Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 23,2000 00:00

ՆՈՐՄԱԼԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ՄԵԿ ՔԱՅԼ Է Կառավարության նիստերին, որպես ԱԺ-ի ներկայացուցիչ, մասնակցում է ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը։ Պարոն Թորոսյանին, որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, խնդրեցինք կառավարության աշխատանքի իր կարճ գնահատականի՝ «բավարար»-ի փակագծերը մի քիչ բացել եւ ավելի հստակեցնել, թե հատկապես որ ոլորտներում է Անդրանիկ Մարգարյանի կառավարության աշխատանքը գնահատվում բավարար եւ որոնցում է կառավարությունը «երկու» ստանում։ ԱԺ փոխխոսնակն ասաց, որ այս կառավարությունը տարբերվեց նախորդներից նրանով, որ ԱԺ ներկայացրեց գործունեության ծրագիր։ Ըստ պրն Թորոսյանի, ծրագրում 2 կարեւոր հիմնախնդիր էր ներկայացված՝ տնտեսական բարեփոխումների տեղափոխումը իրական հատված եւ երկրորդը՝ կառավարման պետական համակարգի բարեփոխումը, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի։ Կառավարության ներկայացրած միջոցառումների ծրագրի իրականացման չափով էլ պրն Թորոսյանը կառավարության գործունեությունը գնահատեց բավարար. «Ժամանակը բավականին կարճ է, մոտ վեց ամիս եւ հիմնական գործունեությունը եւ գնահատականը առջեւում են։ 2001թ. բյուջեի նախագիծը որոշ գնահատականի հիմք տալիս է, ցավոք, մի քանի հարցեր կային, որոնք չարտահայտվեցին բյուջեում, մասնավորապես կվազիֆիսկալ ոլորտի առողջացման մեխանիզմներ այս բյուջեի նախագծում եւս չկան»։ Պրն Թորոսյանն ասաց, որ դժվար է պատկերացնել առողջ տնտեսություն անառողջ ֆինանսական հոսքերի պարագայում եւ անառողջ էներգետիկ համակարգի պայմաններում։ Շեղվելով կառավարության զուտ տնտեսական գնահատականից, փորձենք ճշտել, թե ինչպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրում կառավարությունում ըստ Տիգրան Թորոսյանի. «Եթե համեմատենք նախորդ կառավարության հետ, կարծում եմ, էապես բարելավվել է, որովհետեւ նախկինում 6-7 ամսվա ընթացքում կառավարությունը մի քաղաքական մարմնի էր վերածվել եւ հնարավոր չէր վարչապետ Արամ Սարգսյանի համար լիարժեք զբաղվել հենց տնտեսական հարցերով եւ դրա արդյունքում էլ, ըստ էության, պաշտոնաթողությունը տեղի ունեցավ։ Այժմ այդ առումով կառավարությունը որեւէ խնդիր չունի։ Այլ բան է, որ կառավարության աշխատանքի արդյունավետության մեծացման հիմնախնդիր գոյություն ունի, որի ուղղությամբ որոշակի քայլեր արվում են եւ կառավարության կազմում փոփոխություններն էլ հենց այդ նպատակը պետք է հետապնդեն»։ Ինչպե՞ս է վերաբերվում ԱԺ փոխխոսնակն այն կասկածներին, որ Անդրանիկ Մարգարյանը պաշտոնանկ կարվի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումից հետո. «Ես չեմ կարծում, որ նախագահի եւ վարչապետի հարաբերությունները այդ հարթությունում են եւ ընդհանրապես որեւէ երկրի համար աղետալի կլինի, եթե նման ձեւով որոշվի, թե ո՞վ է երկրի վարչապետը, ի՞նչ կառավարություն է, ովքե՞ր են նախարարները։ Մասնավորեցումը պետք է լինի հետեւանք կառավարության կազմի, քաղաքական ուժերի դասավորության եւ ոչ թե հակառակը»։ Ըստ ՀՀԿ խորհրդի փոխնախագահի, ի՞նչ հարաբերությունների մեջ են ՀՀԿ-ն եւ ՀԺԿ-ն այս պահին. «Հարաբերություննե՞րը… հայտարարվեց, որ «Միասնությունը» պետք է պահպանել, եղավ որոշում։ Բնականաբար, ուղղակի որպես ցանկություն, իհարկե, պետք է պահպանել։ Եվ ընդհանրապես, բոլոր քաղաքական կառույցները պետք է պահպանել եւ զարգացնել։ Սակայն պետք է որոշումները եւ հայտարարությունները բարի ցանկություն չմնան։ Անհրաժեշտ են լուրջ գաղափարական եւ սկզբունքային ընդհանրություններ, հստակեցումներ։ Դեռեւս ժամանակ է հարկավոր, որ այդ հստակեցումները «Միասնության» ներսում արվեն»։ Ի՞նչ հարաբերությունների մեջ են ՀՀԿ խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ ՀՀԿ խորհրդի փոխնախագահ, ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը աշնանային հայտնի դեպքերից հետո. «Նորմալ»։ Նորմալ՝ լա՞վ, թե՞ նորմալ վատ. «Նորմալ լավ»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել