Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 26,2000 00:00

ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԸ՝ 100-ԱՄՅԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՎ 1 ՄԱՐԶԻԿ Մեզ՝ գործող մարզական լրագրողներիս, աննախադեպ պատիվ է ընձեռվել որոշելու 20-րդ դարի Հայաստանի թիվ 1 մարզիկին, ինչպես նաեւ տալ եւս 4 անուն, ովքեր արժանի են կազմելու այն երանելի հնգյակը, ումով իրավամբ պարծենում է ողջ հայ ժողովուրդը։ Անկեղծ ասած, առաջադրանքը նաեւ պարտավորեցնող էր ու անչափ պատասխանատու, որովհետեւ մեր առջեւ անուններ էին, որոնցից յուրաքանչյուրը մի իսկական լեգենդ է հայկական սպորտի պատմության մեջ։ Այնպես որ, խոնարհվելով նախնական ցուցակում ընդգրկված 22 մարզիկներից յուրաքանչյուրի առջեւ, նրանց բոլորին էլ ընդունում եմ որպես առաջին մեծության աստղ եւ արժանի ամենաբարձր հարգանքի ու մեծարման։ Բայց, ինչ արած, հնգյակը կազմվել է ձայների պարզ գումարումով։ 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել օլիմպիական բազմակի չեմպիոն, մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը (142 միավոր)։ 2-րդ տեղում է նույնպես սպորտային մարմնամարզիկ« լեգենդար Հրանտ Շահինյանը (119)։ Ծանրորդ, մարզական հնարավոր բոլոր պարգեւների ասպետ Յուրի Վարդանյանը ճանաչվել է 3-րդը (93)։ 4-րդը շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանն է (58)։ Երանելի հնգյակը եզրափակում է բռնցամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը (34)։ Ավանդույթի համաձայն, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան յուրաքանչյուր տարվա վերջին որոշում է նաեւ մրցաշրջանի Հայաստանի մարզիկների լավագույն տասնյակը։ 2000-ը առանձնանում է նրանով, որ այն նաեւ օլիմպիական տարի էր, ուստի լավագույններից լավագույնին որոշելու համար չափանիշ էին հանդիսանում նախեւառաջ ամառային 27-րդ օլիմպիական խաղերում մեր մարզիկ-մարզուհիների ցույց տված արդյունքները։ Հարցմանը մասնակցել է 36 մարզական լրագրող, որոնց պատասխաններն ամփոփելով, տասնյակը հետեւյալ տեսքն է ստացել։ 2000թ. Հայաստանի թիվ 1 մարզիկ է ճանաչվել Սիդնեյի օլիմպիական խաղերում պաշտոնապես միակ բրոնզե մեդալը նվաճած ծանրորդ Արսեն Մելիքյանը, որը վաստակել է 338 միավոր։ Նրան չնչին տարբերությամբ է զիջել, նույնպես ծանրորդ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանիելյանը (326)։ Եռյակը եզրափակում է երկաթախաղի եւս մեկ ներկայացուցիչ՝ Ռուդիկ Պետրոսյանը (209)։ Նրանց հաջորդում են՝ 4. Արշակ Հայրապետյանը (ազատ ոճի ըմբշամարտ, 177), 5. Արամ Ռամազյանը (բռնցքամարտ, 141), 6. Քրիստինե Նաջարյանը (սամբո, 193), 7. Բագրատ Օհանյանը (բռնցքամարտ, 134), 8. Աշոտ Անաստասյանը (շախմատ, 113), 9. Մովսես Կարապետյանը (հունահռոմեական ըմբշամարտ, 104), 10. Արթուր Պետրոսյանը (ֆուտբոլ, 87)։ Տասնյակում տեղ գրավելուն ընդհանուր առմամբ հավակնում էին 29 մարզիկ-մարզուհիներ։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել