Եթե Նաիրի Հունանյանն արդեն հոկտեմբերի 27-ի երեկոյան փորձում էր մոլորեցնել, թե բացի Վազգեն Սարգսյանից՝ մնացածը պատահական զոհեր էին՝ այժմ արդեն նա փոխել է մարտավարությունը։ Նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովին հասցեագրած շուրջ 250 էջանոց իր «քերթվածում» նա փորձ է արել արդարացնել նաեւ Կարեն Դեմիրճյանի սպանությունը։
Սակայն նախ նշենք, որ այս 250 էջում Նաիրի Հունանյանը Հայաստանի սոցիալ-տնտեսական ու քաղաքական իրավիճակի վերլուծությունն է ներկայացրել եւ փորձել ապացուցել, որ տեղի էր ունենում ժողովրդի դեմ ուղղված հանցագործություն։ «Եվ ինքն էլ իբր այն Ռոբին Հուդն էր, որ կանխեց այդ հանցագործությունը»,- այսպես ներկայացրեց այդ ամենից իր տպավորությունը հանձնաժողովի անդամներից մեկը։
Հիմնավորելու համար իր պնդումը՝ Նաիրի Հունանյանը բազմաթիվ թվեր ու տվյալներ է մեջբերել «Հայաստանի Հանրապետությունից» արտագաղթի աճի, ծնելիության անկման, սեփականաշնորհման վերաբերյալ։ Ընդ որում, նրա տվյալները վերաբերում են ոչ միայն 1991-ից սկսված ժամանակաշրջանին, այլ նաեւ դրանից առաջ եղածին։ Մասնավորապես, 1988-ի երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը նա ուղղակիորեն պայմանավորել է «հանցագործ շինարարության» հետ, որն էլ կապել է Դեմիրճյանի շրջանի՝ 70-ական թվականների Հայաստանում առկա հանցագործությունների հետ. «Ծախում էին, ուտում էին, կաշառված էին եւ այլն»։
Նաիրի Հունանյանը համեմատության համար մեջբերել է վերջերս Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը, երբ իշխանությունները քրեական գործ հարուցեցին եւ պատասխանատվության կանչեցին այն շինարարներին, որոնք կառուցել էին ցնցումներին չդիմացած շենքերը։
Կարդացեք նաև
Նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովին Նաիրի Հունանյանը դիմել եւ ստացել է «եղեռն» հասկացության եւ մարդու իրավունքների ոլորտին վերաբերող փաստաթղթեր։ Ակնհայտ է, ուրեմն, որ նա դատարանում փորձելու է ապացուցել, թե հայ ժողովրդի նկատմամբ եղեռն էր կատարվում եւ ինքը կանխել է դա։ Իսկ ՀՀ քրօր-ի 14-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործություն չի համարվում ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում կատարված գործողությունը. «Այսինքն՝ մի այնպիսի վտանգ վերացնելու համար, որը սպառնալիս է եղել Հայաստանի Հանրապետության շահերին, հանրային շահերին … եթե այդ վտանգը տվյալ հանգամանքներում չէր կարող վերացնել այլ միջոցներով, եւ եթե հասցված վնասը կանխված վնասի համեմատությամբ ավելի նվազ կարեւորություն ունի»։
Ա. Ի.