Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 26,2000 00:00

Արմոն եւ իշխանությունը՝ Արմենի դեմ Ինչպես են փակել ավտոկանգառը՝ յուրայինի «գործին չխփելու» համար «Քրիստինե-1» ՍՊԸ տնօրեն Արմո Ավետիսյանը, որը Էրեբունի համայնքում ավտոկանգառ-ավտոշուկա ունի, բողոքով դիմել է Երեւանի քաղաքապետարան, թե դիմացի մայթին գործող ավտոկանգառը իր գործերին խանգարում է։ Այս բողոքից հետո հարեւան՝ «Շահեն Ավետիսյան» ԱՁ-ի ավտոկանգառը իրավապահները որոշ ժամանակով փակեցին, իսկ ԱՁ-ի տնօրեն Արմեն Ավետիսյանը հայտնվեց քաշքշուկների մեջ։ Ըստ վերջինիս, իրենց ավտոկանգառի գործունեության առաջին իսկ օրից, մեկ ավտոմեքենայի կանգառումն արժեր 500 դրամ, իսկ բողոքող կողմի՝ դիմացի «Քրիստինե-1» ՍՊԸ-ում՝ 2000 դրամ եւ այդ պատճառով էլ մարդիկ նախընտրում էին էժանը։ Դեպքերն այսպիսի ընթացք ունեցան։ Երեւանի քաղաքապետի 1999թ. մի որոշումով Խաչիկ Դաշտենցի փողոցի վերջնամասում ավտոկանգառ կազմակերպելու նպատակով 50 տարի ժամկետով, վարձակալական հիմունքներով «Շահեն Ավետիսյան» անհատական ձեռնարկությանը (տնօրեն՝ Արմեն Ավետիսյան) տրվել է 4.28 հա տարածք՝ ավտոկանգառ կազմակերպելու համար։ Կնքվել է հողի վարձակալության պայմանագիր, կազմվել նախագիծ՝ համաձայնեցված քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության հետ, ստացել գործունեության համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները եւ այլն։ Ըստ տնօրեն Արմեն Ավետիսյանի, կառուցապատելու համար ներդրել են մոտ 400 հազար դոլարին համարժեք գումար՝ հատկացված տեղանքն աղբից ու քարերից մաքրելու, բարեկարգելու եւ անհրաժեշտ շինարարության համար։ 2000թ. օգոստոսի 20-ին Էրեբունու թաղապետի պահանջով ու դատախազի գրության հիման վրա Արմեն Ավետիսյանի ավտոկանգառի գործունեությունը ՆԳ բաժնի աշխատողների կողմից դադարեցվել է, ավտոկանգառը փակվել։ «Դրա համար թաղապետը, որպես պատրվակ, նշել է «ավտոկանգառի կազմակերպման փաստաթղթերի վերաբերյալ պետական բնապահպանական փորձաքննության եզրակացության բացակայությունը», որը ես նրան ներկայացրել էի դեռեւս օգոստոսի 9-ին, բայց նա չուզեց անգամ նայել։ Բայց եթե անգամ մենք չունենայինք այդ եզրակացությունը, ապա դրա համար կարող էր նշանակվել տույժ եւ ոչ թե դադարեցվեր ավտոկանգառի գործունեությունը»,- ասում է Արմեն Ավետիսյանը։ Ընդ որում, քաղաքապետ Ա. Բազեյանը 10.07.2000թ. որոշում է կայացրել ավտոկանգառը լուծարելու եւ «իրավաբանական ուժ ունեցող անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստելու նպատակով» հանձնաժողով կազմելու մասին եւ որի նախագահ է նշանակել հենց Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանին։ Այս պատմությանը մեծ ոգեւորությամբ է միացել բնապահպանության նախարար Մուրադ Մուրադյանը։ Վերջինս նախարարության կողմից նույնիսկ հայցով դիմեց դատարան՝ ընդդեմ «Պետական բնապահպանական փորձաքննություն» ՊՓԲԸ-ի՝ վերջինիս կողմից 09.08.2000թ. «Շահեն Ավետիսյան» ԱՁ-ին տրված եզրակացությունը չեղյալ համարելու պահանջի մասին։ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը եւ ապա վերաքննիչ դատարանը հայցը մերժել են։ «Ամեն կերպ ամեն քայլի դիմում են. այսօր՝ բնապահպանության նախարարությունից, վաղը՝ մի ուրիշ տեղից, որ կարողանան իրենց ուզածին հասնել, հիմա նախարարն ու թաղապետը եւ Արմո Ավետիսյանը («Քրիստինե-1» ՍՊԸ տնօրենը) դուրս են եկել մեզ վրա։ Մենք բոլոր գումարները մուծել ենք, այդ ձեռնարկությունը մեզ հետ սկզբից պայմանագիր է կնքել, 10-20 տարվա փորձագետներ են եկել-ստուգել։ Նրանք դատարանում պնդում էին, որ իրենք ճիշտ են եղել ու նման դեպք նախարարության պատմության մեջ չի եղել…,- ասում է Արմեն Ավետիսյանը։- Բուն պատճառն այն է, որ բնապահպանության նախարարը ընդհանուր համաձայնության է եկել թաղապետի եւ դիմացի ավտոկանգառի հետ, որ մեր կանգառը փակեն եւ պատրվակ են գտել, իբր բնապահպանության փորձաքննության թուղթը անօրինական է մեզ տրվել։ Դատարանում նախարարության իրավաբանական վարչության պետին հարցրել է՝ այդ առիթո՞վ է արդյոք աշխատանքից ազատվել թուղթը տվող իրենց աշխատակիցը։ Զարմանալի էր, երբ պետն ասաց՝ ոչ, նա ուրիշ աշխատանքի անցնելու կապակցությամբ է իր դիմումով ազատվել»։ Տարօրինակ է, որ նախարարությունը դատարան է բողոքել իր փորձագետի դեմ, որին աշխատանքից չի էլ ազատել բողոքում նշված «աշխատանքային թերությունների» համար։ Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել