատվածի գործելակերպ։ Հասկանալի պատճառներով համագումարին ներկա էին միայն «նախկինները»։ «21-րդ դար» Ժողովրդավարական ազգային կուսակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանի ելույթում հնչեցին մինչ այժմ հայտնի նրա մտքերը, ինչպես նաեւ որոշ դիտարկումներ արվեցին կոնկրետ հարցերի շուրջ. «Քաղաքական հետապնդումները Հայաստանում դարձել են շատ լուրջ խնդիր։ (…) Աջ ազատական ուժերի միությունը հետեւողականորեն քաղաքական պայքար է տանելու, որպեսզի թե՛ Աշոտ Բլեյանը, թե՛ Արկադի Վարդանյանն ազատ արձակվեն։ Եվ կապ չունի, որ մենք չենք կիսում Արկադի Վարդանյանի գաղափարախոսությունը։ Եվ քանի դեռ նրանք բանտում են, նշանակում է՝ բռնապետությունը Հայաստանում էլ ավելի է խորանալու»։ ԼԴԿ ղեկավար Վիգեն Խաչատրյանը եւս իր ելույթում չխնայեց «ներկաներին»։ Նրա ասելով, այսօր հասարակությունը եւ պետությունը խորը ճգնաժամի մեջ են. «Թալան է գնում Հայաստանում։ Թալանի մասին խոսելով թալանում են»,- պնդում է Վիգեն Խաչատրյանը։ Ըստ պրն Խաչատրյանի, հակազդեցություն չկա, գնահատական չկա, բայց կա վախ։ Պարոն Խաչատրյանը, խոսելով ազատ ձեռներեցության եւ սեփականաշնորհման մասին, ասաց՝ «Մենք ունե՞նք ազատ ձեռներեցներ, ո՛չ։ Մենք ունենք ցեխավիկի հոգեբանությամբ ձեռներեցներ, որոնց համար ավելի կարեւոր է՝ վեցերորդ վարչության հետ լավ լինեն, Սերժ Սարգսյանի անունը չտան, իրենց դոլարներն աշխատեն, պետության, հասարակության վրա էլ՝ թքած»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել