Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 23,2000 00:00

Երկրաշարժերի մեխանիզմը եւ բնույթը ՀՀ Կառավարությանն առընթեր Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը շարունակում է «Առավոտ» օրաթերթի ընթերցողներին ծանոթացնել երկրաշարժերին եւ դրանց առաջացման պատճառներին: Նախորդ հրապարակումներում մենք արդեն նշել էինք, թե որտեղ են տեղի ունենում երկրաշարժերն ընդհանրապես եւ Հայաստանում մասնավորապես: Եվ որպեսզի կարողանանք լուծել այսօր գիտության առաջ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկը, որը հնարավորություն կտա պաշտպանել հազարավոր մարդկանց կյանքեր, խուսափել տասնյակ միլիարդներ գնահատվող նյութական վնասներից, անհրաժեշտ է ճիշտ գնահատել հնարավոր հաջորդ երկրաշարժի վտանգը եւ դրա հնարավոր հետեւանքները: Հարկավոր է նախ պարզել, թե երկրի ընդերքում տեղի ունեցող հատկապես որ պրոցեսներն են հանգեցնում երկրաշարժերի առաջացման, պետք է կարողանալ տարբերել երկրաշարժերը իրարից: Բանն այն է, որ նույնիսկ նույն ընտանիքի երկրաշարժերը իրար նման չեն, եւ որպեսզի կարողանանք դրանք տարբերել իրարից, համեմատել իրար հետ, հարկավոր էր գտնել այնպիսի մեծություններ, որ համեմատելի դարձնեն երկրաշարժերը: Հենց այդպիսի մեծության կամ պարամետրի փնտրտունքի ճանապարհին Չարլզ Ռիխտերը կանգ առավ աստղագիտական մագնիտուդ բառի վրա: 1935թ. Ռիխտերի եւ Գուտենբերգի կողմից առաջարկվեց երկրաշարժերը դասակարգել ըստ մագնիտուդային սանդղակի: Այդ սանդղակը հետագայում ստացավ Ռիխտերի սանդղակ անվանումը եւ մինչեւ հիմա էլ այն հայտնի է որպես այդպիսին: Երեւի թե իր ստեղծման օրից ի վեր այդ սանդղակին վիճարկված էր լինել լավ ճանաչված, բայց շատ վատ հասկացված, որովհետեւ 1935թվ.-ից մինչ օրս մամուլում եւ ռադիոհեռուստատեսային հաղորդումների ժամանակ շատ հաճախ տրվում է Ռիխտերի սանդղակի սխալ մեկնաբանություն: Ռիխտերը ինքը շատ հաճախ պատմում էր, որ մարդիկ նրան առաջարկում էին ծախել կամ ասել, թե որտեղ կարելի է ձեռք բերել այդ սանդղակը, կարծելով թե դա մի սարք է, որն առնվազն արժե ունենալ տանը: Իրականում մագնիտուդային սանդղակը մաթեմատիկական սանդղակ է, որում մագնիտուդը երկրաշարժի մեծության լոգարիթմական արտահայտությունն է: Դա արտահայտվում է երկրաշարժի օջախում անջատված էներգիայի այն քանակով, որը սեյսմիկ կամ մեխանիկական ալիքների միջոցով հասնում է երկրի մակերեւույթ եւ գրանցվում սեյսմոգրաֆների միջոցով (իմիջիայլոց առաջին սեյսմոգրաֆը ստեղծվել է 1890թ.): Որպես սանդղակի զրոյական ինտենսիվություն ընդունվում է այն երկրաշարժի մագնիտուդը, որը 100 կմ հեռավորության վրա սեյսմոգրաֆի վրա առաջացնում է 1 միկրոյին հավասար առավելագույն ամպլիտուդ: Նշենք, որ Ռիխտերի սանդղակը չունի ոչ վերին եւ ոչ էլ ստորին սահման: Ռիխտերի սանդղակի վերին սահմանը որոշում է բնությունը, մինչեւ այսօր տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժի մագնիտուդը եղել է 9,5, իսկ ամենաթույլ ցնցման մագնիտուդը հավասար է 3-ի: Ռիխտերի սանդղակը չունի նաեւ ստորին սահման: Մագնիտուդային սանդղակն իրականում համեմատում են սեյսմոգրամների վրա ամպլիտուդաների մեծության հետ, բայց ոչ երբեք ցնցման ուժգնությանը, որովհետեւ նույն մագնիտուդի երկրաշարժը, այդ երկրաշարժի ինտենսիվությունը պայմանավորված է այն բանով, թե ինչ խորության վրա է գտնվում երկրաշարժի օջախը, երկրի մակերեւույթին ազդեցության աստիճանը կարող է շատ տարբեր լինել: Այսօր հայտնի ամենամեծ խորությունը 700 կմ է: Երկրաշարժի օջախը երկրի ընդերքում կարելի է պատկերացնել որպես կետ եւ դա ընդունված է անվանել հիպոկենտրոն: Դա այն կետն է, որտեղից սկսվում է խզվածքի առաջացումը, իսկ հետո տարածվում է որոշակի մարզի կամ գոտու սահմաններում, որը կոչվում է օջախային մարզ կամ օջախային գոտի: Էպիկենտրոնը դա հիպոկենտրոնի ուղղաձիգ պրոյեկցիան է երկրի մակերեւույթի վրա: Երկրաշարժերը տարբերվում են ըստ մեծության կամ պարամետրի: Դրանք նույնպես բաժանվում են երեք խմբի՝ մակերեւույթային երկրաշարժեր, երբ օջախը գտնվում է մինչեւ 70 կմ խորության վրա, միջին խորության երկրաշարժեր՝ 70-300 կմ խորության վրա եւ խորը երկրաշարժեր՝ 300 կմ ավելի խորության վրա: Երկրաշարժերը բաժանվում են նաեւ ըստ էպիկենտրոնային հեռավորությունների: Դրանք լինում են. տեղական երկրաշարժեր, երբ էպիկենտրոնից հեռավորությունը կազմում է մինչեւ 200 կմ, մոտ երկրաշարժեր, երբ հեռավորությունը 200-1000 կմ է, հեռավոր երկրաշարժեր, երբ էպիկենտրոնից հեռավորությունը 1000 կմ-ից ավելի է: Ինտենսիվությունը դա մի մեծություն է, որը բնութագրում է երկրաշարժի տատանումների ազդեցության աստիճանը երկրի մակերեւույթի եւ նրա վրա գտնվող օբյեկտների վրա: Ինտենսիվությունը որոշվում է ինտենսիվության սանդղակով, որի չափման միավորն է բալը, եւ այն որոշվում է կառույցների վնասվածության չափով, երկրի մակերեւույթի վրա առաջացած փոփոխություններով, մարդկանց եւ կենդանիների վարքագծով, շարժման չափված պարամետրերի, տեղաշարժերի արագությունների, արագացումների մեծությամբ եւ այլ գործոններով: Տարբեր երկրներում օգտագործում են ինտենսիվության տարբեր սանդղակներ: Այսօր ամենահայտնի սանդղակներից են Ռոսիֆորելի 10 բալանոց սանդղակը, որը ստեղծվել է 1883թ.: 1917թ. ստեղծված Մերկալի, Կանկանի, Զիբերգի 12 բալանոց սանդղակն է, որն այժմ կոչվում է MM սանդղակ, եւ մեծ տարածում է գտել Միացյալ Նահանգներում եւ այլ երկրներում: Հայտնի է նաեւ 7 բալանոց ճապոնական սանդղակը, որը ստեղծվել 1952թ.: Գոյություն ունի նաեւ չինական սանդղակ եւ MSK – 64 սանդղակ (64-ը նշանակում է որ այն ստեղծվել 1964թ., իսկ MSK դա Մեդվեդեւ, Շպոնհոյեր եւ Կառնիկ ազգանունների սկզբնատառերից է վերցված): Նախկին Խորհրդային Միությունում, ինչպես նաեւ եվրոպական շատ երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում, օգտագործվում է MSK-64 սանդղակը: ՀՀ ՍՊԱԾ-ի կողմից կատարվող բոլոր հաղորդագրություններում օգտագործվում է եւ ինտենսիվության, եւ մագնիտուդի սանդղակներով ստացված մեծությունները: Այդ սանդղակները տալիս է նույն երկրաշարժի նկարագրության տարբեր կողմերը: Ինտենսիվության սանդղակը տալիս է որակական բնույթի գնահատական, այսինքն՝ այդ սանդղակը նկարագրում է երկրաշարժի ցնցման հետեւանքները տարբեր տեղերում: Ընդ որում նույն երկրաշարժը դիտարկման տարբեր կետերում տարբեր ինտենսիվություն կարող է ունենալ, քանի որ այն տարբեր տեղերում պայմանավորված է մի շարք գործոններով, ինչպիսիք են էպիկենտրոնային հեռավորությունը, գրունտային պայմանները, շենքերի սեյսմակայունությունը եւ այլն: Իսկ մագնիտուդան անկախ դիտարկման կետերից նույնը պետք է լինի, քանի որ մագնիտուդային սանդղակները, ինչպես ասենք Ռիխտերի սանդղակը կամ մոմենտ մագնիտուդի սանդղակը չափում է երկրաշարժի մեծությունը օջախում եւ կախված չէ այն բանից, թե որտեղ է կատարվում մագնիտուդի չափումը: Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկրաշարժերը, հատկապես ուժեղ երկրաշարժերը, հազվադեպ են լինում միաակտ: Ուժեղ երկրաշարժերը, որպես կանոն, ուղեկցվում են հետցնցումներով, որոնք հայտնի են ավտերշոկ անվամբ, բայց ավտերշոկ կոչվող ցնցումները կարող են շարունակվել ամիսներով եւ երբեմն էլ տարիներով՝ լարվածության մեջ պահել երկրաշարժի գոտու բնակիչներին, խանգարելով փրկարարական եւ վերականգնողական աշխատանքներին: Երբեմն էլ առանձին ավտերշոկեր իրենց ուժգնութամբ մոտենում են հիմնական ցնցմանը: 1999թ. Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին հաջորդած ավտերշոկերը կամ հետցնցումները դրա վառ ապացույցն են: Մեծ մասամբ ուժեղ ցնցումներին ոչ միայն հաջորդում, այլ նաեւ նախորդում են ցնցումներ: Այդ ցնցումները կոչվում են նախացնցումներ կամ ֆորշոկեր, բայց ոչ միշտ է, որ թույլ ցնցումներին հաջորդում են ուժեղ ցնցումներ: Հայտնի են դեպքեր, երբ թույլ կամ ուժեղ երկրաշարժերի սերիաներ են տեղի ունենում, որոնք կարող են տեւել ամիսներ, բայց առանց հիմնական ցնցման, որը իր մագնիտուդայով նշանակալիորեն տարբերվի մյուսներից: Երկրաշարժերի այդպիսի խումբը կոչվում է երկրաշարժերի պարս, եւ որպես կանոն նախացնցումների եւ հետցնցումների օջախները գտնվում են հիմնական օջախի շրջակայքում: Ինչպես արդեն նշել էինք երկրաշարժի առաջացման պատճառը երկրի ընդերքում կուտակված լարվածություններն են, որոնց առաջացման պատճառ կարող է հանդիսանալ ջերմաստիճանի փոփոխությունը: Ջերմաստիճանի բարձրացմանը կամ իջեցմանը զուգընթաց տեղի է ունենում ապարների ջերմային ընդարձակում եւ սեղմում, եւ այդ երեւույթն ունակ է մեծ լարվածություններ առաջացնելու: Լարվածության մեկ այլ աղբյուր կարող է հանդիսանալ էռոզիան, որով պայմանավորված է համապատասխանաբար մակերեւույթի ծանրաբեռնվածության քչացումը եւ շատացումը: Նմանատիպ ազդեցություն է թողնում նաեւ սառցապատումը կամ այդ շերտի վերացումը: Սալերը իրենց շարժման ընթացքի ժամանակ պետք է դեֆորմացվեն եւ ձեւափոխվեն: Այդպիսի դեֆորմացիաները երկրակեղեւում մեմբրանային լարվածություն են առաջացնում: Լարվածության կարեւոր աղբյուրներից մեկն էլ հանդիսանում է սալերի փոխազդեցությունը, հատկապես ցամաքների բախումը: Դրանց բախման գոտիներում հաճախ տեղի են ունենում մերձմակերեւույթային սառը ապարների դեֆորմացիաներ: Իսկ իրական լարվածային իրավիճակը առաջանում է վերոհիշյալ բոլոր, ինչպես նաեւ այլ գործոնների միաժամանակյա ազդեցություններից: Այս ուսումնասիրությունը կատարվել է Եվրասիա հիմնադրամի հովանավորչությամբ եւ ԱՄՆ-ի զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել