Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 23,2000 00:00

Ո՞ՒՄ ԹՎԵՐՆ ԵՆ ՃԻՇՏ ՀՀ պետական եկամուտների նախարարությունը դեկտեմբերի 19-ին տեղեկատվություն էր հրապարակել նոյեմբեր ամսին խոշոր հարկեր վճարած առաջին 20 կազմակերպությունների մասին, որտեղ ընդգրկվել էր նաեւ «Զիգզագ» ՍՊԸ-ն։ Նախարարության տեղեկատվության մեջ նշվել էր նաեւ, որ հրապարակվող ցանկում տեղ գտած կազմակերպությունների մեջ կան այնպիսիները, որոնք նախկինում աչքի չեն ընկել լավ ցուցանիշներով եւ ներկայացվող ցանկում հայտնվել են նոյեմբեր ամսին կատարած վճարումների արդյունքում։ Այս պարզաբանումը կատարել էինք վերոնշյալ ցանկում նաեւ «Զիգզագ» ՍՊԸ-ի եւ մի քանի այլ կազմակերպությունների ընդգրկվելու կապակցությամբ։ Սակայն քանի որ նշված պարզաբանումը հրապարակելուց հետո, դեկտեմբերի 21-ին «Առավոտ» օրաթերթում «Զիգզագ» ՍՊԸ-ի տնօրեն Արա Մկրտչյանը նախարարության տրամադրած ցանկում «Զիգզագ» ՍՊԸ-ի ընդգրկվելը մեկնաբանել է որպես սխալ տեղեկությունների ուղղման արդյունք, ապա նպատակահարմար ենք գտնում «Առավոտ» օրաթերթին տեղեկացնել հետեւյալի մասին. 2000թ. առաջին տասը ամիսներին «Զիգզագ» ՍՊԸ-ն ՀՀ տարածքում իրականացրած գործունեության արդյունքներով պետբյուջե է վճարել 7,7 մլն դրամ։ Չնայած գործադրած ապարդյուն ջանքերին, նախարարության կատարած աշխատանքի արդյունքում այդ կազմակերպությունը նոյեմբերին վճարել է 30,1 մլն դրամ, որի կապակցությամբ էլ ընդգրկվել է նախարարության հրապարակած ցանկում։ Եվ սա այն դեպքում, երբ բացարձակապես նույն ապրանքների վաճառքով զբաղվող մեկ այլ կազմակերպություն շուրջ 450 մլն դրամի չափով պակաս ապրանքների ներմուծման պայմաններում ՀՀ տարածքում իրականացրած գործունեության արդյունքներով վճարել է 8 անգամ ավելի հարկ, քան «Զիգզագ» ՍՊԸ-ն։ Տեղեկացնում ենք նաեւ, որ պետական եկամուտների նախարարը հետեւողական է լինելու, որպեսզի բոլոր կազմակերպությունները, բնականաբար՝ նաեւ «Զիգզագ» ՍՊԸ-ն շարունակեն աշխատել հարկային դաշտում եւ վճարեն օրենքով սահմանված բոլոր հարկերը։ ՀՀ պետական եկամուտների նախարարության լրատվական ծառայություն «Զիգզագ» ընկերության տնօրեն Արա Մկրտչյանը ի պատասխան ՀՀ պետեկամուտների նախարարության հաղորդագրության՝ նախընտրեց լռել։ Մեր կողմից հիշեցնենք, որ ժամանակին ՀՀ պետեկամուտների պաշտոնական թվերի առնչությամբ «Զիգզագը» պարզաբանում ներկայացրել էր, համաձայն որի, «Զիգզագի» ֆիսկալ հասույթը 2000թ. 9 ամիսներին եղել է 1 մլրդ 322 մլն, որից պետությանը վճարել է 550 մլն 200 հազար դրամ հարկ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել