Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 23,2000 00:00

ԳՈՐԾԸ ԴԵՌ ՉԻ ՄՏԵԼ ԴԱՏԱՐԱՆ Այս տարվա հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը իր բնակարանում գտնվեց դանակի մի քանի հարվածներից մահացած ՊՆ հաշվողական կենտրոնի ծրագրավորման բաժնի պետ, մայոր Արսեն Հենրիկի Մանուկյանի անշնչացած դիակը։ Ի՞նչ ընթացքում է այս գործը, եւ ի՞նչ հայտնի դարձավ մեզ։ Բնակարանը, ուր կատարվել էր դեպքը՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածի ուսանողական հանրակացարանի 3-րդ մասնաճյուղում էր գտնվում, շենք, որտեղ ելումուտ անելը նկատելի կլիներ, որովհետեւ այն մշտապես հսկվում էր պահակի կողմից։ Արսենի մարմինը ընկած էր խոհանոցում, գլխի տակ եղել է բարձ, «բարձին կից դրված ապակյա բաժակ՝ դատարկ վիճակում»։ Արսենի հայրը՝ Հենրիկ Մանուկյանը, տեղեկացրեց, որ դեպքից կես ժամ հետո ինքը եղել է թիվ 22 բնակարանում։ Նա ասաց, որ նախնական վարկածն էր ինքնասպանություն գործելը, ապա կասկածի տակ է դրվել նրա կինը՝ ՊՆ վերոնշյալ կենտրոնի աշխատակցուհին, ապա… շրջանառության մեջ դրվեց, որ նրան սպանել են։ Վարկածներ, որոնց իրականությանը մոտ լինելու պատասխանը կտա նախաքննությունն իրականացնող մարմինը՝ զինդատախազությունը։ Ի դեպ, տուժողի իրավահաջորդը նշեց, որ այդ գիշեր Արսենը մենակ չէր, տանն էր կինը, որը «ուժեղ թրմփոց» է լսել, շունը, որը զարմանալիորեն … լռել է։ Դեպքի վայրի զննությունը սկսվել է նույն օրը ժամը 4-ին, ավարտվել՝ 6։35-ին։ «Որովայնի շրջանում եղած թվով 3 ծակած-կտրած, խոռոչները թափանցող վնասվածքները՝ ներքին օրգանների վնասումով, Ա. Մանուկյանը չէր կարող պատճառել ինքն իրեն, իսկ ձախ արմնկահոդի մակերեսային վնասվածքը կարող էր հասցնել ինչպես Ա. Մանուկյանը, այնպես էլ որեւէ ուրիշ անձ» հետեւություններ է արել փորձագետներից Է. Եղիազարյանը, որոնց եզրակացությունն օրեր առաջ տրվեց տուժողի իրավահաջորդ հորը։ Տեղեկացնենք, որ քրեական գործը դեռ դատարան չի հասել։ Այս ժամանակամիջոցում Հ. Մանուկյանը դիմել է ՀՀ նախագահի, կառավարության աշխատակազմերին, ԱԺ-ին՝ պահանջելով վերահսկողություն իրականացնել գործի ընթացքի վրա։ Արսենը 36 տարեկան էր, 1992-ից աշխատում էր ՊՆ համակարգում, մասնակցել էր Շուռնուխի ինքնապաշտպանական մարտերին։ Այնուհանդերձ, հարցերի հարցը մնում է այն, որ եթե շենք որեւէ անծանոթ անձնավորություն մուտք չի գործել, ապա շրջանակն, ըստ էության, նեղանում է (գուցե շենքի որեւէ բնակչի կողմի՞ց է իրականացվել այս ոճիրը…)։ Հայրը խմբագրությանը հանձնեց ՊՆ նախարար Ս. Սարգսյանին ուղղված մի զեկուցագիր (որի հաջորդ երեսը չկար), որով աշխատավարձ էին փոխանցել Արսենի կնոջը։ Ըստ այդ զեկուցագրի, որը գրվել է Արսենի կողմից, խոսք է գնում ՊՆ հաշվողական կենտրոնի եւ կապի վարչության գործունեության մասին, այն մասին, որ հաշվողական կենտրոնը կապի վարչության ենթակայությանը հանձնելը նպատակահարմար չէ։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել