Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 27,2000 00:00

ԱԳՆ-Ի ՊԵՐՃԱՆՔԸ ԵՎ ՄԵՐ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ Վերընթաց, վերընթաց, մինչեւ վերջ 2000 թվի Հայաստանի արտաքին քաղաքականությունը երեկ արտգործնախարար Վարդան Օսկանյանը գնահատեց որպես «ակտիվ եւ արդյունավետ»։ Քանի որ մեր արտաքին քաղաքականության խոշոր ձեռքբերումներն ու անուրանալի հաջողությունները, որոնց մասին երկար խոսեց նախարարը, այնքան էլ տեսանելի եւ շոշափելի չեն, պրն Օսկանյանի նման գնահատականը վերագրում ենք այս տարի նրա ակտիվ շրջագայությունների, նորանոր երկրներ ոտք դնելու շատ մարդկային զգացողությանը։ Պրն Օսկանյանն այս տարի պաշտոնապես եղել է Լատինական Ամերիկայում՝ Արգենտինայում, Ուրուգվայում եւ Բրազիլիայում (չՊպ ՎվՏչՏ ՊՌՍՌւ Տոպջ255վ)։ Եթե ԱԺ նախագահ Ա. Խաչատրյանն իր այցելությունները հիմնավորող մեկ փաստարկ է բերում՝ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ապա պրն Օսկանյանը, օրինակ, Ուրուգվայի ԱԳՆ-ի հետ ստեղծել է միջգերատեսչական համատեղ հանձնաժողով։ Ընդհանրապես շատ են արտաքին հարաբերությունների ասպարեզի մեր հաջողությունները։ Օրինակ՝ «Ճապոնիայի հետ մեր հարաբերությունները բնականոն են»։ Այսինքն՝ Ճապոնիան շարունակելու է մեզ երես տալ զանազան գրանտներով։ Եվս մեկ կարեւոր ձեռքբերում՝ 2001 թ. շարունակվելու է հայ- հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքը։ «Մեր հարեւան երկու երկրների՝ Իրանի ու Վրաստանի հետ հարաբերությունները շարունակում են վերընթաց զարգանալ»։ Ճիշտ է, այս մասին այնքան էլ չեն խոսում Վրաստանով Հայաստան եկող հայերի ամեն կարգի ստորացումները մաքսային կետերում, Թիֆլիսի հայկական գերեզմանատան եւ Վրաստանում հայկական եկեղեցիների ավերումն ու պղծումը։ Սակայն սա էական չէ. Հայաստանն այնքան լուրջ եւ հզոր պետություն չէ՝ հիշաչար լինելու համար, եւ շարունակում է «վերընթաց զարգացնել» Վրաստանին էլեկտրաէներգիայի մատակարարումն, ընդ որում, ավելի էժան, քան՝ իր բնակիչներին։ Շարունակենք մեր մյուս հաջողությունների թվարկումը։ «Թեեւ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում զգալի տեղաշարժ չի գրանցվել, սակայն հաջողվել է պահպանել նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածությունները, հատկապես՝ խնդիրը փոխզիջումային տարբերակով լուծելու համաձայնությունը»։ Այսինքն՝ ակտիվացել են գաղտնի կամ կոնսպիրացված բանակցությունները, երբ, ասենք, ինչ-ինչ տնտեսական բանակցությունների անվան տակ նախագահ Քոչարյանը եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այլազգիների հետ տալիս-առնում են մեր տնտեսական խնդիրները, ասես մեր հարգարժան վարչապետն ունակ չէ կապակցված եւ գրագետ ներկայացնել արդեն տնտեսական ոլորտի մեր ձեռքբերումները։ «Հայաստան-Թուրքիա հարաբերություննե րում,- հպարտորեն նշում է պրն Օսկանյանը,- հակառակ մեր կողմից վարած ներգրավման քաղաքականության, դեռեւս էական առաջխաղացում չկա՝ հիմնականում ԼՂ եւ Հայոց ցեղասպանության խնդիրների պատճառով»։ Իր նախորդ ասուլիսում պրն Օսկանյանը հավատացած էր, որ, ա՛յ, կիմանա թուրք շարքային քաղաքացին, որ իր պապն ու պապի հայրը մարդասպան են, կզայրանա իր իշխանությունների վրա՝ սույն փաստն իրենից այդքան ժամանակ թաքցնելու համար, եւ դուրս կգա բողոքի ցույցի ու մեզ հետ ընկերություն անելու։ Սակայն ֆանտաստիկայի ժանրին պատկանող այս տեսարանը միայն վկայությունն է, թե որքան ռոմանտիկ է մեր դիվանագիտությունը։ Թուրքերը, ցավոք, «չներգրավվեցին»։ Սակայն շեղվեցինք ձեռքբերումները թվարկելուց։ Այս տարի Ամերիկան (շնորհիվ մեր կոմպլեմենտար քաղաքականության եւ նախագահի համարյա վարժ անգլերենի) կշարունակի Հայաստանին եւ Ղարաբաղին տրամադրել օգնություն։ Դա մի կլորիկ գումար է կազմելու՝ 90 մլն դոլար։ Մեր նախարարը վստահ է, որ Բուշի վարչակարգի հետ հայ-ամերիկյան հարաբերությունները «վերընթաց ուղիով կզարգանան»։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել