Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 23,2000 00:00

ԿՀԱՐԿՎԵ՞Ն ԱՐԴՅՈՔ ԱՎԱՆԴՆԵՐԸ Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկելու է հարկային օրենսդրության փոփոխություններին վերաբերող ՀՀ կառավարության ներկայացրած նախագիծը։ Այդ փաթեթում, թերեւս ամենից վիճահարույցը բանկերի ավանդներից եկամտահարկ հարկելու խնդրին էր վերաբերում։ Հիշեցնենք, որ փաթեթի հեղինակ, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Գագիկ Արզումանյանը պնդում էր, թե ավանդներից եկամտահարկ հարկելով վերականգնվում է հարկման բնագավառում խաթարված սկզբունքը։ Այն է՝ եթե եկամտի որեւէ տարր վճարողի մոտ դիտվում է որպես ծախս, ստացողի մոտ պետք է դիտվի որպես եկամուտ։ Իսկ ի պատասխան որոշ պատգամավորների դժգոհության, թե ավանդներից եկամտահարկ հարկելով խախտվում է բանկային գաղտնիքի մասին օրենքը՝ Գագիկ Արզումանյանը շեշտում էր. «Ես հանցագործ կլինեմ, եթե խախտեմ բանկային գաղտնիքը. դա բանկի ընդհանուր ավանդին է վերաբերում»։ Իհարկե, հանցագործ չէ, սակայն ֆինանսաբանկային համակարգի որոշ մասնագետներ, որոնք չցանկացան հրապարակել իրենց անունը, այն կարծիքն են, որ լինելով իր գործի պրոֆեսիոնալ, Գագիկ Արզումանյանը փորձարարություններ է կատարում՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, թե Հայաստանը ներկայումս պատրա՞ստ է գնալ այդ նորարարություններին, թե՞ ոչ։ Գագիկ Արզումանյանին առավել հեշտ է անցկացնել իր փորձարարությունները, քանի որ ո՛չ կառավարությունում (հատկապես՝ վարչապետից սկսած, որ հավանաբար չի էլ կարդացել ողջ փաթեթը), ո՛չ խորհրդարանում չկա մեկը, որը կարողանա բանավիճել Գագիկ Արզումանյանի հետ եւ նրա փաստարկների դիմաց հիմնավորված հակափաստարկներ բերել։ Քանի որ առիթ ունեցել ենք ծանոթացնելու բանկային համակարգը ներկայացնող պատգամավորների կարծիքների հետ, այս անգամ փորձեցինք ճշտել բանկերի պաշտոնական տեսակետները։ Բանկերի ասոցիացիայի նախագահ Արմեն Եղիազարյանը բացասական կարծիք արտահայտեց ավանդներից եկամտահարկ հարկելու նախաձեռնության մասին։ «Դա կպակասեցնի դեպոզիտների քանակը եւ դեպոզիտների արտահոսք կլինի։ Բանկերը ստիպված պետք է ավելացնեն տոկոսադրույքները, իսկ դա իր հերթին պրոբլեմ կբերի»,- հիմնավորեց պրն Եղիազարյանը։ «Գյուղփոխբանկի» նախագահ Ստեփան Գիշյանը եւս այն կարծիքին է, որ պետք է պահպանվի ներկայիս կարգը, քանի որ ոչ միայն կպակասի ավանդների քանակը, այլ այն կազդի նաեւ ներդրումային դաշտի վրա։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ Հ. Գ. Փորձեցինք ճշտել նաեւ «Կոնվերս բանկի» պաշտոնական տեսակետը։ Քանի որ բանկի նախագահ Սմբատ Նասիբյանը տեղում չէր, բանկի բացասական պաշտոնական պատասխանը ներկայացրեց գործերի կառավարիչ Ստեփան Ստեփանյանը։ Նա չցանկացավ հիմնավորել իր տեսակետը, թեպետ ոչ մամուլի համար որոշակի հիմնավորում տվեց։ Ստեփան Ստեփանյանը չցանկացավ նաեւ իր անունը տեսնել թերթի էջերում, իսկ երբ ասացինք, որ առանց իր անունը նշելու չենք կարող բանկի պաշտոնական տեսակետը ներկայացնել՝ պահանջեց ընդհանրապես իրենց բանկի անունից ոչինչ չգրել։ Ու, չնայած ես համաձայնեցի՝ Ստեփան Ստեփանյանը սպառնաց. «Ես քեզ բան եմ ասում, աղջիկ ջան, ես ձեր թերթը ուշադիր կարդում եմ, եթե վաղը անունս գրես…»։ Ի դեպ, սա միակ դեպքը չէ, երբ կնոջ հետ ծանոթության առաջին իսկ խոսակցության ժամանակ նման ձեւով են խոսում։ «Հայագրոբանկի» բաժնետերերի խորհրդի նախագահ, պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ ծանոթության ժամանակ ինչ-որ մեկի մասին խոսելիս՝ երեք մատի կոմբինացիա ցույց տվեց։ Իսկ, ի զարմանս իմ այն հարցի, թե՝ բոլորի՞ հետ եք այդպես խոսում, պրն Արսենյանն ասաց. «Ինչպե՞ս՝ այդպես պարզ ու անմիջակա՞ն»։ Այն ժամանակ կարծեցի, թե ներկա պատգամավորներին հատուկ պահվածք է դա ու ներողամտորեն վերաբերվեցի։ Երեկ պարզեցի, որ «այդ կարգը» նաեւ բանկային համակարգում է ընդունված։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել