Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 23,2000 00:00

Հավատքի նորոգման տարուն ընդառաջ 2001-ի նախօրեին Ամենայն Հայոց կաթողիկոսը լրագրողներին ընդունել էր՝ պատմելու եւ նկարագրելու հայոց համար «վերապրումի եւ հավատքի նորոգման տարի հանդիսացող» 2001թվ.-ին՝ քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հանդիսավոր արարողությունների եկեղեցական մասը։ Վեհափառ տերը հատկապես կարեւորում էր այդ նշանավոր իրադարձության տոնակատարությունների սկիզբը՝ 2000թ. դեկտեմբերի 31-ը. «թեեւ վաղուց արդեն միջոցառումները սկսված են, բայց պիտի կարողանանք 2001 թիվ մտնել քրիստոնեական հավատքի վերարժեվորմամբ»։ Փաստելով ցավալի իրողությունը, որ վերջին 70-80 տարիների ընթացքում հայերս հեռացել ենք մեր եկեղեցական, կրոնական սովորույթներից, մեր կենցաղից դուրս է մղվել կրոնն ու հոգեւորը, Վեհափառը հույս հայտնեց, որ այս դարակազմիկ իրողությունը, ինչպիսին Գրիգոր Լուսավորչի եւ Տրդատ թագավորի շնորհիվ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելն է, ի զորու կլինի մեզ վերադարձնել մեր հոգեւոր ակունքներին։ Մանրամասն նկարագրվեց դեկտեմբերի 31-ի երեկոյան ժ.18-ից մինչեւ հունվարի 1-ի առավոտյան ժ.1-ը ձգվող միջոցառումների շարքը, որը սկսվելու է Խոր Վիրապից Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից Սուրբ Գրիգոր Լուսավորչի կանթեղը դուրս բերելով, այն Էջմիածին՝ Մայր տաճար հասցնելով, ապա ՀՀ նախագահին կանթեղը փոխանցելով, սուրբ Լուսավառությամբ, համընդհանուր Մոմավառությամբ եւ կավարտվի Երեւանի Հանրապետության հրապարակում, որտեղ նույնպես կանթեղով կլուսավորվի պետությունը խորհրդանշող կերոնը։ Ընդհանուր առմամբ, 2001թ. եկեղեցական հանդիսությունները բաժանվում են առաջին եւ երկրորդ մակարդակի։ Ամանորյա գիշերը տեղի ունենալիք վերոնշյալ միջոցառումը առաջին մակարդակի հանդիսություններից է։ Դրանք 9-ն են։ Երկրորդը՝ ապրիլի 24-ին՝ երկրի նախագահի եւ կաթողիկոսի ուխտագնացությունն է Դեր Զոր։ Երրորդը սուրբ Էջմիածնի տոնն է՝ հունիսի 17-ին։ Չորրորդը՝ հուլիսի 10-20-ը, երիտասարդական ուխտագնացությունը Հայաստանի տարբեր սրբավայրեր։ Հինգերորդը՝ սեպտեմբերի 21-ին Էջմիածնում կայանալիք էկումենիկ արարողությունն է։ Վեցերորդը՝ սեպտեմբերի 22-ին սբ. մյուռոնի օրհնությունը, յոթերորդը՝ սեպտեմբերի 23-ին Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու օծումը, ութերորդը՝ սեպտեմբերի 30-ին, եպիսկոպոսական ձեռնադրությունը։ Եվ վերջապես, նոյեմբերի 4-ին (ի դեպ, 1999թ. նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդի թագադրության օրն է) 1700-ամյա հոբելյանական տոնակատարությունների հանդիսավոր փակումը կկայանա։ 2-րդ մակարդակի միջոցառումների թիվը 200-ից կանցնի՝ ցուցահանդեսներ, եպիսկոպոսաց հավաք, հրատարակություններ, այցելություններ շուրջ 40 մեծ ու փոքր թեմեր, 48 վանքերի շրջակայքում ծառատունկ եւ այլն։ Այսօր առավելագույն թվով դպիրներ՝ շուրջ 250 հոգի, պատրաստվում են դառնալ կուսակրոն կամ ամուսնացյալ հոգեւորականներ։ Սա Վեհափառը համարում էր մեծ առաջընթաց։ Եվ ընդհանրապես, ըստ նրա, մեր ժողովրդի մեջ, սկսած ամենափոքրիկներից, ամրապնդելով Առաքելական եկեղեցու հավատքը, նրան զինելով իր Մայր եկեղեցու շնչով, եկեղեցին կկարողանա պայքարել աղանդների դեմ, չնայած. «Մեր աստվածահաճո եւ եկեղեցահաճո գործողությունը պետք է լինի ոչ թե ընդդեմ, այլ վասն (հանուն)։ Եթե մեր զավակունք դաստիարակվեն որպես հայ քրիստոնյա, ոչ մի աղանդ չի կարող նրանց շեղել»։ Ի դեպ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն դիմել է նախագահին՝ նամակով, որում առաջարկ կա համաներում կատարել։ Մի միջնորդություն էլ պատրաստվում է ուղարկել ԱԺ՝ ապրիլի 7-ը տոնացույցից չհանելու նկատառումով։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ Հ. Գ. Խոսելով տոնակատարությունների ընթացքում Հայաստան մուտք գործելիք ֆինանսական միջոցների եւ քրիստոնեության 1700-ամյակը պետբյուջեն լցնելու առիթ դարձնելու ցանկության մասին, Վեհափառն ասաց, որ բյուջե մտնելիք փողերը հաշվելը դատապարտելի չէ եւ դա պետության գործն է, եթե միայն շեշտադրումը չփոխվի եւ հիմնականը մնա հոգեւոր արժեքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել