Դարավերջի վերջին հարցումը Տարվա լուսավոր կետը դպրոցի սանհանգույցները վերանորոգելն էր Դպրոցների տնօրենների շրջանում կատարված մեր հերթական հեռախոսային հարցման նպատակն էր պարզել, թե ինչպիսի՞ն էր 2000 թվականը դպրոցների համար։ Թիվ 189 դպրոցի տնօրեն Սերգեյ Պետրոսյանը ընդհանուր առմամբ գոհ էր. «Վատ տարի չէր, հաջող էր։ Շենքը հոյակապ վիճակում է։ Միայն շատ վատ է, որ դեռեւս ջեռուցում չունենք (դպրոցը Դավիթաշեն թաղամասում է գտնվում- Մ. Բ.)։ Դասերն արդեն ավարտվում են, բայց ջեռուցում չկա, գոնե շուտ տան, շենքը չվնասվի։ Իհարկե վատ է, որ այս տարի էլ չլուծվեց ուսուցիչների աշխատավարձերի հիմնախնդիրը՝ աշխատավարձը շատ ցածր է, մարդիկ չեն հասցնում։ Ուշացնում են։ Հիմա, տարեվերջին բոլոր պարտքերը փակեցին։ Ըստ երեւույթին, այս երկու օրվա ընթացքում դեկտեմբերի ավանսն էլ կտան։ Շատ վատ է, որ «Կրթության մասին» օրենքով տնօրենների աշխատավարձը չբարձրացրին։ Հույս ունենանք, որ նոր դարում մեզ՝ կրթական համակարգի աշխատողներիս, ըստ արժանվույն կգնահատեն»։ Իհարկե, հույս ունենալը լավ բան է, սակայն 2001թ. բյուջեով ոչ մի լավ բան ուսուցիչների աշխատավարձերի առումով չի սպասվում։ Թիվ 125 դպրոցի տնօրեն Յուրա Հարությունյանը որեւէ ձեւով չառանձնացրեց այս տարին մյուսներից. «Ամեն ինչ նորմալ էր, առանձին շեշտադրում չեմ կարող կատարել, սովորական տարի էր»։ Փոխարենը թիվ 8 դպրոցի տնօրեն Մարիետա Մատխաշյանը գոհունակությամբ է ճանապարհում անցնող տարին. «Ունեցանք նկատելի ձեռքբերումներ։ Ամենակարեւորը՝ իրականացավ մեր վաղեմի երազանքը. վերակառուցեցինք հանդեսների դահլիճը։ Կրթության օջախը նաեւ մշակույթի օջախ պետք է լինի։ Քաղաքապետարանը հատկացրեց 5 մլն դրամ, որով հիմնովին նորոգեցինք դպրոցի սանհանգույցները, ինչի կարիքը վաղուց կար եւ ինչը շատ կարեւոր էր դպրոցի նորմալ գործունեության համար։ Բազմաթիվ գեղեցիկ միջոցառումներ կազմակերպեցինք։ Չէ, լավ տարի էր։ Հիմա էլ դպրոցում շատ տաք է՝ 20-22 աստիճան է, դռները միշտ բաց են աշակերտների առջեւ»։ Չնայած չարագուշակ համարին՝ թիվ 13 դպրոցն էլ դժգոհելու տեղ չունի։ Ինչպես ասաց հույսը Աստծո ու թագավորի վրա դրած տնօրեն Հայրապետյանը. «Չեմ կարող ասել, որ փայլուն տարի էր, բայց ամեն դեպքում շատ անտանելի չէր։ Մեզ մնում է հավատով աղոթել, որ բոլոր չար բաները մնան հին տարում, եւ նոր դար մտնենք միայն լավով։ Աղոթենք, որ Աստված իր լույսն իջեցնի մեր ժողովրդի վրա ու երկրի թագավորը իր ժողովրդին ավելի լավ տիրություն անի։ Մինչեւ ժողովրդի վիճակը չլավանա, մենք էլ չենք կարող լավ լինել։ Միակ լուսավոր կետը մեզ համար նա էր, որ լոտոյով գումար շահեցինք ու սանհանգույցները վերանորոգեցինք»։ Նախորդ տարի սարսափելի հրդեհից տուժած թիվ 136 դպրոցի տնօրեն Գրետա Թունյանը շնորհակալ էր 2000թ.-ից. «Մեր դպրոցի համար 2000թ. զարթոնքի ու վերածննդի տարի էր։ Այդ ահավոր հրդեհից հետո հիմա վերակառուցվում է մեր շենքը, շինարարական հիմնական աշխատանքներն ավարտվել են, մոտ 70%-ը կատարված է, մնում է կոսմետիկ աշխատանքներն ավարտենք եւ շուտով, մի քանի ամսից, կվերադառնանք մեր հարազատ ու նորոգված օջախը, ավելի ոգեւորությամբ կաշխատենք»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ