Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 26,2000 00:00

«ԱՌԱՋՆԱՀԵՐԹ Է ԿՈՐՈՒՍՅԱԼ ՀԱՎԱՏԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ» «Առանց հոկտեմբերի 27-ի լիարժեք բացահայտման, քննարկել հարցեր, առաջ քաշել ծրագրեր, կներեք, բայց կեղծիք է»,- ՀԺԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության երկրորդ կոնֆերանսի ժամանակ ասաց կոնֆերանսի պատգամավորներից մեկը։ Ընդհանրապես, բոլոր ելույթ ունեցողների համար հարցերի հարցը հոկտեմբերի 27-ն էր։ ՀԺԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության առաջին կոնֆերանսը տեղի է ունեցել 1998-ին։ Կարեն Դեմիրճյանի մասնակցությունը կուսակցության անդամների համար եղել էր հույսի եւ հավատի վերականգնման առհավատչյա։ Ներկաները փաստեցին, որ, ի հեճուկս շատերի, ՀԺԿ-ն կա եւ գործում է նաեւ այսօր եւ մտադիր է ավելի ուժեղանալ։ Գագիկ Ասլանյանը շեշտեց, որ այսօր կուսակցությունները իրարից տարբերվում են միայն իրենց եւ իրենց անդամների անուններով եւ, որ ընդդիմություն, որպես այդպիսին, չի ձեւավորվում։ «Այս պարագայում խնդիրը պետք է լինի անձնական ամբիցիաները, համակրանքներն ու հակակրանքները մի կողմ թողնել եւ գործ անել»,- ասաց պրն Ասլանյանը։ Նկատի ունենալով կուսակցության տարածքային կազմակերպության անդամների ակտիվությունը, թերեւս կարելի է փաստել, որ այստեղ գիտեն, թե ինչի համար է կուսակցությունը։ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն իր ելույթի ժամանակ ասաց, որ շատ է կարեւորում կուսակցության ուժեղացումը եւ կուսակցական կարգապահությունը. «Այն բոլոր կանխատեսումները, որ ՀԺԿ-ն կքայքայվի, կվերանա, կթուլանա, չարդարացան։ Իհարկե, ոչ միայն կանխատեսումներ էին անում, այլեւ բավականին լուրջ, ինտենսիվ աշխատանք։ Այսօր էլ ավելորդ չենք համարում հիշեցնել որոշ չակերտավոր գործիչների, որ ուրիշի վրա ցեխ շպրտելով, ուրիշին վարկաբեկելով, միեւնույն է, իրենց հեղինակությունը չի բարձրանա։ Ժողովուրդը շատ լավ գիտի, թե ով՝ ով է»։ ՀԺԿ-ականները վրդովված էին, որ տարբեր հրապարակումներում եւ տարբեր ամբիոններից անհեթեթ բանավեճեր են ընթանում՝ հոկտեմբերի 27-ը ողբերգությո՞ւն է, թե՞ ոճրագործություն։ Նրանց, ովքեր մինչեւ հիմա չեն հասկացել, թե ինչ էր հոկտեմբերի 27-ը, ՀԺԿ ղեկավարն ասաց. «Այդ կարգի մարդկանց համար ողբերգություն հասկացողությունը ինչ-որ անհասկանալի բան է, որովհետեւ քծնողի համար ողբերգություն կարող է լինել միայն այն, որ նրա քծնանքը արդյունքի չի բերում։ Ուրիշ ողբերգություն նրանց համար չի կարող լինել»։ Հոկտեմբերի 27-ի մասին կոնֆերանսի պատգամավորների հարցադրումներին ի պատասխան՝ Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Մենք հետամուտ ենք լինելու մինչեւ վերջ, որպեսզի պատժվեն մարդասպանները եւ կազմակերպիչները եւ լիարժեք բացահայտվի ոճրագործությունը։ Իսկապես որոշ հրապարակումները չեն տեղավորվում տարրական բարոյականության նորմերի մեջ։ Ոչ ոք թող հույս չունենա, թե ժամանակի ընթացքում հոկտեմբերի 27-ը կանցնի, կմոռացվի»։ Խոսվեց նաեւ ՀԺԿ տեղի եւ դերի մասին։ ՀԺԿ-ն կարեւորում է սահմանադրական փոփոխությունները, Ընտրական օրենսգրքի կատարելագործումը, կուսակցությունների մասին օրենքի ընդունումը։ Ստ. Դեմիրճյանի ասելով, այս ամենը կնպաստի քաղաքական դաշտի առողջացմանը, սակայն կուսակցությունները իրենք պետք է պատրաստ լինեն դրան։ Ստ. Դեմիրճյանը շեշտեց, որ ՀԺԿ-ն պետք է դառնա ուժեղ, գործնական, գաղափարական կառույց, առանձին անհաջողություններից՝ պետք է սթափ գնահատի իր գործունեությունը եւ բացառի ինքնագոհությունը։ Կոնֆերանսի ժամանակ ելույթ ունեցող ՀԺկ-ականներից մեկը՝ Արթուր Պետրոսյանը, հոկտեմբերի 27-ի մասին ամենահետաքրքիր ելույթն ունեցավ։ Նա առաջարկեց 27-ի դատավարությունը պահել համաժողովրդական ուշադրության կենտրոնում։ Դատարանի դահլիճում եւ դրսում պետք է հավաքվեն ժողովրդական կուսակցության հազարավոր անդամներ եւ հետեւեն դատավարությանը. «Եթե գործը քննող դատավորն իմանա, որ դատավարությունից հետո պետք է անցնի հազարավոր մարդկանց շարքերի միջով, եթե իմանա, որ ժողովուրդը հետեւում է իրեն, ապա դա նրա վրա ավելի կազդի, քան բջջային հեռախոսով վերեւներից իրենց տրվելիք հրահանգները»։ Արթուր Պետրոսյանը (եւ կոնֆերանսի մասնակիցները) վստահ էր, որ 27-ի կազմակերպիչները բոլորիս հետ քայլում են այս հողի վրայով, նույն օդն են շնչում, «դեռ մի բան էլ ավելին», եւ նրանք պետք է բացահայտվեն ու պատժվեն։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել