Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 26,2000 00:00

ԱԽՊԱՐՆԵՐՆ ԷԼ «ՔՑԵՑԻՆ» 1997թ. հուլիսին «Երեւանի «Արարատ» գինու կոմբինատ» ԲԲԸ-ի հետ պայմանագիր է կնքվել, որով ամերիկյան կողմը պարտավորվել է անձնական եւ վարկային միջոցներով 5 մլն դոլարի ներդրում կատարել։ Դրա դիմաց հայկական կողմը պարտավորվել է ներդրողներին փոխանցել ընկերության 51%-ը։ Սակայն ամերիկյան կողմը, ի դեմս Կայծակ Զեյթլյանի, Կ. Բազրգանյանի, Խ. Սիմոնյանի եւ Հ. Ավետիսյանի, ներդրել է ընդամենը 803 հազար դոլար, փոխարենը պնդել ու պահանջել բաժնետոմսերի 51%-ը։ Ու ինչպես լինում է նման դեպքերում, կողմերի միջեւ վեճ է ծագել։ Եվ «սայլը ճռռալու փոխարեն՝ սելվորն է ճռռացել»։ 1999 թվականի մայիսին Կայծակ Զեյթլյանն ու մյուսները, ներդրած գումարի դիմաց բաժնետիրական իրավունքները ճանաչելու պահանջով, դիմել են Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան։ Իր հերթին, հայկական կողմը՝ ամերիկյան կողմի հետ կնքած պայմանագիրն անվավեր ճանաչելու կամ լուծարելու պահանջով, դիմել է դատարան 2000թ. հունվարին։ Առաջին դատաքննության ընթացքում պարզվել է, որ կնքված պայմանագրերը նոտարական վավերացում չեն ստացել՝ ամերիկյան ներկայացուցչի կողմից համապատասխան լիազորագիր չունենալու պատճառով։ Իսկ արդեն երկրորդ դատաքննության ժամանակ պարզվել է, որ Կայծակ Զեյթլյանի եւ մյուսների ներկայացրած լիազորագիրը տրվել է կեղծ տեղեկատվության հիման վրա։ Հանրապետության նախագահից սկսած մինչեւ ամենավերջին չինովնիկը, մի տարուց ավելի է լոզունգ են արել. «Բարենպաստ մթնոլորտ ստեղծել ներդրումային դաշտի համար»։ Հավանաբար անընդհատ թմբկահարվող այս կարգախոսն է «ոգեւորել» մեր սփյուռքահայ ներդրողներին՝ հայրենիքում գործունեություն ծավալել՝ ինչպես սեփական տնամերձում։ Բայց պարոնայք «ներդրողների» հաշվարկները սխալ են դուրս եկել։ Նրանք չեն պատկերացրել, որ դատարանին ներկայացրած իրենց դիմումը կարող էր բումերանգի դեր խաղալ։ ՀՀ գլխավոր դատախազությունը, քննելով վերը նշված գործը, պարզել է, որ Կայծակ Զեյթլյանը եւ մյուսները, անտեսելով առաջին ատյանի դատարանի որոշումը, «ոչ միայն չեն դադարեցրել կեղծ լիազորագրի հիման վրա դատարանում որպես պատշաճ կողմ հանդես գալը, այլեւ արտադատական կարգով անհիմն պահանջներ են ներկայացնում ընկերության տնօրինությանը եւ փորձում նմանաբնույթ ճնշումների միջոցով լուծել քաղաքացիաիրավական բնույթի վեճը»։ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գեւորգ Դանիելյանից տեղեկացանք, որ Կայծակ Զեյթլյանի եւ մյուսների նկատմամբ քրեական գործ է հարուցվել կեղծ փաստաթղթերի օգտագործման համար (քրօր. 213-րդ հոդվածի 3-րդ մասով)։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել