Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 27,2000 00:00

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Ազատություն» կուսակցությունը խիստ մտահոգված է Հայաստանում հաստատված իրավիճակով։ Քաղաքական դասավորությունները թույլ չեն տալիս ազատական ուղղվածություն ունեցող ուժերին մասնակցություն ունենալ երկրում տեղի ունեցող զարգացումներին, իսկ դրությունը գնալով ավելի ծանրանում է, եւ անցած երեք տարին բավական է արդեն դիտարկելու, որ այն օրինաչափության է վերածվում։ Երկրի ղեկը փաստորեն ամբողջովին մնացել է «ազգայնականների» ձեռքում, որոնք մտածում եւ գործում են ժամանակի անհրաժեշտություններին հակոտնյա, իսկ տնտեսական ոլորտում զուրկ են էական ծրագրերից։ Հանրությանը խոսք է տրվում բարելավել կենսամակարդակը, աշխատեցնել արդյունաբերությունը, թեթեւացնել գյուղացու վիճակը, վարել համաշխարհային ազգին վայել արտաքին քաղաքականություն։ Այս պոպուլիզմն ավարտվեց նրանով, որ վերջին երեք տարիներին իրական կենսամակարդակն իջել է շուրջ 40 տոկոսով։ Ներկա իրավիճակում անհրաժեշտ են վճռական գործողություններ՝ պետականությունը փրկելու համար։ Հավանաբար, դա գիտակցում են եւ իշխանությունները, սակայն, դատելով նրանց կողմից կատարվող կցկտուր քայլերից, հարցականի տակ է իրական փոփոխություններ կատարելու նրանց կարողությունը։ «Ազատություն» կուսակցությունն ունի մանրամասն մշակումներ օրենսդրական, դատական, ներքին եւ արտաքին քաղաքականության, տնտեսության, հարկային, բանկային, էներգետիկ, կրթական, գիտամշակութային եւ հասարակական-պետական կյանքի մյուս ոլորտներում բարեփոխումների արգելակումը կանխելու եւ կրկին զարգացման ուղի դուրս գալու համար։ Հ. Գ. Հայտարարությունը ներկայացնում ենք կրճատումներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել