Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 26,2000 00:00

ՄԱՍՆԱՎՈՐ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵՆ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը հրաժարվել է ստուգումներ անցկացնել «Նեյրոն» մասնավոր վարժարանում։ Եթե այդ ստուգումների ընթացքում հաստատվեին «Առավոտի» հրապարակման մեջ բերված ֆինանսական խախտումների փաստերը, ապա հնարավոր է վարժարանը փակելու որոշում կայացվեր, մանավանդ որ բովանդակային բնույթի խախտումները, ԿԳՆ-ի անցկացրած ստուգումներով, հաստատվել էին։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը ստուգումներից հրաժարվելու իր որոշումը հիմնավորել է նրանով, որ մասնավոր դպրոցը, որպես ոչ պետական հիմնարկ, չի կարող իր ուսումնասիրության օբյեկտը լինել։ Նույնիսկ լուսավորել էին, որ նման ստուգումները հարկային տեսչության գործն են, որն էլ, ոնց որ թե առանձնապես հետաքրքրված չէ այս վարժարանով։ ԿԳՆ-ն ֆինանսական ստուգումներ անցկացնելու իրավունք չունի։ Բայց վարժարանի նկատմամբ վերջինիս վերաբերմունքը փոխվել է. եթե մոտ մեկ ամիս առաջ բովանդակային խախտումները բավարար էին, որպեսզի վարժարանի գործունեությունը կասեցնելու որոշում կայացվեր, այսօր արդեն նման վտանգ վարժարանին չի սպառնում։ Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության աշխատակցի՝ Անահիտ Մելքոնյանի կարծիքով. «Դպրոցը փակելը խղճին մոտ չէ»։ Պետք է մտածել վարժարանի սաների ու մանկավարժների մասին։ Տիկին Մելքոնյանը, որ զբաղվել է այս վարժարանի հարցով, չթաքցրեց էլ, որ հնարավոր ամեն ինչ արել են՝ հաշտեցնելու վարժարանի ղեկավարությանն ու նրա դեմ բողոքող մանկավարժներին։ Հիշեցնենք, որ վերջիններս, ի թիվս բազմաթիվ մեղադրանքների, պնդում են, որ տնօրենը յուրացրել է իրենց հասանելիք աշխատավարձը։ Անահիտ Մելքոնյանի վկայությամբ՝ վարժարանի տնօրենը աշխատավարձերը վճարելու պատրաստակամություն է հայտնել։ Սակայն բողոքող մանկավարժներից Սերգեյ Գալոյանը, աշխատավարձը ստանալու եւ հաշտվելու փոխարեն, նախընտրել է դատարան դիմել եւ դատարանով լուծել իրենց վեճը։ Տնօրենի առաջարկած աշխատավարձի չափը՝ 47 հազար 800 դրամը, պրն Գալոյանն իր աշխատանքի դիմաց արժանի փոխհատուցում չի համարում։ Տիկին Մելքոնյանն առաջարկել է որոշում չկայացնել մի քանի օրվա ստուգումներով եւ վարժարանում համալիր ստուգումներ անցկացնել։ Եթե համոզվեն, որ վարժարանը կոպիտ խախտումներ է թույլ տալիս, նոր այն փակելու մասին կմտածեն։ Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության պետ Ռոբերտ Գաբրիելյանից տեղեկացանք նաեւ, որ գարնանը նախատեսում են ուսումնասիրություններ անցկացնել ոչ պետական դպրոցներում, որոնց, ինչպես եւ մասնավոր բուհերին, գործունեության արտոնագիր տալու իրավունքը ծառայությանն է։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել