Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 26,2000 00:00

Ուղեւորություն հայության մեջ 1993-ին Անգլիայի Հարբր-Քոլինզ հրատարակչությունում լույս է տեսել անգլիացի երիտասարդ ուղեգիր Ֆիլիպ Մարստոնի «Հանդիպման վայր. Ուղեւորություն հայության մեջ» գիրքը։ Այն գրված է հայ էթնոսի, մշակույթի համակարգի եւ հայության հավիտենական արժանիքների զգացմամբ ու գնահատանքով։ 1994թ. գիրքը արժանացել է բրիտանական Սոմերսեթ Մոեմ մրցանակին, թարգմանվել մի շարք լեզուներով։ 1999-ին Լուսիկ Կխլոյան-Սրապյանի թարգմանությամբ հրատարակվում է գրքի հայերեն օրինակը։ Ճակատագրի բերումով երիտասարդ Ֆիլիպը տեսնում է Անին, Աղթամարը, Վանա լիճը։ Արեւմտյան Հայաստանի գյուղերից մեկի ավերակներում գտնելով մի ոսկոր «եւ իմանալով, որ դա պատկանում է «էրմենիի», ընկնում է մտատանջության մեջ, թե ո՞վ է այս ժողովուրդը եւ ինչ պատահած էր անոր»։ Կարդալով, ծանոթանալով, պրպտելով եւ որոնելով հայոց մշակույթի, պատմության վերաբերյալ նորանոր տեղեկություններ, փաստեր, Ֆիլիպի մեջ մեծանում է ակնածանքը ուսումնասիրվող ժողովրդի նկատմամբ եւ «զանոնք ավելի զարմանալի եւ ավելի առեղծվածային» դարձնում։ Հայ էթնոսի «ներսից» կատարվող դիտարկումների շնորհիվ Ֆիլիպ Մարստոնը հանգում է հետեւյալ կարեւոր եզրակացություններին, որ հայոց պատմությունը ավելի շուտ եւ ավելի շատ գոյատեւման պատմություն է եւ որ հայերն ունեն ինքնատիպ մտածելակերպ, աշխարհընկալում եւ սեփական գաղափարներ։ Շնորհիվ իրենց ոգու առանձնահատկությունների, հայերը «աքսորի մեջ հետաքրքրականորեն ճկուն են, միայն հրեաները նույնպիսի կատաղությամբ դիմադրած են ձուլմանը»։ Հայոց պատմությունը, հայերի պատմամշակութային ժառանգությունը անանց է եւ հավիտենական։ Թուրքերը հաջողեցին վերջ տալ Հայաստանին, բայց ոչ հայերին. հպարտությամբ վավերացնում է ճանապարհորդագիրը։ Շնորհիվ մշակութային կենսունակ, ամուր արմատների, հայերը անցել են փորձությունների բովով եւ զարմանալիորեն հայ մնացել։ Ֆիլիպ Մարստոնի «Հանդիպման վայրը» ուղեւորությունը ավարտվում է Սյունյաց լեռնաշխարհի գյուղերից մեկում։ Ըստ ուղեգրի, հայոց ոգիի աղբյուրը հենց այս գյուղերն են, այս հող ու քարի, այս մշակույթի կրողները։ Հայկական ոգին առավել զորեղ է, երբ վտանգն ավելի ուժեղ է։ Բոլոր հայերի մեջ անթեղված է «ժառանգված վախ՝ կորուսված հողի»: ՍՎԵՏԼԱՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել