Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 23,2000 00:00

Մենք ու Ամերիկան Հայաստանի Հանրապետությունում բավական վճռորոշ ձայն ունեցող միջազգային կազմակերպություններից մեկի աշխատակիցը (որը ցանկացավ անհայտ թողնել եւ իր, եւ իր կազմակերպության անունը) Հայաստանի 2001թ. բյուջեի նախագծին ծանոթանալով, այն անվանեց «դաժան»։ Իսկ Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը, բառերի միջեւ երկար ընտրություն անելով, բնորոշեց «վատ»։ Վիճակի էլ ավելի վատանալը այդ պաշտոնյան ինչ-որ չափով բացատրում էր նաեւ վերջերս ՀՀ ֆինանսների նախարարի փոփոխությամբ։ Խնդիրն, իհարկե, անձերը չէին, այլ այդ անձերի մասնագիտական հատկանիշները։ Բացի նրանից, որ Լեւոն Բարխուդարյանը եւ Վարդան Խաչատրյանը միջազգային կազմակերպությունների որոշ աշխատակիցների կողմից «տարբեր մասշտաբների մարդիկ են համարվում», Վարդան Խաչատրյանը նաեւ «բավական երկար ժամանակի կարիք է զգում, մինչեւ սովորի աշխատել եւ հարաբերվել միջազգային կառույցների հետ»։ ՀՀ-ի եւ այդ կառույցներից մի քանիսի հետ «որոշ հարաբերություններ կարող են դանդաղել, մինչեւ նոր նախարարը կուրսի մեջ մտնի»,- կանխատեսեց մեր զրուցակիցը։ Եթե սա միջազգային կառույցի աշխատաոճն է, ապա մերը՝ հայկականը հենց այն է, որ աշխատանքից մարդը հեռացվում է ճիշտ այն պահին, երբ արդեն «մտնում է գործի կուրսի մեջ»։ Այն բոլոր միջազգային կառույցների պատասխանատուները, որոնց գլխավոր գրասենյակներում մեզ բախտ վիճակվեց լինել Վաշինգթոնում (OPIC, IFC-International Financial Corporation, WB- World Bank, IMF- International Monetary Found, BISNIS- Bisiness Information Service for NIS) պնդում էին, որ Հայաստանը հաջող երկիր է, հարուստ պոտենցիալ ունի, սակայն «երկրի ղեկավարների մեջ պակասում է քաղաքական կամքը՝ ինչ-որ բան շտկելու։ Եթե ուզեն, կարող են աշխատել»։ Մենք՝ հայաստանցիներս, անընդհատ այս բաներն ասում ենք, բայց չենք էլ կասկածում, որ «դրսից» էլ է սա երեւում, դա քիչ է, դեռ այդ մասին խոսում էլ են։ Հայաստանին առնչվող դատողություններից ուշագրավ էին նաեւ Անդրկովկասյան տարածաշրջանում Իրանի ակտիվությանը վերաբերողները։ Պաշտոնական Վաշինգթոնը (հետեւաբար եւ ԱՄՆ-ի պետական կառույցները) բարձրաձայն չի հայտարարում, սակայն այլ երկրների հետ համատեղ որոշումներ ընդունելիս միջազգային կազմակերպություններում պարտադրում է իր ոչ ջերմ վերաբերմունքը Իրանի նկատմամբ։ Իսկ վերջինս արտահայտվում է, ասենք, Իրան-Հայաստան գազամուղի կառուցման՝ տարիների ձգձգումներով։ Այնպես որ, Հայաստանն ինչ-որ առումով համարձակություն է հանդես բերում՝ Իրանի հետ բարեկամական հարաբերությունների պատրաստակամությամբ։ Իսկ ընդհանրապես, մեզ թվում է, թե այնքան փոքրիկ երկիր ենք, որ մեզ երբեմն մոռանում են (եթե մեր տեղը գիտեն)։ Իսկ մեր տեղը ոչ միայն գիտեն, այն էլ՝ լավ (գոնե միջազգային կառույցները), այլեւ երբեք չեն մոռանում։ Մեկ-մեկ էլ մեզ հիշեցնում են, որ մեր տեղը հիշում են։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել