Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 26,2000 00:00

Մեկը «զղջում» է, մյուսը՝ ոչ Երեկ Շենգավիթի առաջին ատյանի դատարանում՝ «Նաիրիտի» նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանի եւ ձեռներեց Համբարձում Սարգսյանի դեմ հարուցված քրգործի դատաքննության ավարտին, իրենց պաշտպանական ճառերով հանդես եկան դատապաշտպանները։ Հիշեցնենք, որ մեղադրող կողմն առաջարկել էր Գ. Ներսիսյանին՝ 8 տարի ազատազրկում, Հ. Սարգսյանին՝ 4 տարի։ Վերջինիս պաշտպան Ռ. Գրիգորյանը գտնում էր, որ իր պաշտպանյալը զղջացել է, այդ իսկ պատճառով առաջարկում էր մեղմ պատիժ։ «Դատարանը պետք է հաշվի առնի երկրի տնտեսական վիճակը, հաշվի առնի այն, որ հափշտակություն տեղի չի ունեցել, այլ՝ փոխհատուցում»,- ասաց Ռ. Գրիգորյանը։ Մինչդեռ ամբաստանյալ Գագիկ Ներսիսյանը գտնում էր, որ իր նկատմամբ «անօրինական, կեղծ ցուցմունքներ են տրվել», ուրիշների անվան տակ ստորագրվել է, իսկ այն մարդիկ, ում անուններով ցուցմունքներ են տրվել, պնդել էին, թե իրենք ոչնչից տեղյակ չեն։ «Եթե մեր արդարադատությունը չի պարզում, ով ինչ է արել, իսկ քննիչը սուբյեկտիվ վերաբերմունք է ցույց տալիս, ապա, երբ ես ազատվեմ, ինքս պետք է լուծեմ այդ մարդկանց հարցերը»,- ավարտելով իր ճառը ասաց նա։ Գ. Ներսիսյանի պաշտպան Վ. Յավրումյանը իր պաշտպանական ճառում նշեց, որ դատաքննության ընթացքում շրջանցվել են իր պաշտպանյալին արդարացնող ապացույցները, որոնք քննիչի կողմից ներկայացվել են իբրեւ սուբյեկտիվ մեղադրանք։ «Գլխավոր դատախազությունն իրավունք չուներ առանց բաժնետիրական ընկերության խորհրդի թույլտվության ինքնագլուխ ստուգումներ կատարել «Նաիրիտում»,- ասաց նա,- մեղադրանքներն անհիմն են, քանի որ ակտը կազմվել է ոչ թե հատուկ էքսպերտների ստուգման եւ որոշման հիման վրա, այլ անհայտ շուկայում հարց ու փորձի հետեւանքով։ Պետք է նկատի առնել, որ իրերը գնվել են 1996-98թթ. թանկ գներով եւ, որ հիմա կատարվել է գների անկում»։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ գործողությունները տեղի են ունեցել այլ տնօրենի օրոք, եւ որ Գագիկ Ներսիսյանը չպետք է պատասխան տա նրա գործողությունների համար։ Գ. Ներսիսյանի պաշտպաններն առաջարկում էին նրա նկատմամբ խափանման միջոցը փոխել. ազատ արձակել դատարանի դահլիճից։ Նրա երկրորդ փաստաբանը՝ Հ. Գալյանը, նկատեց, որ մեղադրողները, չունենալով իսկական ապացույցներ, գործն ավարտած են համարել եւ չգործած մեղքի համար պատասխանատվության կանչել իր պաշտպանյալին։ «Ըստ քրդատօրի 33 հոդվածի 8-րդ կետի,- նկատեց պաշտպանը,- քրեական հետապնդում կարող էր իրականացվել միայն պրն Գուլյանի գործով։ Քանի որ ապրանքների գները որոշվել են պայմանագրերով, կողմերի փոխադարձ համաձայնությամբ, գործը կրում է քաղաքացիական բնույթ եւ հնարավոր չէ դրանց քրեաիրավական երանգ տալ»։ Հետեւաբար, առաջարկվում է Գ. Ներսիսյանին անպարտ ճանաչել։ Ն. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել