Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 23,2000 00:00

ԴՊՐՈՑՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ ԱՆՈՐՈՇ Է Մարզերի դպրոցները դիզվառելիքով ապահովելու պետական ծրագրի առաջին փուլն ավարտվել է եւ, ինչպես ԿԳ ֆինանսատնտեսական հարցերով փոխնախարար Ռոբերտ Զարգարյանից տեղեկացանք, ծրագրով նախատեսված ժամկետները գրեթե պահպանվել են։ Որոշակի պրոբլեմներ են առաջացել Արմավիրի մարզում, որը տեխնիկական պատճառներով (վթարվել էր մեքենաներից մեկը) նախատեսվածից 40 լիտր դիզվառելիք պակաս է ստացել։ Մարզի ղեկավարները 40 լիտր դիզվառելիք ձեռք են բերել պարտքով, մինչեւ որ «Իմպերիալֆուել» ՍՊԸ-ն կարողանա դիզվառելիքը տեղ հասցնել։ Հիշեցնենք, որ «Իմպերիալֆուել» ՍՊԸ-ն մրցույթով էր ընտրվել՝ դպրոցների ջեռուցման ծրագրի առաջին փուլում դպրոցներին դիզվառելիք մատակարարելու համար։ Ու թեեւ մատակարարը իր պարտավորությունները կատարել է, նույնը չի կարելի ասել նրա հանդեպ պետության պարտավորությունների մասին։ Սակայն փոխնախարարը հույս ուներ, որ առաջիկա օրերին կկարողանան վճարել «Իմպերիալֆուելին» տրվելիք գումարը, որն, ըստ պայմանագրի, վերջինս պիտի ստանար ծրագրի ավարտից անմիջապես հետո։ Ծրագրի հաջորդ փուլը ձմեռային արձակուրդներից հետո դպրոցները ջեռուցելու համար է, սակայն մատակարարի մրցույթը այս տարի պիտի հայտարարվի։ Պարոն Զարգարյանից տեղեկացանք, որ իրենք պաշտոնապես դիմել են ՀՀ վարչապետին՝ առաջարկելով դպրոցների ջեռուցման խնդրի լուծումը եւ մատակարարին որոշելու իրավունքը հանձնարարել մարզերին։ Մի կողմից սա կհեշտացնի խնդրի լուծումը, մյուս կողմից դժվար իրականանալի է՝ հաշվի առնելով մարզերի ֆինանսավորման անմխիթար վիճակը։ Իսկ ոչ մի մատակարար «նիսյա» չի աշխատի։ Վարչապետի պատասխանից պարզ կդառնա ծրագրի իրականացման ընթացքը։ Ռոբերտ Զարգարյանը նշեց, որ պիտի աշխատեն մինչեւ դեկտեմբերի 29-ը այդ հարցը լուծել եւ մրցույթ հայտարարել: Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել