Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 23,2000 00:00

Արդյունաբերությունը զարգացման միտումներ է գրանցում Երեկ կայացավ ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը, չնայած ինքը՝ նախարարը, ցանկություն ուներ ասուլիսին «հայեցակարգային» բնույթ տալ. «Ճիշտ կլինի տարվա արդյունքները քննարկել միայն վիճակագրական ծառայությունների կողմից ամփոփվելուց հետո»։ Իսկ մինչ այդ, նախարարը հարկ համարեց «հեծանիվ հայտնագործել». «Արդյունաբերության զարգացման միտումները չի կարելի առանձնացնել տնտեսական զարգացման միտումներից։ Արդյունաբերությունը արդյունք ստեղծող տնտեսական գործունեություն է»։ Վերջին տարիների փորձը պրն նախարարին հուշում է, որ Հայաստանում հեռանկար ու գերակայություն ունեն արդյունաբերության այն ճյուղերը, որոնք «տրանսպորտային փոխադրումների տեսակետից ավելի դյուրին են ու էժան, մարդկային աշխատանք ու գիտական ներուժ, փորձ եւ ազգային ավանդույթներ են պահանջում, ինչպես նաեւ՝ համաշխարհային տնտեսության մեջ առաջնակարգ տեղ են զբաղեցնում»։ Որպես այդպիսիք նա տեսնում էր ադամանդագործությունը, ոսկերչությունը, բարձր տեխնոլոգիաները եւ այլն։ Թեթեւ ու սննդի արդյունաբերությունների մասին նա չխոսեց էլ՝ ըստ երեւույթին, համարելով, որ վերջիններս առավել քան կայացած են։ Ի դեպ, երեկ կառավարությունում տեղի է ունեցել ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացմանն ու արդյունաբերությանը նվիրված լայնածավալ կլոր սեղան։ Հուսալի են համարվում մեքենաշինական եւ էլեկտրատեխնիկական արդյունաբերությունները, որտեղ, ըստ նախարարի, բավականին ներուժ է կուտակվել։ 2001-ին այս ճյուղերն ավելի մեծ զարգացում կունենան, հատկապես ՌԴ աջակցության, պատվերների կատարման շնորհիվ։ Կարեն Ճշմարիտյանն ասաց նաեւ, որ իր ղեկավարած նախարարության աշխատանքներն ուղղված են հիմնականում ընդհանուր գործունեության ոլորտի օրենսդրական դաշտի բարելավմանը։ Օրենսդրական դաշտում՝ որպես արդյունաբերությանը վերաբերվող ձեռքբերում, նշվեց ԱԺ-ի ընդունած եւ նախագահի հաստատմանը սպասող փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման սկզբունքների վերաբերյալ օրենքը, մրցակցության պաշտպանության մասին օրենքը։ Ձեռքբերումներից էր նաեւ առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության գործընթացի ավարտը։ Պրն նախարարը հույս հայտնեց, որ եկող տարվա առաջին եռամսյակում անդամակցությունը այդ կազմակերպությանը կիրականանա։ Շուտով ստեղծվելու է նաեւ գործարարության եւ ներդրումների աջակցության պետական բարձրագույն խորհուրդ։ Նախագիծը ներկայացված է ՀՀ նախագահին։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում կընդունվի կառավարության որոշում, որի համաձայն, ինֆորմացիոն տեխնոլոգիաները կհամարվի հանրապետության գերակա ուղղություններից մեկը։ Այս ոլորտը զարգացնելու համար կբարելավվի նաեւ օրենսդրական դաշտը։ Ընդհանուր առմամբ, նախարարն, ամփոփելով տարին, նշեց. «Արդյունաբերության զարգացումը կապված է ՀՀ տնտեսական քաղաքականության հետ։ Առաջին ուղղությունը մասնավոր հատվածի զարգացումն է, տնտեսության 70-80%-ից ավելին (համախառն արդյունքի) տրվում է մասնավոր հատվածի կողմից։ Երկրորդը սեփականաշնորհման գործընթացի զարգացումն է։ Այս տարվա ընթացքում ունենք շատ հաջող սեփականաշնորհման օրինակներ։ Կառավարություն է ներկայացված գիտահետազոտական ինստիտուտների օպտիմիզացիայի վերաբերյալ ծրագիր։ 2001-2003թթ. կսեփականաշնորհվեն համարյա բոլոր պետական մասնաբաժին ունեցող ընկերությունները։ 2001թ. գերակա ուղղություններից է նաեւ զբոսաշրջությունը, որը, ճիշտ քաղաքականության դեպքում, շատ արդյունավետ կլինի։ Կառավարությունն ընդունել է հայեցակարգ եւ ծրագիր՝ զբոսաշրջության մասին, մշակվել է նաեւ օրենք»։ Նա գնահատեց նաեւ զարգացման գործակալության դերը։ Քննարկվում են նաեւ ներդրումների մասին, ներքին շուկայի պաշտպանվածության մասին, դեմպինգի եւ արտադեմպինգային միջոցառումների մասին օրենքների նախագծերը, որոնք ընդունվելուց հետո կխթանեն արդյունաբերության զարգացմանը։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել