Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 26,2000 00:00

ՎԱՆԴԱԿԱՃԱՂԵՐԻ ՆԵՐՍՈՒՄ՝ ՁԵՌՆԱՄԱՐՏ Տուժողը ձեռնափայտով հարձակվում է դատապաշտպանի վրա Երեկ ԼՂՀ Գերագույն դատարանը փորձեց շարունակել մարտի 22-ի ահաբեկչության գործը։ Սակայն այն չհաջողվեց՝ դատական դահլիճում սկսված ծեծկռտուքի պատճառով։ Այդ առիթով դատապաշտպաններ Ժուդեքս Շաքարյանը, Էդվարդ Չինարյանը եւ Անժելա Հակոբյանը հանդես են եկել հայտարարությամբ՝ ուղղված ՀՀ ԱԺ նախագահին. «Մեծարգո պրն Ա. Խաչատրյան, սույնով հայտնում ենք, որ «Սամվել Բաբայան եւ մյուսներ» քրեական գործով ԼՂՀ Գերագույն դատարանը նիստը նախագահող պրն Ս. Ալեքսանյանի եւ մասնակցող դատախազ Մավրիկ Ղուկասյանի կողմից անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծվում ՀՀ քրդատօր 47 հոդվածով սահմանված պաշտպանի մեր իրավունքներն իրականացնելու համար։ Ս.թ. դեկտեմբերի 25-ին պաշտպան Ժուդեքս Շաքարյանն, օգտվելով օրենքով սահմանված իր իրավունքներից, փորձեց հանդես գալ միջնորդությամբ, այն է՝ բացարկ հայտնել դատախազ Մ. Ղուկասյանի դեմ։ Նիստը նախագահող պրն Ս. Ալեքսանյանը արգելեց Ժ. Շաքարյանին միջնորդությունը ներկայացնել, պատճառաբանելով, թե պաշտպանը նպատակ ունի ձգձգել դատաքննությունը։ Պաշտպան Ժ. Շաքարյանը հայտարարեց, որ նման պայմաններում, երբ դատարանը խախտում է օրենքը, սահմանափակում է պաշտպանի իրավունքները. ինքը չի կարող մասնակցել դատական նիստին եւ հեռացավ դատարանի դահլիճից։ Նիստը նախագահողը պաշտպան Ժ. Շաքարյանի հասցեին անվայել արտահայտություններ թույլ տալուց հետո հայտարարեց ընդմիջում։ Որոշ ժամանակ անց պրն Ս. Ալեքսանյանը պաշտպան Ժ. Շաքարյանի հետ զրույց ունենալուց հետո վերսկսեց դատաքննությունը։ Երկու ամբաստանյալների՝ Գառնիկ եւ Վալերի Ծատրյանների բացատրությունները լսելուց հետո, նախագահը հրապարակեց տուժողների եւ որոշ ամբաստանյալների հարազատների դիմումը, որով նրանք բողոքում են դատական նիստի ձգձգումների դեմ։ Դրանից հետո պաշտպան Ժ. Շաքարյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ ընդմիջման ժամանակ, երբ նա վերադարձել է նիստերի դահլիճ, իր իրերը վերցնելու, տուժողներից Ս. Սարգսյանը խուլիգանական հայհոյանքներ տալով նրա հասցեին, փորձել է ձեռնափայտով հարվածել, որը կանխվել է միլիցիայի աշխատակիցների միջամտությամբ։ Ժ. Շաքարյանը նշեց, որ ինքը նման հայտարարությամբ հանդես չէր գա, եթե նիստը նախագահողը պայմանավորվածության համաձայն ինքը զգուշացներ տուժողին եւ մյուսներին նման արարքների անթույլատրելիության մասին։ Այդ ժամանակ տուժող Ս. Սարգսյանը վիրավորական արտահայտություններ թույլ տվեց առանձնախցում գտնվող Սամվել Բաբայանի հասցեին, որից հետո ամբաստանյալների միջեւ քաշքշուկ ստեղծվեց։ Պաշտպանական կողմը գտնում է, որ նման սադրանքը նախապես պլանավորված է եղել ԼՂՀ դատախազության կողմից արհեստական դժգոհություն առաջացնել տուժողների եւ այն ամբաստանյալների մոտ, որոնց խոստացել են Ս. Բաբայանի դեմ մեղադրող ցուցմունքներ տալու դեպքում, կարճ ժամանակից նրանց ազատել կալանքից։ Այդ մասին է վկայում դեպքին նախորդող պահին վերը նշված դիմումն ընթերցելը եւ տուժողների ագրեսիվ վարքագիծը։ Նման սադրանքների պայմաններում պաշտպանական կողմը զրկվել է իր լիազորություններն իրականացնելու հնարավորությունից։ Տեղյակ պահելով Ձեզ վերը շարադրվածի մասին, հայտնում ենք, որ մինչեւ պատշաճ կարգ ու կանոն չստեղծվի դատաքննության ընթացքում եւ չերաշխավորվի պաշտպանների անվտանգությունը, մենք հրաժարվում ենք մասնակցել հետագա դատական նիստերին։ Որպես ՀՀ քաղաքացիներ ակնկալում ենք Ձեր անմիջական միջամտությունը»։ Ըստ «Ազատություն» ռ/կ ստեփանակերտյան թղթակցի, Սամվել Բաբայանի պաշտպանի վարքը դատապարտելի էր, իսկ ամբաստանյալները, որոնք մինչ այս հանդես էին եկել զսպվածությամբ, բաժանվեցին երկու կողմի. նրանց, ովքեր կողմ են դատաքննության շուտափույթ ավարտին եւ նրանց, ովքեր կողմ էին ձգձգման։ «Առանցքային ամբաստանյալ» Ս. Բաբայանի կապակցությամբ էլ այն միտքն էր արտահայտվել, որ նա գիտակցել է, որ «ակտի» հեղինակն ինքն է։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել