Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 26,2000 00:00

ԿՀԱՍՑՆԵ՞Ն ՄԻՆՉԵՎ ՆՈՐ ՏԱՐԻ «Առավոտն» ամիսներ առաջ գրել էր Կոնդ թաղամասի այն 76 ընտանիքների մասին, որոնց բնակարանները իրացնելուց (քանդելուց) տասներկու տարի հետո պետությունը հատկացրել է ընդամենը չորս բնակարան։ Մի քանի ամիս է՝ այս բնակարանները չի հաջողվում բաշխել, քանի որ ինքներդ եք հասկանում, 4-ը 76-ի դժվար է բաժանվում, մանավանդ եթե խոսքը բնակարանների մասին է։ Ամիսների ընդմիջումից հետո անտուն բնակիչներից մեկից՝ Գոհար Ավետիսյանից տեղեկացանք, որ այդ բնակարանները դեռ մնում են չբաշխված եւ իհարկե կռվախնձոր՝ կոնդեցի ընտանիքների միջեւ։ Փոխարենը քաղաքացիները շարունակում են ստանալ «պարզաբանող» գրություններ զանազան ատյաններից։ Այդ գրություններում առավել հաճախ հանդիպող պարբերությունն է.«Նախկին գործադիր կոմիտեների կողմից ձեր ընտանիքների հետ կնքված պայմանագրերի եւ ընդունված որոշումների փոխարեն… դրամական փոխհատուցման տրամադրման կամ բնակարանի հատկացման մասին նոր պայմանագիր կնքելու աշխատանքները սկսվելու ժամանակ լրացուցիչ ձեզ կտեղեկացվի»։ Ավելի կոնկրետ տեղեկատվություն ստանալու համար դիմեցինք Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետարանի բնակարանային վարչության պետ Վարդգես Հայոցյանին։ Վերջինս ավետեց, թե՝ «մինչեւ Նոր տարի այդ հարցը կլուծեն»։ Պարոն Հայոցյանի տվյալներով, այժմ բնակարան ստանալու պայմանագիր ունի միայն 31 ընտանիք, որոնց միջեւ էլ կբաշխվեն եղած չորս բնակարանները։ Դրանցից երկուսի հարցն ինքնըստինքյան դուրս է գալիս, քանի որ հենց երկու ընտանիք ունի չորս սենյականոց բնակարանի պայմանագիր։ Իսկ մյուսների բախտը կվճռի վիճակահանությունը, քանի որ, ինչպես պրն Հայոցյանն ասաց, «ռեալ չէ որոշել, թե ով է ավելի կարիքավոր, ում է ավելի շատ բնակարան անհրաժեշտ»։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել