ԱՅՍՏԵՂ Է՞Լ Է ՄԵՆԱՇՆՈՐՀ Մոմի վաճառքը՝ որպես եկեղեցու «բյուջեի ճեղքվածքը» փակելու ձեւ Մատուռում մոմ վառելու համար այն կարող ես ձեռք բերել երկու տեղից. առաջինը՝ եկեղեցուց, մյուսը՝ եկեղեցուն հարող տարածքից, որտեղ սովորաբար գինն ավելի էժան է լինում։ Սակայն վերջին տարբերակը գրեթե բոլոր եկեղեցիներում չի ընդունվում, որոնց կանոնների ցուցատախտակում կարող եք կարդալ. «Դրսից մոմ չբերել»։ – Ի՞նչ տարբերություն կա եկեղեցու ու նրան հարող տարածքում վաճառվող մոմերի միջեւ,- հարցրի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու ավագ քահանա տեր Սարգիս Չախարյանին։ – Ոչ մի տարբերություն էլ չկա։ Պարզապես ամբողջ եկեղեցու հիմնական ծախսերը մոմի վաճառքից ստացված գումարով ենք հոգում։ Սակայն երբ որեւէ մեկը եկեղեցի է մտնում մոմը ձեռքին, ոչ մեկի կողմից արգելք չի լինում,- բացատրեց տեր Սարգիսը։ Սակայն այլ կարծիքի են եկեղեցիների հարակից տարածքում մոմ վաճառողները, որոնք հալածվում են եկեղեցու աշխատողների կողմից։ Օրական երկու անգամ փարաջա կրողները ստուգում են անցկացնում, ստանձնելով ոստիկանի դեր եւ հրմշտելով վտարում են նրանց՝ հասարակությանը պատկանող այդ տարածքներից։ Լինում են դեպքեր, երբ վաճառողների մոմերը առանց որեւէ իրավունքի զավթվում են։ – Փարաջավորների մաֆիան է, մաֆիան,- ասաց նրանցից մեկը։ Մի մեծ հարց էլ կա. մոմերն այրվում են, հալչում։ Եկեղեցու ժրաջան աշխատողներն էլ իրենց պարտականություններն են կատարում. մոմալիճ վահանակի մեջ ջուր լցնում, փոքրիկ բահով արագ-արագ կիսահալ, ծռմռված մոմերը հանգցնում եւ փրկում սալահատակը ավազախառն հալոցքից։ Եվ սա, եթե կարելի է անվանել ծիսակարգ՝ սկիզբ ու վերջ չունի։ Մի կողմից կեղծ բարեպաշտություն, մյուս կողմից՝ մեխանիկական արարողություն, երբ գրեթե բոլորը, Աստծո պատվիրաններն ու աղոթքները մոռացած, կամա թե ակամա հետեւում են այս իրարանցմանը։ Գուցե փորձենք քչացնել մոմերի քանակը եւ խտրականություն չդնենք՝ թե որտեղից գնել այն, քանզի մոմի քանակն ու վաճառվող վայրը չէ, որ պիտի որոշի հավատի կշիռը։ ՀՌԻՓՍԻՄԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ